Օբաման Հայաստանի համար. Ամերիկահայերն ասում են` Հայաստանի համար լավագույնը դեմոկրատական թեկնածությունն է

Այս ամսվա սկզբին Էնթոնի Բարսամյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում զրուցել է Բարաք Օբամայի հետ
Հայոց ցեղասպանությունը ճանաչող նամակում ԱՄՆ նախագահի առաջատար թեկնածու Բարաք Օբաման գովասանքի և շնորհակալական խոսք ուղղեց ամերիկահայերի կոալիցիայի նախաձեռնած քաղաքական ակցիայի համար:

Օբամայի ստորագրած նամակը` ուղղված «Ամերիկահայերը հօգուտ Օբամայի» (www.armenianamericansforobama.com)քարոզարշավի առաջատար մասնակից Էնթոնի Բարսամյանին, արտահայտում է Իլինոյս նահանգի սենատորի երախտագիտությունը և ակնարկ, որ Օբամա-Բայդեն վարչակազմը հակված է Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Ուրախ եմ, որ Օբամա-Բայդեն թեկնածությանն աջակցում և հավանություն են տալիս այնպիսի մարդիկ, ինչպիսին է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մ. Էվանսը, ով ազատվեց պաշտոնից` 1915 թ. սկսած Թուրքիայի կողմից իրականացված հայերի ջարդերը նկարագրելիս «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար,- ասված է նամակում: - Ջոն Բայդենն ու ես համոզված ենք, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե մեղադրանք, անձնական կարծիք կամ տեսակետ է, այլ բազում պատմական վկայություններով հիմնավորված, վավերագրված իրողություն: Փաստերն անհերքելի են» (Այստեղ կարող եք կարդալ նամակը):

Օբամա-Բայդեն ընտրարշավը նման է ԱՄՆ նախկին նախագահության թեկնածուների հուսադրող խոստումներին, որոնք այդպես էլ մնացել են չիրականացված, հենց ընտրություններն ավարտվել են: Այդուհանդերձ, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բարսամյանն ասում է, որ դեմոկրատական թեկնածուներն արդարացված ընտրություն են նրանց համար, ովքեր մտահոգ են հայ-ամերիկյան հարաբերություններով և, մասնավորապես, ցեղասպանության ճանաչման խնդրով:

«Սա պատմական հնարավորություն է Վաշինգտոնում ունենալ այնպիսի ղեկավարություն, որը հասկանում է հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, նպաստում տարածաշրջանում ինտեգրման գործընթացներին` լիովին գիտակցելով Հայոց ցեղասպանության փաստը, և Հայաստանի անվտանգության ու բարեկեցության հետագա սպառնալիքները»,- ասաց Բարսամյանը, որի նախաձեռնող խմբում ներգրավված են սփյուռքից Հայաստանին աջակցող այնպիսի նշանավոր անձիք, ինչպիսիք են` Քերոլայն Մյուգարը (ԱՀՀ-ի նախագահ և «Հայաստան ծառատունկ ծրագրի» հիմնադիր), Քերոլեն Նաջարյանը (բժիշկ, ով առաջիններից էր սփյուռքում, որ Հայաստանին կամավորական բժշկական ծառայություն մատուցեց), Ռոջեր Օհանեսյանը (ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագծի» հիմնադիր), Մարկ Մոմջյանը (համագումարի նախկին տնօրեն, ֆիլադելֆիացի իրավաբան, ով եղել է Բարաք Օբամայի դասընկերը Կոլումբիայի շրջանում), Ռոջեր Սթրոչը (Հայաստանում հաշմանդամների աջակցության հոգաբարձուների համագումարի հիմնադրամի ներկայացուցիչ), Դիք Հարփութլյանը (դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ), Միքայել և Դավիդ Կասպարյանները (կառուցապատողներ Նյու Ջերսիում և Օբամայի ազգային ֆինանսավորման կոմիտեի անդամ) և Սառա Մորգենթաունը (դեսպան Մորգենթաուի ծոռը և «Կանայք հօգուտ Օբամայի» ղեկավարը):

Մեկ այլ Հայ-ամերիկյան նախաձեռնող խումբը, որը մասնակցում է Օբամայի քարոզարշավին և կապված է ԱՀՀ-ի հետ, իր` «Հայերը հօգուտ Օբամայի» (www.armeniansforobama.com) կայքէջում տեղադրած հայտարարությունը վերագրելով Օբամային, ասում է, որ եթե դա զուտ նախընտրական խոստում չէ, ապա Օբամային հաստատ կհամարի հայկական գերակա շահերի կրող:

«Ամերիկան արժանի է մի առաջնորդի, ով ճշմարտացիորեն կխոսի Հայոց ցեղասպանության մասին և խստագույնս կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ լինել այդպիսի նախագահ»,- ասված է Ամերիկայի հայ դատին ուղղված հայտարարության մեջբերման մեջ` ժպտացող թեկնածուի նկարի կողքին:

Մինչև նոյեմբերի 4-ի ԱՄՆ նախագահական ընտրությունները մնացել է մեկ շաբաթ, և Օբամա-Բայդեն թեկնածությունը մի փոքր առաջ է Արիզոնայի սենատոր Ջոն Մակքեյնի և Ալյասկայի նահանգապետ Սառա Փաեյլինի թիմից:
ԱրմենիաՆաուի էջերում