Տեղական խաղե՞ր. վերլուծաբանի կարծիքով` ՏԻՄ ընտրությունները ձևականություն են և ոչ թե ժողովրդավարություն
Ընդդիմությունն ընդդեմ իշխանության. ևս մի աթոռակռիվ «Բոլոր ընտրություններն էլ կարևոր են, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները` առավելապես, որովհետև տեղական ինքնակառավարումը ժողովրդին ամենամոտ իշխանությունն է, և ժողովուրդը սովորաբար դատում է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով»,- ասել է առաջին նախագահը: Ընդդիմությունը նոր մարտավարություն է ընտրել և մասնակցում է ՏԻՄ ընտրություններին, չնայած արդեն պարտություն է կրել Երևանի երկու համայնքներում: Վերջին ՏԻՄ ընտրություններին Երևանի համայնքներում մասնակցել էր ընտրողների ընդամենը 30-33 տոկոսը: Տեղի էին ունեցել բռնություններ, բացահայտ բաժանվել էր ընտրակաշառք: Տեր-Պետրոսյանը հասկանալի է համարում այն, որ խորհրդարանական ու նախագահական ընտրություններում իշխանությունները փորձում են ամեն ինչ անել իշխանությունը պահելու համար: Բայց որ նույնն անում են ՏԻՄ ընտրություններում, նրա կարծիքով` արդեն «բեսպրեդել» է: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` թաղապետի ընտրությունը վերին իշխանության համար մի ցածրադիր վարչական օղակ է: Ըստ նրա` մարդուն տալիս են «քարտ բլանշ» թաղապետ դառնալու համար, որպեսզի հետագայում` հանրային ընտրությունների ժամանակ, նա էլ իր հերթին սպասարկի իրենց` գործող իշխանություններին: «Մենք այսօր ունենք ֆորմալ դեմոկրատական համակարգ, իրական համակարգն այստեղ չի աշխատում: Գիտենք, որ թաղապետի ընտրություններ են, բայց մեզնից ոչ մեկն այդ ընտրությունից սպասելիք չունի: Թաղապետ կդառնա Պողոսյանը, Կիրակոսյանը թե Մեսրոպյանը, մեր կյանքում դրանից ոչինչ չի փոխվի: Բայց մենք իմիտացիա ենք անում, որ գնում է պայքար, որն էլ հետաքրքիր է ինտրիգային մասով, բայց բովանդակային առումով ժողովրդին ամենևին էլ հետաքրքիր չէ»,- ասում է Բոզոյանը: Ըստ նրա` այսօրվա արժեհամակարգը խեղաթյուրված է և ավելի շատ ֆիզիկական անձանց համակարգ է: Քաղաքագետը նշում է, որ երկրի իրական հիմքը դրվում է հենց ՏԻՄ ընտրությունների ժամանակ, իսկ եթե ոչ, ապա երկիրը չի կարող լինել ժողովրդավարական: Կենտրոն համայնքում թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքական հարթության վրա ընթանում են այնպիսի պրոցեսներ, որ հնարավոր չէր չմասնակցել ու հնարավորություն չտալ հասարակությանը հասնելու կոնկրետ հաղթանակի: Զուրաբյանը, որը եղել է Կենտրոնի թաղապետ 1996-2002 թվականներին, ասում է, որ Կենտրոնը Հայաստանի մանրակերտն է, Երևանի սիրտը, ունի մոտ 200.000 բնակիչ, և այստեղ հաղթանակը կարևոր է լինելու գործընթացների հետագա զարգացման համար: «Համայնքապետները Հայաստանում ոչ թե տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կիսաքրեական-ոստիկանական հեղինակությունների ղեկավարներ են, որոնք օգտագործվում են իշխանության վերարտադրության համար,- ասում է Զուրաբյանը: - Իմ մասնակցությունը դիտարկում եմ մեր քաղաքական, համապետական պայքարի տրամաբանության շրջանակներում»: (Զուրաբյանը ձերբակալվել էր մարտյան իրադարձություններում իր ենթադրյալ դերակատարության համար, բայց ամռանն ազատ էր արձակվել: Սակայն նրա դեմ հարուցված քրեական գործը դեռ չի կարճվել:) «Ժառանգություն» կուսակցությունից տնտեսագետ Զոյա Թադևոսյանը մասնակցել է Արաբկիրի թաղապետի ընտրություններին և պարտվել, սակայն չի ընդունում իր պարտությունը: «Կարծում եմ` այսօր ոչ թե ընդդիմությունն է մասնակցում ընտրություններին, այլ իշխանությունը: Մասնակցությունը արդեն հաղթանակ է, սրանով մենք ցույց ենք տալիս մեր անհանդուրժողականությունը գործող իշխանությունների նկատմամբ և փորձում ենք ժողովրդին ճիշտ ճանապարհով տանել»,- ասում է նա: Ըստ Բոզոյանի` երկրի քաղաքական վերնախավը քաղաքականությունից թույլ է, չունի պետական մտածողություն, չունի պատկերացում հասարակական կառավարման համակարգերի մասին: Իսկ ժողովուրդն էլ պարզապես փնտրում է լավ թագավոր` լինի թաղապետի պաշտոնում թե երկրի նախագահի: «Արևմտյան սահմանադրությունները հնարավորություն են տալիս ունենալու այնպիսի համակարգ, որում տեղ գտած հակակշիռները թույլ չեն տալիս լինել վատ նախագահ կամ քաղաքապետ: Արևմտյան դեմոկրատիայի հիմքում դրված է այն դրույթը, որ ցանկացած մարդու մեջ կան վատ ու լավ կողմեր, պետք է այնպիսի համակարգ ստեղծել, որ եթե մարդը անգամ ցանկանա անազնիվ բան անել, համակարգը թույլ չտա»,- ասում է Բոզոյանը: Թաղապետների ընտրություններում գրանցվում է ընտրողների ամենացածր մասնակցությունը, գագաթնակետին է հասնում ընտրակաշառքը: Քաղաքագետը նշում է, որ մարդիկ չեն հավատում, որ այս կամ այն թաղապետի օրոք իր կյանքում փոփոխություններ կլինեն, ինչն էլ նշանակում է, որ կառավարման այդ մոդելը չի աշխատում և կրում է ֆորմալ բնույթ: Բոզոյանը կարծում է, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, որին կարելի է հասնել սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: «Բայց այդ փոփոխությունների գիտակցությունը եթե լինի, ապա պետք է հայտարարի կամ իշխանությունը, կամ ընդդիմությունը, բայց նրանցից ոչ մեկն այդ մասին չի խոսում: Իշխանությունն ասում է, որ լավ էլ համակարգ է, իրենք լավ էլ ղեկավարում են, ընդդիմությունն է խանգարում իրենց, իսկ ընդդիմությունն էլ ասում է` դուք հանցագործ եք, մենք լավն ենք ու ավելի խելացի,- ասում է նա: - Դա նշանակում է, որ գնում է մեխանիկական պայքար իշխանությունը կրելու համար: Պայքարը դառնում է սուբյեկտիվ, և բովանդակությունը անտեսվում է: Մենք ում էլ ընտրենք նախագահ թե թաղապետ, բովանդակություն չի լինելու»:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.