Շնորհակալության օրվա հանգանակություն. հայությունը պատրաստվում է հինգշաբթի օրվա հեռուստամարաթոնին

Նոյեմբերի 27-ին Լոս Անջելեսում կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն ավանդական դարձած հեռուստամարաթոնը, որն այս Շնորհակալության օրը կանցկացվի 11-րդ անգամ:

Կաբելային, արբանյակային և ինտերնետային կապի շնորհիվ «Հեռուստամարաթոն-2008»-ը կհեռարձակվի աշխարհով մեկ` համախմբելով բոլոր հայերին` Հայաստանում թե սփյուռքում, իրենց ընդհանուր հայրենիքը շենացնելու գործում:

(Մարաթոնի ընթացքին հնարավոր կլինի հետևել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքէջում` http://www.armeniafund.org:)

Ըստ հիմնադրամի տարածած ուղերձի` այս տարի աշխարհասփյուռ հայերին միավորած մարաթոնի ընթացքում հանգանակված գումարները կուղղվեն Հայաստանի և Արցախի գյուղերում «հիմնական ենթակառուցվածքների վերականգնմանը` զգալի փոփոխություն մտցնելով բնակիչների կյանքում»:

«Հեռուստացույցը միացնելով` Դուք կարող եք մասնակից դառնալ մեր ընդհանուր երազանքի իրականացմանը: Նոյեմբերի 27-ին Դուք հնարավորություն կունենաք Ձեր ներդրումն ունենալ Հայաստանի և Արցախի ժողովրդի կյանքը փոքր-ինչ լավացնելու գործում»,- նշված է հիմնադրամի ուղերձում:

Անցյալ շաբաթ` նոյեմբերի 18-ին, մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական «Հեռախոսամարաթոն-2008»-ի նախնական արդյունքների համաձայն` հայտարարվել է 1.200.000 եվրո (շուրջ 1,5 մլն դոլար) նվիրատվության մասին:

«Չնայած միջազգային ֆինանսական ճգնաժամին` այս տարվա ցուցանիշը մոտ 80.000 եվրոյով գերազանցում է նախորդ տարվանը»,- նշվում է հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ:

«Հիմնադրամը տարբեր միջոցներ և գործիքներ է օգտագործում ամենամյա դրամահավաքը կազմակերպելու համար,- ասում է հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը: - Թե հեռախոսամարաթոնները, թե ռադիոմարաթոնը, թե դրամահավաք ճաշկերույթները և, ի վերջո, հեռուստամարաթոնը հաջողությամբ են պսակվում հատկապես այն պատճառով, որ մենք մշտապես հավատարիմ ենք մեր առաքելությանը` համախմբել աշխարհասփյուռ հայությանը հայրենիքի շենացման գերնպատակի շուրջը»:

Անցյալ նոյեմբերին հիմնադրամը հավաքեց աննախադեպ խոշոր գումար` 15,3 միլիոն դոլար:

ԱրմենիաՆաուի էջերում