Նոր տարվա բանաձև՞. Հայաստանի կարգավիճակի առնչությամբ ԵԽԽՎ որոշումից մեկ ամիս առաջ

Նոր տարվա բանաձև՞. Հայաստանի կարգավիճակի առնչությամբ ԵԽԽՎ որոշումից մեկ ամիս առաջ


Հյուսիսային պողոտան կրկին դարձավ քաղաքական «զբոսանքների» վայր

Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանից գրեթե մեկ ամիս առաջ, ուր մարտյան հայտնի ողբերգական դեպքերից հետո կրկին քննության է դրվելու Հայաստանի հարցը` ապրիլյան և հունիսյան բանաձևերի հետ մեկտեղ, Երևանի կենտրոնական Հյուսիսային պողոտայում, չնայած դեկտեմբերյան ցրտին, ընդդիմությունը շարունակում է «քաղաքական զբոսանքները»` իր դժգոհությունն արտահայտելով երկրում տիրող քաղաքական իրավիճակից:

Մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո, երբ ուժայինների հետ բախումների հետևանքով առնվազն 8 քաղաքացի և 2 ոստիկան զոհվեցին, ընդդիմության հարյուրավոր անդամներ վիրավորվեցին, և մոտ հարյուրը ձերբակալվեց, ԵԽԽՎ-ն ապրիլի 17-ին ընդունեց 1609 բանաձևը` Հայաստանին «ժողովրդավարության ուղի» վերադարձնելու համար:

Բանաձևում ստրասբուրգյան վեհաժողովը նշել էր Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտ չորս հիմնական կոնկրետ պահանջներ, որոնք առնչվում էին հանրահավաքների մասին օրենքում կատարված փոփոխություններն անվավեր ճանաչելուն, քաղաքական բոլոր ուժերի միջև բաց ու լուրջ երկխոսություն ծավալելուն:

ԵԽԽՎ-ն բանաձևում պահանջում էր «անհապաղ նախաձեռնել մարտի 1-ի իրադարձությունների և դրանց հանգեցրած հանգամանքների անկախ, թափանցիկ և վստահելի նախաքննություն»: Կոչ էր արվում նաև «ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր կալանավորվել են առերևույթ արհեստական և քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով և անձամբ չեն կատարել որևէ բռնի գործողություն»:

Հունիսյան նստաշրջանի ժամանակ ԵԽԽՎ-ն, «անբավարար» համարելով Հայաստանի` բանաձևին ընդառաջ կատարած քայլերը, ընդունեց մեկ այլ բանաձև, որը առաջ էր քաշում գրեթե նույն պահանջները, սակայն, Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառեց, ինչպես, օրինակ` իր չորս պատվիրակներին ձայնից զրկելը:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը, որը նոյեմբերի վերջին եռօրյա այցով գտնվում էր Երևանում, թեև դրական գնահատեց վերջերս մարտի 1-ի նախաքննության համար ստեղծված փաստահավաք խմբի առկայությունը, այնուամենայնիվ, քննադատեց, իր խոսքով` ընդհանուր «զարգացման բացակայությունը» և հայտարարեց, որ եթե մինչև հունվարյան նստաշրջան իշխանությունները հստակ քայլեր չձեռնարկվեն, Հայաստանը, հնարավոր է, զրկվի ձայնի իրավունքից:

«Իմ ձեռք բերած ամբողջ տեղեկություններն ինձ բավական հիասթափեցնում են,- հայտարարեց Համմարբերգը` նշելով, որ այս դեպքում ո՛չ պատերազմը Վրաստանում, ո՛չ ԼՂ հիմնախնդիրը, ո՛չ էլ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ մարտիմեկյան իրադարձությունների նախաքննության և հետագա զարգացումների վերաբերյալ իր կարծիքի վրա: - Խոսքը մարդու տարրական իրավունքների մասին է, որի խախտումը որևէ կերպ հանդուրժելի չէ»:

Նոյեմբերի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ Համմարբերգը մտահոգություն հայտնեց նախաքննությունների ընթացքի վերաբերյալ, մասնավորապես անդրադարձավ «առանց բավարար հիմքերի» մարդկանց ամիսներ շարունակ կալանքի տակ պահելու խնդրին, ինչպես նաև զոհերի մահվան հետաքննություններին: Նա նշեց, որ երեք քաղաքացիների մարմնում հայտնաբերված պարկուճներն արձակվել են ոստիկանության ձեռքին եղած զենքից, և «հայտնի է ոստիկանության ծառայողների այն նեղ շրջանակը, որոնց տրվել են այդ զենքերը»:

«Ես նաև ենթադրում էի, որ հնարավոր է պարզել, թե ում ձեռքին է գտնվել այդ զենքը, որից արձակված պարկուճը դարձել է մահվան պատճառ,- ասաց Համմարբերգը: - Արդեն երկու անգամ այս հարցը քննարկել եմ դատախազությունում: Նրանց պատասխանն այն է, որ շարունակում են ջանասիրաբար աշխատել հենց այս հարցի շուրջ, սակայն դեռ հնարավոր չի եղել ճշգրիտ պարզել դա»:

Մինչ դատախազությունը և իշխանությունները հայտարարում են, թե ամեն ինչ անում են մեղավորներին պատժելու համար, ընդդիմությունը կրկին ահազանգում է «մարդու տարրական իրավունքների» խախտման, քաղբանտարկյալների գոյության, ինչպես նաև տեղի ունեցածի «մեղավորությունը» միայն իրենց վերագրելու մասին:

