Բանակցային հարցեր. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Մոսկվայում` քննարկելու մադրիդյան առաջարկները
Արտգործնախարար Նալբանդյանը խոստանում է` «անել առավելագույնը Ղարաբաղի խնդրի կարգավորման համար» Հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում երկու երկրների նախագահների հանդիպումից հետո սա արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումն էր: Այն ժամանակ կողմերը լավատեսորեն էին արտահայտվել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի ապագայի մասին: Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, դեսպան Յուրի Մերզլյակովը Ռուսաստանից և դեսպան Բեռնար Ֆասիեն Ֆրանսիայից, որոնք երեքով համանախագահում են Մինսկի խմբում, կոչ արեցին կողմերին ձեռնպահ մնալ «մաքսիմալիստական նախաձեռնություններից բանակցային սեղանի շուրջ և իրենց հրապարակային ելույթներում» և խուսափել «ռազմատենչ հայտարարութուններից» և համատեղ ուժերով «հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել»: Երկու երկրների արտգործնախարարների օգոստոսի 1-ի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների վերջին նախաձեռնությունն է: Կողմերը նաև Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպեն համանախագահների հետ: Չորեքշաբթի Երևանում անցկացված մամուլի ասուլիսում նախարար Նալբանդյանն ասաց. «Մենք գործադրելու ենք բոլոր ջանքերը, անելու ենք հնարավորը` ղարաբաղյան հարցի լուծման ճանապարհով գնալու համար»: Հանդիպումից առաջ Մամեդյարովն ասել է, որ Հայաստանի համար կարևոր է «կառուցողական դիրքորոշման» ցուցաբերումը և որ Հայաստանի նոր իշխանությունների համար նման դիրքորոշումն «օգտակար» կլինի: Նա նաև հորդորել է Հայաստանին ժամանակ չկորցնել` զգուշացնելով, որ «Ադրբեջանի հզորացման պայմաններում» վնասը նրա համար ավելի մեծ կլինի: Հանդիպման ժամանակ քննարկվելու են ԵԱՀԿ համանախագահների կողմից Մադրիդում կատարված առաջարկները, որոնց համաձայն, ինչպես նշում են երկու նախարարները, հնարավորություն կլինի լուծումներ գտնել: Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին ևս կարևորել է «կառուցողական մոտեցումները», որոնք պետք է միտված լինեն խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանը: Խնդրին է անդրադարձել նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ դեսպան Հեյկի Տալվիտիեն չորեքշաբթի Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այլ հարց է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը: Տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սկզբունքները իրար չեն հակասում: Նույնը տեղի է ունենում Վրաստանում և Մոլդովայում»: Տալվիտիեն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակումը: «Մենք հատուկ կարևորություն ենք տալիս Արցախի հարցի կարգավորմանը և ԼՂՀ ղեկավարության հետ մշտապես քննարկումներ ենք անցկացնում կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- Մոսկվա մեկնելուց առաջ Երևանում ասաց Նալբանդյանը: Նա նաև շեշտեց, որ նույն նպատակին էին ուղղված նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները Ստրասբուրգում և Սանկտ Պետերբուրգում: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` ՀՀ արտգործնախարարը նշել է, որ «Հայաստանի իշխանությունները ոչ այսօր, ոչ էլ վաղը չեն գնա այնպիսի քայլերի, որոնք կխրախուսեն հայոց ցեղասպանության ժխտողականությունը»: «Նման բան երբեք չի լինի»,- շեշտել է նախարարը: Նալբանդյանն ասաց, որ հարևան պետության հետ նորմալ հարաբերություններ ու բաց սահմաններ ունենալուն միտված Հայաստանի նախաձեռնությունները դրական արձագանք են գտել միջազգային ասպարեզում: «Հուսով ենք, որ այդ նախաձեռնությունները նաև Թուրքիայի կողմից դրական արձագանք կգտնեն»,- ասել է Նալբանդյանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.