Քննադատական տեսակետ. Նախկին դիվանագետը հրապարակավ քննադատում է իշխանություններին «թույլ արտաքին քաղաքականության համար»

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանի խորին համոզմամբ` Հայաստանն այժմ վարում է «թույլ արտաքին քաղաքականություն», ինչի հետևանքները կարող են «ճակատագրական» լինել:

«Երկար ժամանակ է` ես քաղաքականության մեջ եմ և չեմ հիշում, որ երբևէ Հայաստանը նման խեղճ դիվանագիտության մեջ լիներ»,- ասում է ներկայումս «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Հակոբյանը:

Վերլուծաբանը, որպես սխալ արտաքին քաղաքականության ցցուն օրինակ, բերում է նախագահ Սերժ Սարգսյանի` Օսմանյան կայսրությունում 1915 թ. իրականացված Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստերն ուսումնասիրող պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու շուրջ տված համաձայնությունը:

Երկուշաբթի Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդում էր, որ նախագահի համաձայնությունը որևէ առնչություն չունի Հայոոց ցեղասպանության իրողության հնարավոր վիճարկման հետ:

«Նման իրավիճակում ավելի լավ է` ասենք` սառեցնում ենք ցեղասպանության հարցը, քան թե համաձայնենք, որ փաստերը ճշտող հանձնաժողով ստեղծվի,-կարծում է Հակոբյանը: - Ասենք թե հանձնաժողովը որոշեց, որ չի եղել ցեղասպանություն, այդ դեպքում ինչ պիտի անի ՀՀ նախագահը»:

Հակոբյանի կարծիքով` «արտաքին թույլ քաղաքականության» ապացույցներից մեկն էլ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցն էր Ադրբեջան և միջպետական պայմանագրի կնքումը:

«Ես չեմ կարծում, որ վերջին ժամանակներս Ռուսաստանը վարում է ադրբեջանամետ քաղաքականություն. այն վարում է ռուսամետ քաղաքականություն,- նշում է Հակոբյանը: -Պարզապես մենք ենք տանում սխալ քաղաքականություն: Ի վերջո, պիտի հասկանանք, որ Ռուսաստանի համար ևս ոչ թե կան մշտական բարեկամներ ու թշնամիներ, այլ կան մշտական շահեր»:

Իսկ մշտական շահերը, ինչպես վկայում է Հակոբյանը, մղեցին, որ Մոսկվա-Թեհրան երկաթգիծն էլ անցնի Բաքվով և ոչ թե Հայաստանով:

Նախկին դաշնակցական Հակոբյանը, անդրադառնալով նաև Սերժ Սարգսյանի` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հայաստան հրավիրելու շուրջ ծավալված խմորումներին, ասում է, որ այսօր ՀՀ իշխանությունները զբաղված են քաղաքական սեթևեթանքներով և ոչ թե հստակ քայլերով:

«Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե, մոտավորապես, «ես լինեի, չէի անի», քաղաքական կատեգորիա չէ,- նշում է Հակոբյանը: -Ի վերջո, Քոչարյանն ամեն ինչ արեց, որ Սարգսյանը նախագահ դառնա: Իսկ մարտից հետո բռունցքներ թափ տալն այնքան էլ ընդունելի չէ»:

Ներկայումս ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության պայմանները, ըստ էության, գնահատելով գրեթե ճգնաժամային` Հակոբյանը մի ելք է տեսնում` անցկացնել արտահերթ նախագահական, այնուհետև խորհրդարանական ընտրություններ:


ԱրմենիաՆաուի էջերում