Մարզական ցուցահանդես. Ցեղասպանության թանգարանը բացահայտում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի անհայտ էջերը
Օսմանյան կայսրությունում hայերի կյանքի քիչ հայտնի էջերից Ներկայացված են դարասկզբի Արևմտահայաստանի մարզիկների և մարզական խմբերի լուսանկարները, Օսմանյան կայսրությունում առաջին մարզական պարբերական «Մարմնամարզի» (1911-1914 թթ.) համարները: Ցուցահանդեսի գաղափարը հղացած թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը ասում է, որ անցյալ տարի թանգարանի գրադարանում հայտնաբերելով «Մարմնամարզի» բոլոր համարները` որպես պատմաբան իր ուշադրությունը գրավեց ազգայնականության, Օսմանյան կայսրության ներսում սպորտային մրցակցության վերաբերյալ թեմաները, իսկ ամենից շատ հետաքրքրեց սպորտի և ցեղասպանության համակցությունը: Նա ասում է, որ ուսումնասիրված է «Սպորտը և Հոլոքոսթը Գերմանիայում» թեման, իսկ այս ցուցահանդեսով ու իր ուսումնասիրություններով գտնվում են վկայություններ, թե ինչպես Օսմանյան կայսրությունում նպատակ է դրվել պայքարել փոքրամասնությունների մարզական հաջողությունների դեմ, որի արդյունքը եղան փակված սպորտային ակումբներն ու ցեղասպանության զոհ դարձած մարզիկները: Դեմոյանը «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» թեմայով մենագրության վրա է աշխատում, իսկ մոտ ժամանակներս կտպագրվի այդ թեմայով նրա գրքույկը: «Մարմնամարզ» պարբերականի խմբագիր, թեթևատլետ Շավարշ Քրիսյանը 1915 թ. ապրիլի 24-ին Պոլսից աքսորված ու սպանված մտավորականներից է: Թերթը դադարում է տպագրվել: Ցուցափեղկում դրված «Հայ սկաուտ» պարբերականի 1920 թվականի համարը նվիրված է նահատակված տասնյակ հայ մարզիկներին: Իսկ առաջին ֆուտբոլային թիմերից մեկի` Պոլսում 1908 թվին ստեղծված «Տորքի» (թիմի լուսանկարը ցուցադրված է) հիմնադիր, սկաուտապետ Վահան Չերազին, որին Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1919-ին հրավիրել էր Երևան սպորտը զարգացնելու համար, խորհրդային իշխանությունը ձերբակալում և 1927 թվականին գնդակահարում է: Ցուցահանդեսից նաև իմանում ենք, որ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Պոլսում գործել են մոտ 40 հայկական մարզական ակումբներ: Հայկական մարզական ակումբներ են ստեղծվել նաև Նիկոմեդիայում, Կարինում, Վանում, Ադանայում և այլ բնակավայրերում: 1911-1914 թթ. կազմակերպվում էին ամենամյա հայկական օլիմպիական խաղեր: Հայկական ֆուտբոլային թիմերը մասնակցում էին կայսրության թիմային մրցաշարերին: Ստոկհոլմի հինգերորդ օլիմպիական խաղերին Օսմանյան կայսրության դրոշի ներքո մասնակցած առաջին մարզիկներն էին Վահրամ Փափազյանը և Մկրտիչ Մկրյանը: Հայոց ցեղասպանության թանգարանում (www.genocide-museum.am) բացված ցուցահանդեսը կգորխի մինչև սեպտեմբերի 15-ը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.