Շախ և մատ. Հայաստանը պահպանում է օլիմպիական չեմպիոնի կոչումը

Շախ և մատ. Հայաստանը պահպանում է օլիմպիական չեմպիոնի կոչումը


Շախմատի չեմպիոնները ևս երկու տարի կկրեն իրենց թագը: Դա պարզ դարձավ երեքշաբթի երեկոյան Գերմանիայում անցկացվող շախմատի օլիմպիադայում:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը հաղթել էր Թուրինում անցկացված նախորդ օլիմպիադայում, Դրեզդենում վերջին` 11-րդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Չինաստանի հավաքականին` ապահովելով իր համար առաջին տեղն ու չեմպիոնի կոչումը:

Չեմպիոնի կոչումը պահպանելու ճանապարհին հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Արտաշես Մինասյանը հաղթեցին Իտալիայի, Մոլդովայի, Ֆարերյան կղզիների, Նիդեռլանդների, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Չինաստանի հավաքականներին և ոչ-ոքի խաղացին Ուկրաինայի ուժեղ հավաքականի հետ: Միակ պարտությունը Հայաստանի թիմը կրեց 9-րդ տուրում Իսրայելի հավաքականից:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը նաև գլխավորում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, երկուշաբթի մեկնել էր Դրեզդեն, որպեսզի ներկա լիներ երեքշաբթի օրվա հանդիպմանը և առաջինը շնորհավորեր թիմին 2006 թվականի հաջողությունը կրկնելու համար: Այդպիսով Սարգսյանը կատարեց իր խոստումը, որ այս ամսվա սկզբին տվել էր գրոսմայստերներին Ջերմուկում անցկացված մարզահավաքի ժամանակ` Գերմանիայում ներկա լինել նրանց խաղերից մեկին:

Դրեզդենից հաղթանակի լուրը խանդավառությամբ ընդունեցին Երևանի շախմատի տանը, որտեղ խաղերին ուղիղ եթերով հետևում էին հարյուրավոր նվիրված երկրպագուներ:

«Ես ոչ մի կասկած չունեի, որ մեր տղաները հաղթելու են: Բայց ամեն դեպքում մեծ թեթևություն զգացի, որ ամեն ինչ ավարտվեց, և մենք կարող ենք տոնել մեր հաջողությունը»,- հաղթանակի լուրը ստանալուց հետո ասաց երկրպագուներից մեկը:

Իսկ Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրեց վեցերորդ տեղը` տանելով մի շարք տպավորիչ հաղթանակներ, մասնավորապես` 4:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնելով Ադրբեջանի հավաքականին:

ԱրմենիաՆաուի էջերում