Պահանջների բավարարման ձախողում. Համմարբերգը քննադատում է Հայաստանի պատասխան քայլերը ԵԽԽՎ բանաձևերին

Պահանջների բավարարման ձախողում. Համմարբերգը քննադատում է Հայաստանի պատասխան քայլերը ԵԽԽՎ բանաձևերին


Թոմաս Համմարբերգը

Իր եռօրյա այցի վերջին օրը Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը լրագրողների հետ հանդիպման ընթացքում կոշտ գնահատականներով հանդես եկավ մարտի 1-ի իրադարձությունների նախաքննության և ԵԽԽՎ` Հայաստանի վերաբերյալ երկու բանաձևերի թերի կատարման մասին:

Երևանում շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ Թոմաս Համմարբերգը դժգոհություն հայտնեց Հայաստանում այս գործընթացի առնչությամբ:

Դրական գնահատելով այն փաստը, որ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խումբ է ստեղծվել, Համմարբերգը, ընդհանուր առմամբ իր դժգոհությունն արտահայտելով հայտնի դեպքերի նախաքննության ընթացքի, դատավարությունների, վկանների հարցաքննության մեթոդների, ինչպես նաև «քաղբանտարկյալների» և այլ կնճռոտ հարցերի շուրջ, հայտարարեց, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում Հայաստանի հարցը ևս քննարկման է դրված:

«Ես անվարան քննադատական մոտեցում կորդեգրեմ, եթե բանը հասնի այս հարցում ԵԽ դիրքորոշման ձևավորմանը,- ասաց մարդու իրավունքների հանձնակատարը` ավելացնելով, թե իր` Եվրախորհուրդ ներկայացնելու զեկույցում միակ դրական քայլը վերաբերելու է փաստահավաք խմբի ձևավորմանը:

Ես ստիպված եմ լինելու քննադատորեն արտահայտվել զարգացումների կամ, ավելի ստույգ` դրանց բացակայության մասին»,- մեկնաբանեց նա:

Համմարբերգը լրագրողներին տեղեկացրեց, որ քննադատաբար է վերաբերվում թե՛ մարտի 1-ի գործով արդեն ավարտված դատավարություններին և թե՛ 7-ի գործով սպասվող դատավարության նախապատրաստությանը:

«Առայժմ հասու չեմ եղել կուռ ապացույցների, որոնց հիման վրա անկախ դատարանը կկարողանար այդ անձանց մեղադրել բռնի ուժով իշխանությունը զավթելու փորձերի մեջ»,- ասաց Համմարբերգը` ակնարկելով այն գործը, որն առնչվում է նաև փետրվարի նախագահական ընտրություններում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանին, ինչպես նաև մարտի 1-ի հայտնի իրադարձություններին առնչվող նախնական կալանքի մեջ գտնվող ԱԺ երեք պատգամավորներին (բոլորը մեղադրվում են Քրեական օրենսգրքի` «պետական իշխանությունը բռնազավթելու» և «զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու» հոդվածով):

Մի շարք այլ խնդիրների մասին իր մտահոգությունն արտահայտելով` Համմարբերգը նշեց, որ մարդիկ արդեն 8 ամիս առանց բավարար ապացույցների գտնվում են անազատության մեջ: Նա տեղեկացրեց, որ եթե իր ուսումնասիրությունները ցույց տան, որ չկան հիմքեր, որ այդ մարդիկ իսկապես հանցագործություն են գործել, ինքը ԵԽ-ում առաջ կքաշի «քաղբանտարկյալի» մասին ձևակերպման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով մարտիմեկյան արյունալի դեպքերին` մարդու իրավունքների հանձնակատարը նշեց, որ զոհվածներից 3-ի մարմիններում հայտնաբերվել են գազային ատրճանակի պարկուճներ, որոնք և այդ մարդկանց մահվան պատճառ են դարձել:

«Այդ պարկուճներն արձակվել են ոստիկանության ձեռքին գտնվող զենքից, և հայտնի է ոստիկանության ծառայողների այն նեղ շրջանակը, որոնց [այդ գիշեր] տրվել են այդ զենքերը: Ես նաև ենթադրում էի, որ հնարավոր է պարզել, թե ում ձեռքին է գտնվել այդ զենքը, որից արձակված պարկուճը դարձել է մահվան պատճառ,- ասաց Համմարբերգը: - Արդեն երկու անգամ այս հարցը քննարկել եմ դատախազությունում: Նրանց պատասխանն այն է, որ շարունակում են ջանասիրաբար աշխատել հենց այս հարցի շուրջ, սակայն դեռ հնարավոր չի եղել ճշգրիտ պարզել դա»:

«Իմ ձեռք բերած ամբողջ տեղեկություններն ինձ բավականին հիասթափեցնում են»,- հայտարարեց Համմարբերգը` նշելով, որ այս դեպքում ո՛չ պատերազմը Վրաստանում, ո՛չ ԼՂ հիմնախնդիրը, ո՛չ էլ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ մարտիմեկյան իրադարձությունների նախաքննության և հետագա զարգացումների վերաբերյալ իր կարծիքի վրա:

«Քանի որ խոսքը մարդու տարրական իրավունքների մասին է, որի խախտումը որևէ կերպ հանդուրժելի չէ»,- ասաց Համմարբերգը:

Մարդու իրավունքների հանձնակատարը «ԱրմենիաՆաուին» տեղեկացրեց, որ հունվարին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ, երբ քննարկման դրվի Հայաստանի հարցը և մինչ այդ փոփոխություններ չլինեն, հավանական է պատժամիջոցների կիրառումը:

«Եթե բավարար վիճակ չլինի, չի բացառվում, որ Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից,- ասաց Համմարբերգը: - Մինչև հունվար ժամանակ կա, դեռ կտեսնենք»:


ԱրմենիաՆաուի էջերում