Ապրել ՄԻԱՎ-ով. թերթի ներդիրն անդրադառնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրին Հայաստանում

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս խնդրին է անդրադառնում ԱՅՌԵՔՍ-ի «Այս ամիս» ամսաթերթ-ներդիրը: Հանրապետությունում, պաշտոնական տվյալներով, ապրում են 649 ՄԻԱՎ-ով հիվանդներ, սակայն իրական թիվը շատ ավելին է:

8-էջանոց ներդիրն անդրադառնում է ոչ միայն առողջության ու բժշկության հեռանկարներին առնչվող նրբին հարցերին, այլև ավելի քան մեկ տասնամյակ առաջ հայ գիտնականների ստեղծած վիճահարույց «Արմենիկում» դեղամիջոցին:

Թերթի հոդվածներում խոսվում է այն մասին, թե որքանով ավանդականության պատնեշները և սեռական կյանքի մասին լռելու սովորությունը կարող են վնասել վերարտադրողական առողջությանը:

Ներդիրում ընդգրկված է, թերևս, եզակի մի հոդված, որը պատմում է ՄԻԱՎ-ով ապրող մի հայ կնոջ մասին, ով անկեղծորեն ներկայացրել է իր կյանքն ու զգացողությունները, պատմել, թե որքան դժվար է ապրել այս հիվանդության ու դրա տարածման մասին սխալ պատկերացումներ ունեցող այս հասարակության մեջ:

Ինչպես և մյուս համարները, պարբերականի այս համարը ևս հայերենով տպագրվել է 29,000 օրինակ (ևս 2000-ը անգլերեն) և բաժանվել հանրապետությունում լույս տեսնող այն թերթերին, որոնք մասնակցում են ԱՅՌԵՔՍ-ի (ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ֆինանսավորմամբ) Զանգվածային լրատվամիջոցների աջակցության ծրագրին (այստեղ կարդացեք ամսվա թողարկումը):



ԱրմենիաՆաուի էջերում