Նոր սկի՞զբ. Սարգսյանը կրկին փորձում է հաճոյանալ Թուրքիային` չնայած ներքին քննադատության արժանանալու վտանգինՀուլիսի 9-ին «WALL STREET JOURNAL»-ում «Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ երկխոսությանը» վերնագրով հրապարակած իր հոդվածում Սարգսյանն անդրադառնում է նորանկախ Հայաստանի հարաբերություններին (կամ դրանց բացակայությանը) իր արևմտյան հարևան Թուրքիայի հետ և նշում է. «Եկել է այս փակուղուց դուրս գալու նոր ջանքերի ժամանակը, փակուղի, որից ոչ ոք չի շահում, իսկ տուժում են շատերը: Որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, օգտվելով առիթից` առաջարկում եմ նոր սկիզբ, Թուրքիայի կառավարության և ժողովրդի հետ երկխոսության նոր փուլ՝ նպատակ ունենալով բարելավել հարաբերությունները և բացել մեր ընդհանուր սահմանը»: Հեղինակավոր ամերիկյան պարբերականում Սարգսյանի կարծիքը հրապարակվել է նրա հայտնի հայտարարությունից ընդամենը մի քանի շաբաթ անց, որում նա սկզբունքորեն համաձայնել էր ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստերն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկին` արժանանալով Հայաստանի ընդդիմության և առնվազն մեկ իշխանամետ կուսակցության (որը հայտնի է Թուրքիայի հետ հարաբերություններում իր կոշտ դիրքորոշմամբ) բացասական արձագանքին: Նշելով, որ ղարաբաղյան հակամարտության ընթացքում Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը՝ ի նշան թուրքական արմատներ ունեցող Ադրբեջանի հետ համերաշխության, Սարգսյանը հավաստում է, որ «դրա հետևանքով արդեն 15 տարի է, ինչ Հայաստանի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական տեսանկյունից կարևոր սահմանագիծը շարունակում է դիվանագիտական և տնտեսական համագործակցության խոչընդոտ մնալ»: «Միայն Հայաստանի ժողովուրդը չէ, որ տուժում է այս սահմանափակումներից ու շրջանցումներից։ Տարածաշրջանի բոլոր երկրները և եվրոպական պետությունների լայն համայնքը բարձր գին են վճարում առևտրի, առաջընթացի և միջազգային համագործակցության այս անբնական արգելքի համար»,- շեշտում է Հայաստանի նախագահը՝ առաջարկելով երկու երկրների միջև ձևավորել բնականոն քաղաքական ու տնտեսական հարաբերություններ: «Բնականոն քաղաքական հարաբերությունների հաստատումը մեզ հնարավորություն կտա ստեղծելու հանձնաժողով, քննարկելու Հայաստանին ու Թուրքիային վերաբերող բոլոր կնճռոտ հարցերը։ Մենք չենք կարող շոշափելի արդյունքներ արձանագրել առանց նմանօրինակ հարաբերությունների։ Միայն այդ միջոցով կարող ենք սկսել արդյունավետ երկխոսություն` անդրադառնալով անգամ առավել նուրբ պատմական խնդիրներին»,- նշում է Սարգսյանը՝ ևս մեկ անգամ հրավիրելով իր «թուրք պաշտոնակից» Աբդուլլահ Գյուլին այցելել Երևան` սեպտեմբերի 6-ին աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլի Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը միասին դիտելու: Թեև դեռևս պարզ չէ` արդյոք Աբդուլլահ Գյուլը կընդունի՞ Սարգսյանի հրավերը, որի շուրջ քննարկումներ են ծավալվում ոչ միայն երկու երկրների ԶԼՄ-ներում, այլև միջազգային մամուլում, այնուամենայնիվ, ըստ Սարգսյանի, հրավերի ընդունումը «կազդարարի նոր հարաբերությունների խորհրդանշական սկիզբ»: «Այդ ընթացքում երկու կողմում էլ կարող են լինել քաղաքական խոչընդոտներ, սակայն այժմ մենք պետք է գործելու քաջություն ու տեսլական ունենանք,- նշում է Սարգսյանը: - Հայաստանն ու Թուրքիան չպետք է լինեն և չեն կարող լինել մշտական հակառակորդներ»։ «Ահավասիկ` հրավերը ստացվեց: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախագահ Գյուլին հրավիրեց Հայաստան-Թուրքիա հանդիպմանը»,- նշում է թուրքական հայտնի «Հյուրրիեթ» թերթը՝ կանխատեսելով, որ Գյուլը կգնա այդ խաղին, և անկախ մարզական արդյունքից «կհաղթի խաղաղությունը»:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 25 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.