Ցեղասպանության ճանաչման կոչ. Հայաստանի և Թուրքիայի մտավորականներն անդրադառնում են 1915 թ. իրադարձություններին
«Թուրքիայի ղեկավարությունը պետք է ընդունի անհերքելի ճշմարտությունը և ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը» «Վերջին իրադարձությունների արդյունքում Հարավային Կովկասում ստեղծված նոր կացությունը, Ձեզ Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի համարձակ քայլն ու կայացած հանդիպումը կրկին հաստատում են, որ Հայաստան-Թուրքիա հարևանության բնականոնացումը պահանջում է խիզախ և իրապաշտ լուծումներ: Առաջին հերթին մենք կանգնած ենք Հայոց ցեղասպանության կնճռոտ հարցի առջև»,- ասվում է նամակում: Իրենց նամակում հայաստանցի հայտնի գրողները, երաժիշտները, թատերական գործիչներն ու մտավորականության այլ ներկայացուցիչներ նշում են, որ ներկայիս Թուրքիա պետությունը Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդն է, որը պատասխանատվություն է կրում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության համար: «Թուրքիայի ղեկավարության Ձեր սերունդը պետք է ընդունի անհերքելի ճշմարտությունը և ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Կարծում ենք` սա առաջին հերթին հենց թուրք ժողովրդին է անհրաժեշտ: Այդպիսով նա կազատվի պատմության բեռից և բաց ճակատով կկանգնի մյուս պետությունների կողքին: Միայն այդպես է հնարավոր փակել այս էջը և համարձակ քայլ անել դեպի ապագա: Միայն այս դեպքում կկայանա մեր երկու ժողովուրդների անկեղծ երկխոսությունը և ցանկալի իրական հաշտության գործընթացը»,- ասվում է նամակում: Վերջին ամիսներին հայ-թուրքական լարված հարաբերություններում գրանցվել է կտրուկ ձնհալ, որի սկիզբը դրվեց այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությամբ», երբ նախագահ Սարգսյանը սեպտեմբերին Երևան հրավիրեց իր թուրք պաշտոնակցին` միասին դիտելու ֆուտբոլի Աշխարհի գավաթի որակավորման փուլի հանդիպումը երկու երկրների հավաքականների միջև: Գյուլի այցին հաջորդեցին փակ սահմաններ ունեցող և դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների ներկայացուցիչների մի շարք հանդիպումներ: Մասնավորապես, ապագա հարաբերությունների մասին բանակցություններ վարեցին երկու երկրների արտգործնախարարները: ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան ցայսօր վավերացրել է 135 երկիր, այդ թվում` Թուրքիան: Սակայն Թուրքիայի բոլոր կառավարությունները հետևողականորեն ժխտում են, որ 20-րդ դարասկզբին իրականացված հայերի սպանություններն ու տեղահանությունը ցեղասպանություն է: Այս շաբաթ Երևան այցելած Ստամբուլի երկլեզու` հայերեն և թուրքերեն «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը` անդրադառնալով թուրք մտավորականների տարածած հայտարարությանը (մի խումբ թուրք մտավորականներ դեկտեմբերի 5-ին ներողություն են խնդրել «այն մեծ ողբերգության համար», որը բաժին է ընկել Օսմանյան Թուրքիայի հայ փոքրամասնությանը` ստիպելով նրա թուրք բարեկամներին հանդես գալու նման նախաձեռնությամբ), ասել է, որ ստորագրահավաքը շարունակվելու է մեկ տարի: Ըստ խմբագրի` թուրք մտավորականներն այդ քայլին գնացել են «յուրաքանչյուրն իր խղճի ձայնը լսելով»:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 11 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.