Նոր «Ռուսաստան» Հայաստանում. նախագահ Մեդվեդևն իր այցի ընթացքում շեշտում է բարեկամական հարաբերությունները դաշնակցի հետ

Երեքշաբթի` Հայաստան կատարած իր առաջին պաշտոնական այցի երկրորդ օրը, Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը կարևորեց հարաբերությունների խորացումը իր կովկասյան դաշնակցի հետ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները սկսելուց առաջ Մեդվեդևը Սարգսյանի հետ մասնակցեց Երևանի կենտրոնում Ռուսաստանի հրապարակի բացման արարողությանը, որին ներկա էին հազարավոր երևանցիներ:

(Հրապարակը գտնվում է քաղաքապետարանի, Մոսկվայի տան և Մյասնիկյանի արձանի միջև, որտեղ եղան մարտի 1-ի և 2-ի հետընտրական խժդժությունները:)

Իր ելույթում Մեդվեդևը բարձր գնահատեց հարաբերությունները երկու երկրների միջև` նշելով, որ անվանակոչությունը հաստատում է եղբայրական զգացմունքների անկեղծությունը նրանց միջև:

Նախագահ Սարգսյանն իր բացման խոսքում հիշեց, որ հրապարակի մոտակայքում է եղել Երևանի բերդը, որի վրա 1827 թ. հոկտեմբերի 1-ին առաջին անգամ ծածանվել է ռուսական դրոշը: Դա նաև այն վայրն է, որտեղ առաջին անգամ բեմադրվել է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» հայստնի կատակերգությունը` հեղինակի ներկայությամբ։ Երկու նախագահներն էլ հրապարակը ներկայացրին որպես երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։

Ռուսաստանը Հայաստանի գլխավոր դաշնակիցն է, որին կովկասյան հանրապետությունն ապավինում է իր անվտանգության և էներգակիրների հարցում: Ռուսաստանը, որտեղ մեծ հայկական համայնք կա, նաև Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է:

Առևտրի ծավալները երկու երկրների միջև 2007-ին հասել են 800 միլիոն դոլարի, իսկ 2008-ի առաջին ութ ամիսների ընթացքում, անցյալ տարվա համեմատ, աճել են 13 տոկոսով: 1991 թվականից Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմել են մոտ 1,6 միլիարդ դոլար, որից 428 միլիոնը` 2008-ի առաջին կեսին:

Ռուսաստանի առաջատար ընկերությունները էներգակիրների, հեռահաղորդակցման, տրանսպորտի և այլ ոլորտներում զգալի մասնակցություն ունեն հայաստանյան շուկայում:

Ռուսաստանը նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է (ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ): ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է ապահովել ղարաբաղյան ձգձգված հակամարտության խաղաղ կարգավորումը:

Մեդվեդևի այցը տեղի ունեցավ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի Երևան կատարած այցից ընդամենը մի քանի օր անց: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդի այցը Երևան տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխման ֆոնի վրա շատերի կողմից դիտվեց որպես հայ-ամերիկյան համագործակցության խորացման նշան:

Սակայն երեքշաբթի ելույթ ունենալով մամուլի ասուլիսում` երկու նախագահներն էլ նշեցին, որ հարաբերությունները երկու երկրների միջև զարգանում են կայուն կերպով փաստորեն բոլոր ոլորտներում, ներառյալ` արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, մշակույթը և տնտեսությունը:

Մեդվեդևն ասաց, որ Ռուսաստանը պատրաստ է ավելի սերտ փոխգործակցության Հայաստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում (նախկին խորհրդային յոթ հանրապետությունների պաշտպանական կազմակերպություն, որը ղեկավարում է Ռուսաստանը)։

«Մենք խոսեցինք Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի ագրեսիայից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին: Մեր երկրները հետևողականորեն հանդես են գալիս հանուն խաղաղության և կայունության ամրապնդման տարածաշրջանում»,- ասաց Մեդվեդևը։

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` Ռուսաստանի ղեկավարն ասաց, որ օգոստոսյան իրադարձությունները [Վրաստանում] ցույց տվեցին, որ ցանկացած բարդ խնդիր պետք լուծվի միջազգային իրավունքի նորմերի և բանակցությունների հիման վրա:
ԱրմենիաՆաուի էջերում