Համագումարի տեսակետը. ԱՀՀ տնօրենը ծանրութեթև է անում տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրները

Հոկտեմբերի 17-ին Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը Երևանում «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադարձավ ԱՄՆ առաջիկա ընտրություններին և հայ-թուրքական հարաբերություններին:

«Շատ հայեր, որքան որ ես լսել եմ, ավելի շատ աջակցում են Օբամային, քան Մակքեյնին, ոչ միայն տեղական խնդիրներին առնչվող հարցերի շուրջ ունեցած նրանց հայացքների պատճառով, այլ նաև ցեղասպանության [ճանաչման] խնդրի առնչությամբ», քանի որ Օբաման բազմիցս նշել է ցեղասպանության ճանաչման փաստի անհրաժեշտությունը, ասաց Վարդանյանը:

Վերջերս հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման առնչությամբ Վարդանյանն ընդգծեց. «Հետաքրքիր էր. [Թուրքիայի] նախագահ Գյուլն ընդունեց նախագահ Սարգսյանի հրավերը և ժամանեց Հայաստան` դիտելու ֆուտբոլային խաղը: Պետք է ասեմ, որ շատ խիզախ քայլ էր նախագահ Սարգսյանի կողմից: Հետևանքները կարող են միայն դրական լինել: Կընդունի՞ Գյուլը, թե՞ ոչ` դա [այդ քայլը] դրական էր Հայաստանի համար, քանի որ բոլորը տեսան, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունները կարգավորելու հարևան երկրի հետ»:

Վարդանյանը միևնույն ժամանակ նշեց, որ դժվար է անվերապահորեն ընդունել Թուրքիայի` ղարաբաղյան հակամարտության լուծման գործում միջնորդ դառնալու պատրաստակամությունը, քանի որ Թուրքիան «անկողմնակալ չէ այս հարցում»:

Վարդանյանը նաև նշեց, որ ԱՀՀ-ն և ԱՄՆ «Քվեատու կանանց միությունը» վերջերս նախաձեռնել են միացյալ նախագիծ, որը կաջակցի տեղական ՀԿ-ներին ստեղծելու կոալիցիաներ և պահպանելու դրանք: Նա ասաց, որ այդ գաղափարը ծագել է անցյալ տարի, երբ «Քվեատու կանանց միության» ներկայացուցիչը մասնակցում էր Հայաստանում կազմակերպված կոնֆերանսին: Տեղական ՀԿ-ների հետ հաղորդակցության ընթացքում ի հայտ եկավ, որ շահերի բախումները հաճախ խնդիրներ են առաջացնում` նման կոալիցիաները «կենդանի» պահելու համար:

Լինելով նաև միության անդամ` համագումարի որոշ անդամներ հանդես եկան նախաձեռնությամբ իրագործել մի նախագիծ` «ներկայացնելու կամ ամրապնդելու կոալիցիա կազմելու հմտությունները և փնտրելու դրանք պահպանելու ուղիներ»:


Ծրագիրն այժմ իրականացվում է Վայոց ձորում` ընդգրկելով տեղի և Սյունիքի մարզի ՀԿ-ները: Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերին և ներառում է եռամսյա դասընթացներ ՀԿ ներկայացուցիչների համար:

ԱՀՀ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրենը (www.aaainc.org) նաև նշեց, որ ԱՄՆ նախագահի թեկնածուների առնչությամբ որևէ նախընտրություն չի հայտնի, քանի որ համագումարը «չի աջակցում կողմերից որևէ մեկին, և ԱՄՆ-ում նրա կարգավիճակն այնպիսին է, որ թույլ չի տալիս հրապարակավ հայտնել իր կարծիքը»:
ԱրմենիաՆաուի էջերում