Ամանփուրի «թերացումը». CNN-ի վավերագրական ֆիլի շուրջ աղմուկ է բարձրացել
Քրիստիան Ամանփուրի ներկայացրած «Ճիչ արյունոտ սպանդների մասին» տպավորիչ վավերագրական ֆիլմը մի համոզիչ հայացք է պատմության ընթացքում իրականացված ցեղասպանություններին և նրանց, ովքեր ականատես են եղել և զգուշացրել են խուլ աշխարհին այդ դաժանությունների մասին: Բայց Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) և Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը (ՀԴՎԳ) քննադատել են CNN-ի միջազգային գլխավոր թղթակցին` 1915 թ. Հայոց ցեղասպանությունը պատշաճ ներկայացնել չկարողանալու համար: Երկու կազմակերպություններն էլ տարածել են հայտարարություն, որով կոչ են անում հանրությանը դիմել CNN հեռուստաընկերությանը և, ուշադրություն հրավիրելով վավերագրական ֆիլմի առնչությամբ Ամանփուրի «լուրջ թերացման» վրա, կազմակերպությունից պահանջել փոխել «անպատշաճ հաղորդումը»: «Այս վավերագրական ֆիլմն ուշադրություն է հրավիրում այն խիզախ մարդկանց վրա, ովքեր կոչ են արել իրենց կառավարություններին և ահազանգել միջազգային հանրությանը իրականացրած դաժանությունների մասին: Ցավոք, ընդամենը մեկ րոպե է հատկացվել Հայոց ցեղասպանությանը,- ասվում է ԱՀՀ-ի հայտարարության մեջ: - Հայոց ցեղասպանությունը նախատիպային ցեղասպանություն է, որը կրկնվել է ամբողջ 20-րդ դարի ընթացքում: 1915 թ. կիրառված մարտավարությունը այսօր առկա է Դարֆուրում, ներառյալ դրա հերքումը` որպես ցեղասպանության վերջնական փուլ: ՀԴՎԳ-ի հայտարարության մեջ նշվում է. «Ցավոք, արջի ծառայություն մատուցելով իր միլիոնավոր հեռուստադիտողներին` CNN-ը անտեսել է Հայոց ցեղասպանությունը որպես առաջին նման իրադարձություն, չնայած հենց այս դաժանությունն է ստիպել միջազգային իրավաբան Ռաֆայել Լեմկինին նոր բառ ստեղծել այդ երևույթի համար և հասնել նրան, որ ընդունվի ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան: Ֆիլմը սկսվում է «ցեղասպանություն» բառի ստուգաբանությամբ և անդրադառնում է Լեմկինին այդքան հուզած հակամարտություններին, որը, Ամանփուրի ներկայացմամբ, Օսմանյան թուրքերի կողմից 1,5 միլիոն հայերի կոտորածով խորապես ցնցված` սահմանել էր «ցեղասպանություն» բառը: Ինչպես գրել է Արա Խաչատուրյանը անցյալ շաբաթվա վերջին «Ասպարեզի» առաջնորդող հոդվածում, «գրեթե 90 րոպե տևողությամբ հաղորդման մեջ Հայոց ցեղասպանությանը հատկացվում է մոտ 45 վայրկյան` հանուն մարդկային արդարության Լեմկինի պայքարի առնչությամբ: Ներկայացնելով լուսանկարներ, որ այժմ ծանոթ են բոլոր հայերին և, հավանաբար, վերցված են Արմին Վեգների հավաքածուից, Ամանփուրը ցույց է տալիս Հայոց ցեղասպանության սարսափը, սակայն չի խորանում դրա մեջ այնպիսի վճռականությամբ, ինչպես ցեղասպանության մյուս դրսևորումներին անդրադառնալիս»: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ասում է, որ իր տպավորությամբ` ինքը դիտել է ֆիլմի միայն երկրորդ մասը: «Կարծում եմ` Քրիստիան Ամանփուրը մոռացել է նկարահանել ֆիլմի առաջին մասը`Հայոց ցեղասպանության հատվածը, որը դարասկզբի ցեղասպանության դասական օրինակ է: Եվ հենց հայոց ցեղասպանության անպատժելիությունը հանգեցրեց դարի մյուս ցեղասպանություններին»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Դեմոյանը: Նրա խոսքով` հեղինակը պետք է նշեր այն փաստը, որ երբ վայրագությունները դեռևս շարունակվում էին կործանվող Օսմանյան կայսրությունում, վավերագրական վկայությունների վրա հիմնված ցեղասպանության մասին առաջին գեղարվեստական ֆիլմը նկարահանվեց 1918 թ. հենց Կալիֆորնիայում` ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերության կողմից: «Սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց ցեղասպանության ականատես Արշալույս Մարտիկանյանն էր: Այդ ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 1919 թ. Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում, որի պրեմիերային ներկա են եղել Նյու Յորքի մոտ 7,000 ականավոր անձինք»,- ասաց Դեմոյանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 4 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.