Բանակցություններ Թուրքիայում. Երևանն ու Անկարան ձգտում են «հարաբերությունների լրիվ նորմալացման»

Բանակցություններ Թուրքիայում. Երևանն ու Անկարան ձգտում են «հարաբերությունների լրիվ նորմալացման»


Հայ-թուրքական պատմականորեն լարված հարաբերությունների կարգավորման ճանապարհին երեկ` նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան, Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները:

Ըստ պաշտոնական և լրատվամիջոցների հաղորդագրությունների` երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Բաբաջանը գործնական ճաշ են ունեցել Ստամբուլի «Չորս եղանակ» հյուրանոցում, որի ժամանակ քննարկել են տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր, այդ թվում` Թուրքիայի առաջարկած Կովկասյան համագործակցության և կայունության պլատֆորմը:

Լրատվամիջոցների համար հանդիպումը փակ է եղել:

«Մեր նպատակը երկկողմ հարաբերություններն ամբողջությամբ նորմալացնելն է»,- ըստ թուրքական լրատվամիջոցների և Հայաստանի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունների` Բաբաջանն ասել է լրագրողներին հանդիպումից հետո` «արդյունավետ ու կառուցողական» գնահատելով Նալբանդյանի հետ հանդիպումը:

Նալբանդյանը, որը մեկ օրով այցելել էր Ստամբուլում գտնվող Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության քարտուղարություն ու Հայաստանի մշտական ներկայացուցչություն այդ կազմակերպությունում, տեղում հրավեր է ստացել Բաբաջանից և ընդունել այն:

Նա հայտարարել է, որ ինքն ու Բաբաջանը որոշել են շարունակել հարաբերությունների նորմալացմանն ուղղված իրենց ջանքերը:

«Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ վերահաստատել առանց որևէ նախապայմանի, և մենք նույն մոտեցումն ենք ակնկալում թուրքական կողմից»,- Բաբաջանի հետ հանդիպումից առաջ անցկացված մամլո ընդարձակ ասուլիսի ժամանակ հայտարարել է Նալբանդյանը:

Հաղորդվում է նաև, որ հայ նախարարը հորդորել է Թուրքիային վերաբացել Հայաստանի սահմանը:

«Աշխարհում շատ կան երկրներ, հարևան երկրներ, որոնք դեռևս չլուծված խնդիրներ ունեն,- ասել է Նալբանդյանը: - Սակայն այդ երկրները դիվանագիտական հարաբերություններ ունեն, բաց սահմաններ ունեն, նրանք բաց են միմյանց համար, իսկ այդ պայմաններում շատ ավելի հեշտ է բանակցել»:


Գրեթե երկուսուկես ժամ տևած հանդիպումից հետո Բաբաջանն ասել է լրագրողներին, որ մոտ օրերս երկու երկրները շարունակելու են քաղաքական շփումները:



ԱրմենիաՆաուի էջերում