Ակտիվ փուլ. Սերժ Սարգսյանը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման տեսլականը

Ակտիվ փուլ. Սերժ Սարգսյանը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման տեսլականը


«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միակ միջնորդներն են,- ասաց Սարգսյանը: - … Իսկ որևէ օժանդակությունից մենք չենք հրաժարվում»

Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ակտիվ փուլ մտնելու մասին: Անցյալ շաբաթ նա այցելել էր Ղարաբաղ և ներկա գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի լայնածավալ զորավարժություններին:

«Իրականությունն այն է, որ տևական պասիվ ժամանակաշրջանից հետո ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը մտել է ակտիվ փուլ,- հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Սերժ Սարգսյանը: - Սա պայմանավորված է առնվազն երկու կարևոր հանգամանքով` և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ավարտվեցին նախագահական ընտրությունները, և երկրորդ` տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները մեկ անգամ ևս բոլորին համոզեցին, որ խնդրի կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի»:

Հայաստանի նախագահը նաև ասաց, որ տևական հակամարտության կարգավորումը հնարավոր է, «եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եթե Լեռնային Ղարաբաղը ցամաքային սահման ունենա Հայաստանի Հանրապետության հետ, և եթե միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրները երաշխավորեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը»:

Սարգսյանի կարծիքով` օգտակար են խնդրի շուրջ «հասարակական քննարկումները», բայց հավելեց, որ նման քննարկումների հիմքում պետք է լինի «հայ ժողովրդի շահը»:

«Մենք ղարաբաղյան խնդրի կարգավորմանը չափազանց շատ բան ենք նվիրաբերել, որպեսզի աչք փակենք կամ չնկատելու տանք շահարկումների փաստերը:
Մենք նվիրական հարց ենք լուծում: Մենք կարևոր պատմական խնդիր ենք լուծում, և այս պատմական խնդրի լուծման ընթացքում եթե որևէ մեկը փորձում է այլ շահ փնտրել, ապա դա բարոյական չէ»,- ասաց Սարգսյանը` հավանաբար նկատի ունենալով ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` իր հասցեին հնչեցրած մեղադրանքները, թե նա [Սարգսյանը] Լեռնային Ղարաբաղի հարցում պատրաստ է զիջումների գնալ` Արևմուտքի աչքին իր նախագահությունը լեգիտիմացնելու համար:

Միջազգային միջնորդներն սկսել են ավելի մեծ ջանքեր գործադրել` մինչև այս տարվա վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության գալու ակնհայտ մտադրությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ այցելել են տարածաշրջան` ապահովելու կողմերի միջև բանակցային ակտիվ գործընթացի վերսկսումը:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, անցյալ շաբաթ այցելելով Երևան Հայաստանի նախագահին հրավիրեց Մոսկվա` զրուցելու ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբում (ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ մեկտեղ) համանախագահող երեք պետություններից մեկի` Ռուսաստանի նախագահը, ինչևէ, չհիշատակեց միջազգային ձևաչափը` ինչը ենթադրությունների տեղիք տվեց, որ հակամարտության կարգավորման մեջ խմբի դերակատարությունը կարող է նվազեցվել կամ այն նույնիսկ կարող է փոխարինվել մեկ այլ ձևաչափով` տարածաշրջանային այլ խաղացողների, ինչպես, օրինակ` Թուրքիայի, ավելի մեծ ներգրավմամբ:
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սարգսյանը շեշտադրեց. «Նախ, պետք է ասեմ, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` մադրիդյան սկզբունքների [մշակվել է 2007 թ. վերջին] հիման վրա:
Բազմիցս ասվել է, և հիմա էլ կրկնում եմ, որ այլ միջնորդներ չկան. միակ միջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, և այն խառնաշփոթը, որ փորձ է արվում ստեղծել, մեզ որևէ բանում չի օժանդակում: Կրկնում եմ` միակ միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, Հայաստանը երբեք որևէ երկրի չի դիմել` միջնորդական առաքելություն իրականացնելու խնդրանքով:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, և շատ օրինաչափ են նախագահ Դ. Մեդվեդևի հրավերն ու նրա ակտիվությունն այս հարցում»:
Հարցազրույցի ընթացքում Սարգսյանին հարց ուղղվեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այն հայտարարության առնչությամբ, որ, կարծես թե, Հայաստանի նախագահն է խնդրել նրան` աջակցել հակամարտության կարգավորման գործընթացին:
Սարգսյանը հիշեցրեց, որ ընդհանուր առմամբ նա բնավորություն չունի այլ գործիչների ասածները մեկնաբանելու, «հատկապես որ մեր մամուլում տպագրվում են կոնտեքստից կտրված հատվածներ:

Իրականությունը հետևյալն է` միակ միջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, իսկ որևէ օժանդակությունից մենք չենք հրաժարվում: Այո, համոզված եմ, որ Թուրքիան կարող է իր օժանդակությունը բերել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, և հիմա էլ, կարծում եմ, բերում է. նախագահ Գյուլի այցելությունը Երևան, հայ-թուրքական բանակցությունների շարունակությունը շատ լավ օրինակ են դժվար խնդիրներ լուծելու: Եվ վստահ եմ, եթե Թուրքիան բացի սահմաններն ու Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ, մեծապես օժանդակած կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»:


ԱրմենիաՆաուի էջերում