Ձայն անհամաձայնության. «Ժառանգությունը» հորդորում է զգույշ լինել Մոսկվայի հանդիպման առաջարկների հարցում«Ժառանգությունը» կարծում է, որ հռչակագրով Հայաստանի ու Ղարաբաղի ազգային ու պետական շահերի հաշվին սպասարկվում է գերտերությունների շահը, հռչակագրի ստորագրությամբ հաստատվում են մադրիդյան սկզբունքները, որոնք «Ժառանգության» համար ընդունելի չեն: Վերջինս համարում է, որ այն պարունակում է փախստականների և տարածքների վերադարձի միակողմանիություն և Ղարաբաղի կարգավիճակի ճշտման հետաձգում, մինչդեռ ամեն ինչ պետք է լինի փոխադարձ: Կուսակցությանը մտահոգում է, որ հռչակագրով նվազում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցությունը և պահանջում իշխանություններից քննարկել և վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափին, ապահովել Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին, ինչպես նաև գաղտնազերծել և հասարակության քննարկմանը դնել անցյալ տարեվերջին կողմերին ներկայացված մադրիդյան սկզբունքների բովանդակությունը: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը նշում է, որ իրենք դեմ են տարածքները միակողմանի զիջելուն: «Առաջարկում ենք փոխանակում, ասենք` Աղդամը Շահումյանի դիմաց, քանի որ Շահումյանն էլ մենք ենք կորցրել, և այնտեղից փախստական մարդիկ էլ հնարավորություն չունեն ապրելու իրենց հայրենիքում: Եթե Ադրբեջանը բարձրացնում է իր փախստականների վերադարձի խնդիրը, ապա Հայաստանն էլ պետք է բարձրաձայնի իր փախստականների վերադարձի հարցը, ընդհուպ մինչև վերադարձ Բաքու»,- ասում է նա: «Ժառանգությունը» համակարծիք է ընդդիմության գործելաոճին, որ դադարի միջոցով ժամանակ տվեց իշխանությանը հնարավորություն ունենալ հանգիստ զբաղվելու արտաքին խնդիրներով: Եթե տեսնեն, որ իշխանությունը չի օգտագործում այդ հնարավորությունը, ինչպես նշել է Հովսեփ Խուրշուդյանը, ապա «Ժառանգությունը» հանդես կգա շատ ավելի խիստ գնահատականով և կպահանջի նաև նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Մոսկվայի հռչակագրին դեմ են արտահայտվել նաև այլ քաղաքական ուժեր, և իրենք պատրաստ են, եթե լինի համաձայնություն, դուրս գալ փողոց հանրահավաքների»,- ասում է Բախշյանը: Դեռևս անցյալ տարի կուսակցությունը խորհրդարանում հանդես եկավ Ղարաբաղը ճանաչելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ, որը, սակայն, մերժվեց։ Կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը նշում է, որ այդ հարցը մնում է «Ժառանգության» օրակարգում: Գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման խնդրին, նշել է, որ հայկական կողմը հավատում է, որ ճանաչումը գործընթացի վերջին քայլն է: «Մենք բավարար ուժեղ չենք ասելու, որ միակողմանի ճանաչելու ենք Ղարաբաղը ու վերջ, բանն ավարտվեց»,- ասել է ՀՀ նախագահը: Նույն հարցազրույցում Սարգսյանը նշել է, որ Մոսկվայի հռչակագրի ստորագրումը բացառում է խնդրի ռազմական լուծումը։ «Խոսքը, սակայն, հռչակագրի մասին է. մենք հաճույքով պայմանագիր կուզենայինք ստորագրել։ Սակայն ես չէի ցանկանա թերագնահատել այս փաստաթղթի դերը։ Գոհ եմ, որ Ադրբեջանը մի փաստաթուղթ է ստորագրել, որում հակամարտության լուծման միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքներն են ճանաչվում և ոչ միայն տարածքային ամբողջականության սկզբունքը։ Լավ է նաև, որ կրկին ընդգծվել է Մինսկի խմբի դերը` վերջին շրջանում խմբի արդյունավետության շուրջ բազմաթիվ բանավեճերից հետո»,- ասել է նա։ Թերթի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք պատրաստակամություն կա զորքերը դուրս բերելու Ղարաբաղի շուրջը գտնվող յոթ շրջաններից, ինչպես դա պահանջվում է, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հակամարտության առանցքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է։ Ադրբեջանը պետք է ճանաչի նրա բնակիչների ինքնորոշման իրավունքը։ Երբ (այս) խնդիրը լուծվի, կհետևեն այլ քայլեր։ Տարածքների վերահսկումը ինքնանպատակ չէ, այլ Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված միջոցառում։ Մենք այժմ կարիք ունենք հիմնարար մի փաստաթղթի շուրջ բանակցությունների, ապա` խաղաղության պայմանագրի։ Առջևում դեռ երկար ճանապարհ ունենք»։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն «Ազատություն» ռադիոկայանին վերջերս տված հարցազրույցում կոչ է արել ավելի ակտիվ ընդգրկել իր չճանաչված հանրապետությունը` նշելով, որ այդ դեպքում Ղարաբաղի իշխանությունները կկարողանան իրենց տեսակետն արտահայտել մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: «Ընդհանրապես մենք տեսնում ենք մեր մասնակցությունը բանակցային գործընթացում, որից հետո անդրադառնալու ենք ամբողջ փաթեթի քննարկմանը»: Սահակյանը նշել է, որ իրենք ունեն իրենց տեսակետները, բայց զրկված լինելով բանակցություններին մասնակցելու հնարավորությունից` այսօր ի վիճակի չեն դրանք ներկայացնել: «Եվ երբ խոսում են այս կամ այն սկզբունքների մասին, լինի մադրիդյան կամ այլ, գիտակցում ենք, որ բոլոր սկզբունքները պետք է համաձայնեցված լինեն առաջին հերթին ԼՂՀ իշխանությունների հետ»,- ասել է ԼՂՀ նախագահը: Ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) առաջատար անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ Ղարաբաղի ժողովուրդը և իշխանությունը պետք է հստակ իրենց դիրքորոշումն արտահայտեն կարգավորման առկա առաջարկների վերաբերյալ: Միևնույն ժամանակ նա վստահ է, որ Հայաստանի և Ղարաբաղի ժողովուրդը թույլ չի տա, որ Հայաստանի իշխանությունը, որն այժմ գնում է առկա առաջարկներին հավանություն տալու ճանապարհով, ստորագրի այդ առաջարկներով կարգավորման որևէ փաստաթուղթ: Ըստ նրա` այդ փաստաթղթով միջազգային հանրությունը ական է դնում Կովկասում, և այն կպայթի ցանկացած պահի: «Եթե կարգավորումը տեղի ունենա առկա առաջարկի հիման վրա, ապա կլինի պատերազմ, որը կլինի առավել դաժան, քան առաջինը: Այդպիսով միջազգային հանրությունը չի բավարարվի միայն դրանով և Կովկասը փաստացի կդարձնի արաբա-իսրայելական գոտու պես պերմանենտ հակամարտությունների տարածաշրջան, ինչը կբխի գերտերությունների շահերից»,- ասել է նա:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.