Խաղաղություն մոսկովյան հորիզոնո՞ւմ. Ռուսաստանի նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիրում է Մոսկվա բանակցությունների
Այս շաբաթավերջին Մեդվեդևը Մոսկվայում հյուրընկալում է Սարգսյանին ու Ալիևին` փորձելով լուծում գտնել վերջին սառեցված հակամարտության համար Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի ղեկավարի Երևան կատարած այցի ընթացքում հայտնի դարձավ, որ Մեդվեդևն առաջարկել է բանակցություններ անցկացնել հարևան պետությունների ղեկավարների հետ: Սակայն միայն չորեքշաբթի հայտնի դարձավ, որ հանդիպումն այդքան շուտ է կազմակերպվելու: Մոսկովյան գագաթնաժողովը դիտվում է օգոստոսի սկզբին Հարավային Օսիայի համար Ռուսաստանի ու Վրաստանի միջև ծագած պատերազմից հետո տարածաշրջանում ընթացող բուռն զարգացումների լույսի ներքո: Օսական հակամարտությունը ցույց տվեց ամբողջ տարածաշրջանի խոցելիությունը (ինչպես նաև Ռուսաստանի մնացած գերիշխանությունը` Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի կողմից Կրեմլի լուծը պաշտոնապես թոթափելուց 17 տարի անց): Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Գյուլը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Իսկ Մեդվեդևի Երևան կատարած այցից հետո Սարգսյանը գնաց Ղարաբաղ, որտեղ ասաց, թե խաղաղությունը հնարավոր է, «… եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եթե Լեռնային Ղարաբաղը ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ, և եթե միջազգային կազմակերպություններն ու աշխարհի առաջատար տերությունները երաշխավորեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը»: Ղարաբաղը Մոսկվայի բանակցային սեղանի շուրջ ներկայացուցիչ չի ունենա, նրա շահերը կներկայացնի ինքնահռչակ փոքր հանրապետության հարազատ զավակ Սարգսյանը: Երեք երկրների արտգործնախարարները կհանդիպեն այսօր` հոկտեմբերի 31-ին: «Մենք կարող ենք հակամարտության լուծում գտնել, եթե Ադրբեջանն արտահայտի քաղաքական կամք… այլ ոչ թե զբաղվի խանգարիչ գործողություններով տարբեր միջազգային կազմակերպություններում»,- ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսում` Մոսկվա մեկնելուց առաջ: Արտգործնախարարների հանդիպմանը Մոսկվայում կհաջորդի հանդիպումը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հետ: Դրանից հետո` կիրակի, տեղի կունենա նախագահների հանդիպումը: Նալբանդյանը նաև հայտնեց, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության գան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ապա հանրությունը կիմանա այդ մասին, և այն կդառնա լայն քննարկման առարկա ոչ միայն Հայաստանում, այլև Լեռնային Ղարաբաղում: Մեդվեդևի նախաձեռնությունը կարող է նաև ազդանշան լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ առաջատարության հարցում: Մեկ տասնամյակից ավելի ԱՄՆ-ը և Եվրոպան դժվար բանակցություններ են վարել ախոյան հանրապետությունների հետ` փորձելով հասնել հետագա բախումը կանխող կարգավորման: Ռուսաստանի դերը որոշակի շահարկումների նյութ դարձավ 2001 թվականից, երբ նրա ջանքերով վիժեցվեցին «Քիվեսթյան հանդիպման» համաձայնությունները: Երևանում բնակվող քաղաքական և անվտանգության հարցերով վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը հանդիպումը գնահատում է որպես «նշանակալի զարգացում, որի հետևանքները կարող են ծանրակշիռ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Մոսկովյան հանդիպումը` որպես Ռուսաստանի առաջին նախաձեռնություն ռուս-վրացական օգոստոսյան հակամարտությունից հետո, արտացոլում է ոչ միայն Մոսկվայի ամրապնդված դիրքերը տարածաշրջանում, այլև արտահայտում է Թուրքիայի վերջին նախաձեռնությունների առնչությամբ որպես տարածաշրջանային տերություն իր կորցրած դիրքերը վերականգնելու` Ռուսաստանի ավելի լայն ռազմավարությունը: Այս համատեքստում Ռուսաստանը նաև փութաջանորեն փորձում է հավատացնել Արևմուտքին, որ չնայած Վրաստանի հարցում առկա լարվածությանը և Վրաստանի անջատողական հանրապետությունների` Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը Ռուսաստանի կողմից, այն կարող է «օգտակար» գործընկեր լինել Լեռնային Ղարաբաղի հարցում, որը տարածաշրջանում մնացած միակ «սառեցված հակամարտությունն» է»: Վերլուծաբանը նաև զգուշացնում է, որ Մեդվեդևի կոչը ալտրուիզմի դրսևորում չէ: «Ռուսաստանի համար սա ավելին է, քան պարզապես իր դիվանագիտությանը նոր, ավելի դրական դեմք տալը,- ասում է Գիրագոսյանը` ավելացնելով, որ վիճարկվող տարածքներում Ռուսաստանի խաղարարար ուժեր տեղաբաշխելու Մոսկվայի վերջին առաջարկը «մի քայլ է, որ ոչ միայն կամրապնդի նրա լծակները, այլև սպառնում է էլ ավելի ուժեղացնել Հարավային Կովկասում Ռուսաստանի` որպես հիմնական դերակատարի դիրքերը»: Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Վիկտոր Յակուբյանն ասում է, որ «Մոսկվայում կայանալիք բանակցությունները կանցնեն Հայաստանի հայրենասիրական ուժերի ակտիվացման ֆոնի վրա»: Վերլուծաբանը կանխատեսում է, որ եթե Սարգսյանը համաձայնել է մոսկովյան բանակցությունների արագացմանը և հավանություն է տալիս Լեռնային Ղարաբաղը շրջապատող անվտանգության գոտուց հայկական ուժերի դուրսբերման ծրագրին, ապա Հայաստանի ներքաղաքական դաշտն ամբողջությամբ կձևափոխվի, և կստեղծվի նոր ընդդիմադիր ճակատ: Ոմանք նաև կանխատեսում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցով արագացված բանակցությունները կարող են ստիպել Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչներին դուրս գալ իշխող կոալիցիայի կազմից, քաղաքական ասպարեզ վերադարձնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և հանգեցնել Դաշնակցության ու Քոչարյանի միավորմանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.