Այցելություն Ղրիմ. նախագահ Սարգսյանն ասում է, որ թերակղզու հայերը «Հայաստանում տուն ունեն»

Այցելություն Ղրիմ. նախագահ Սարգսյանն ասում է, որ թերակղզու հայերը «Հայաստանում տուն ունեն»


Այս շաբաթվա սկզբին այցելելով Ուկրաինայի հարավում բնակվող հայկական համայնք` նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել ամենահին հայկական գաղութներից մեկի հայությանը «ուղղել իր հայացքը դեպի Հայաստան»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ու կառավարության մի քանի անդամներ երեքշաբթի մասնակցել են նաև տեղի հայերի ուժերով վերանորոգված հին հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի հիմնադրման 650-ամյակին նվիրված միջոցառմանը: Եկեղեցու վերանորոգման գործում իր պետական աջակցությունն է ցուցաբերել Ուկրաինան:

«Հայաստանի Հանրապետությունը որոշակի պատասխանատվություն է կրում հայ համայնքի առջև: Հայաստանն իր հերթին ձեր կարիքն ունի: Ցանկանում ենք, որ ձեր հայացքն ուղղված լինի դեպի Հայաստան, վստահեցնում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանում տեղ և անելիք ունի: Հայաստանում դուք տուն ունեք»,- նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` ասել է Սարգսյանը` դիմելով ղրիմահայերին:

Ղրիմի 30.000-անոց հայկական համայնքի ներկայացուցիչներից ոմանք պնդում են, որ իրենց արմատները ձգվում են մինչև Անիից վերաբնակեցված հայերը, որոնք լքել էին հայոց հին մայրաքաղաքը 11-րդ դարի թուրքական ներխուժումից հետո:

Ղրիմում Սարգսյանը կրկնել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ հնչեցրած իր կոչը աշխարհասփյուռ հայությանը` համատեղ ուժերով ծաղկեցնելու հայրենիքը:

Ղրիմի Ինքնավար Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սարգսյանն ու Գարեգին Բ կաթողիկոսը
այցելել են նաև Յալթայի Սբ. Հռիփսիմե եկեղեցի, որտեղ հանդիպել են Ղրիմի տարբեր ծայրերից ժամանած հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ:

«Եկել ենք միասին կիսելու մեր ուրախությունը, եկել ենք ասելու, որ դուք հայրենիք ունեք, եկել ենք ասելու, որ յուրաքանչյուր հարցում ձեզ օգնելու և սատարելու ենք»,-ասել է Սարգսյանը:

Աշխատանքային այցի շրջանակում Սարգսյանը հանդիպում է ունեցել իր ուկրաինացի պաշտոնակցի` Վիկտոր Յուշչենկոյի հետ: Երկու նախագահները համաձայնել են առաջիկայում հայ-ուկրաինական գործարար համաժողով անցկացնել:

Նախագահ Յուշչենկոն ընդգծել է ուկրաինահայ համայնքի առանձնահատուկ ներդրումը հայ-ուկրաինական բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում: Նա նաև վերահաստատել է իր հրավերը Սարգսյանին` 2008 թ. վերջին եռամսյակում պաշտոնական այց կատարելու Ուկրաինա:

ԱրմենիաՆաուի էջերում