«Քաղաքակիրթ» բանավեճերի ժամանակը. իշխող կուսակցության ներկայացուցչի կարծիքով`Հայաստանում հանրահավաքների շրջանն անցել էՄիաժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամլո խոսնակ և ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե ցանկացած բախում կամ սադրանք հակասում է հասարակության շահերին: «Այսօր պետք է քաղաքակիրթ, նորմալ քաղաքական բանավեճերի միջոցով իրականացնել քաղաքական պայքարը: Իհարկե, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը պետք է որոշի, թե ինչ մարտավարություն է ուզում որդեգրել»,- երկուշաբթի ասել է Շամազանովը լրագրողներին: «Առաջին նախագահի թիմը ցանկանում է որոշակի չափով շիկացած պահել մթնոլորտը, որպեսզի պահպանի իր ընտրազանգվածը»,- ավելացրել է նա: Անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Հայաստանի դեմ գործած հանցանքների համար» Հաագայի դատարան հանձնելու ընդդիմության մտադրությանը`Շարմազանովն ասել է. «Նախ` չի կարելի երկրի նախագահներից որևէ մեկին Հաագայի միջազգային դատարան տալ: Ժամանակը ցույց կտա, թե ով ինչ է արել: Ես ևս մեկ անգամ նշեմ, որ և 1998-ին, և 2003-ին Հանրապետականը սատարել է Ռոբերտ Քոչարյանին, ում գործունեությունը ձեռքբերումների ժամանակաշրջան էր: Անհամեմատելի են տեր-պետրոսյանական Հայաստանը և քոչարյանական Հայաստանը»: ՀՀԿ-ի ներկայացուցիչը նաև ասել է, որ զբաղեցնելով ազգային-պահպանողական բևեռ` իրենց կուսակցությունը թույլ չի տալու, որ Հայաստանում մարդիկ հետապնդվեն քաղաքական հայացքների պատճառով: Սակայն ըստ Շարմազանովի` միայն դատական նիստերից կպարզվի`Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ: «Ես կարծում եմ, որ Հայաստանում քաղաքական հետապնդումների շրջանը մնացել է անցյալում»,- ասել է նա: Օգոստոսի 1-ին նախատեսվող հանրահավաքի մեջ ՀՀԿ ներկայացուցիչը վտանգ չի տեսնում և կարծում է, որ ոստիկանությունն աշխատում է հավուր պատշաճի` չեզոքացնելով հնարավոր վտանգները: ՀՀԿ խոսնակը նաև մեկնաբանել է կոալիցիայի իր գործընկեր Հայ հեղափոխական դաշնակցության հայտարարությունը, ըստ որի`Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցի դեպքում կուսակցությունը պատրաստվում է կազմակերպել բողոքի ակցիաներ: «ՀՅԴ-ն, ի վերջո, լինելով 118-ամյա կուսակցություն` ինքն է որոշում`ինչ անել. ես հարգում եմ ցանկացած քաղաքական կուսակցության ցանկացած քաղաքակիրթ դիրքորոշում»: Շարմազանովը հիշեցրել է, որ ՀՀԿ-ն, ի դեմս հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, մշտապես կողմնակից է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատելուն: «ՀՀԿ-ն և ՀՀ իշխանությունները շահագրգռված են, որ Թուրքիան մտնի Եվրամիություն, որովհետև այդ դեպքում կունենանք ավելի կանխատեսելի հարևան, որը կապրի ժողովրդավարական արժեքներով»,- ասել է Շարմազանովը` հավելելով, որ ցեղասպանության փաստը երբևէ չի եղել և չի կարող լինել քննարկման առարկա, հատկապես` ՀՀ նախագահի համար:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 17 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.