«Մարտի 1-ի գործի մեջ իշխանությունները լցրել են իրենց ցանկությունները: Կա հասարակ քաղաքական նպատակ` մեղադրել մարդկանց մարտի 1-ին տեղի ունեցածում, կա մեկ հարց, որպեսզի պատասխան տա մեկը,- ասում է ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: - Տրամաբանությունն այս է` մարտի 1-ին չհավաքվեիք, զոհ չէր լինի, եթե հավաքվել եք` դուք եք մեղավոր»:

Ընդդիմադիր հայտնի քաղաքական գործիչ, այժմ արդեն «Ժամանակ Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր Սուրեն Սուրենյանցը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ ԵԽԽՎ բանաձևերի կատարման ուղղությամբ իշխանությունները «բովանդակային առումով ոչինչ չեն արել»:

«Միայն այն, որ երկրում քաղբանտարկյալներ կան, արդեն իսկ ասում է այն մասին, որ ԵԽԽՎ երկու բանաձևերի պահանջները կատարված չեն»,- ասում է Սուրենյանցը, որը այս տարի փետրվարի 25-ին ձերբակալվել էր` իշխանության յուրացում, անկարգությունների կազմակերպում և այլ մեղադրանքներով, ապա ազատ արձակվել 13-օրյա հացադուլից հետո` ապրիլի 17-ին:

«Ակնհայտ է, որ այդ պահանջները մինչև նստաշրջան չեն կատարվելու»,- ավելացնում է նա:

Սակայն ի տարբերություն Սուրենյանցի` ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն «ԱրմենիաՆաուին» ասում է, թե արվել են քայլեր, որոնց մասին պիտի դատեն քաղաքացիները:

Իշխանական կուսակցության պատգամավոր և ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը հավատացնում է, որ իրենց խնդիրն ամենևին էլ միայն բանաձևերի կատարումը կամ եվրոպացի գործընկերներին հաճոյանալը չէ, այլ Հայաստանը ժողովրդավարության ուղիով տանելն ու մարդկանց մեջ վստահության մթնոլորտի ձևավորելը:

«Շատ դժվար է նման բախումներից հետո բարեփոխումներ իրականացնելը,- ասում է հանրապետական պատգամավորը: - Մարդիկ աշխատում են բաց ու հրապարակային, բացի այդ, ստեղծվել է փաստահավաք խումբ: Հենց ընդդիմությունն է խոչընդոտում` չմասնակցելով մարտիմեկյան նախաքննությանը, ժողովրդի մոտ անվստահություն է առաջացնում գործընթացների հանդեպ: Ճիշտ է` բազմաթիվ քայլեր կան անելու, սակայն շատ բան էլ արվել է, և դա նկատում են նաև միջազգային գործընկերները»:

Էդուարդ Շարմազանովն ասում է, որ Համմարբերգի քննադատությունը ոչ թե քար էր` նետված իշխանություններին, այլ խորհուրդ` երկիրը ճիշտ ճանապարհով տանելու ուղղությամբ:

ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը լիահույս է, որ մինչև հունվար դեռևս ժամանակ կա, և փոփոխություններ կլինեն:

«Կարծում եմ` մինչև Հայաստանի հարցը քննարկման դրվի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում, շատ բան փոխված կլինի: Արդեն նախագահը սկսել է ներման պրոցեսը, մնացել է հայտնի 7-ի գործը լսվի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Պետրոսյանը (նկատի ունենալով ընդդիմության յոթ առաջնորդներին, այդ թվում` նախկին ԱԳ նախարար և Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանին` սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ անելու համար): - Հնարավոր է` համաներում հայտարարվի, որի մասին շատ է խոսվում, իսկ այդ դեպքում համաներումը կտարածվի նաև մարտի 1-ի գործի վրա»:

Շարմազանովը ևս մատնանշում է նախագահ Սերժ Սարգսյանի օրերս հայտարարած ներումը մարտի 1-ի գործով երեք հոգու նկատմամբ:

«Այդ քայլերը ևս փաստում են, որ նախագահը ներում է ու չի գնում ռեպրեսիաների,-ասում է Շարմազանովը: - Այդ քայլերը հիմք են տալիս ենթադրելու, որ իշխանությունների քայլերը տեսնելով` հունվարին ԵԽԽՎ-ում Հայաստանը ամենայն հավանականությամբ չի զրկվի ձայնի իրավունքից»:

Ընդդիմադիր Սուրեն Սուրենյանցը ևս հավաստում է, որ հունվարին Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու «պատիվ» չի սպառնում, սակայն, ըստ վերլուծաբանի, հարցն ամենևին էլ իշխանությունների կատարած «դրական քայլերը» չեն:

Սուրենյանցի կարծիքով` հունվարյան նստաշրջանում ԵԽԽՎ-ն Հայաստանի վերաբերյալ շատ ավելի խիստ և պարտավորեցնող բանաձև կընդունի` Հայաստանի անդամության սառեցման հարցը կրկին թողնելով օրակարգում:

«ԵԽԽՎ-ն առաջնորդվում է ոչ միայն ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրներով, այլ նաև կոնկրետ շահերով,- ասում է Սուրենյանցը: - Ներկայումս, երբ ընթանում է ԼՂՀ կարգավորման գործընթացը, քիչ հավանական եմ համարում, որ ԵԽ-ն Հայաստանը դուրս թողնի այդ կառույցից` խախտելով քաղաքական պարիտետի սկզբունքը: Եթե Ադրբեջանը դուրս չի մնալու գրեթե նույն ավտորիտար համակարգը ունենալով, Հայաստանի մասով նման կտրուկ որոշում էլ չի կայացվի»:

ԱրմենիաՆաուի էջերում