«Մենք ներողություն ենք խնդրում». թուրք մտավորականները ներողություն են խնդրում հայ ժողովրդից ցեղասպանության համար
www.ozurdiliyoruz.com կայքում խնդրագիր է տեղադրված, որին բոլոր ցանկացողները կարող են միանալ: Խնդրագրի ներքո (որը հրապարակվել է մի քանի լեզուներով) առաջին 24 ժամվա ընթացքում ստորագրել են ավելի քան 5000 մարդ, այդ թվում` ավելի քան 200 թուրք լրագրողներ, քաղաքագետներ, պատմաբաններ, երաժիշտներ և գիտնականներ: Այդուհանդերձ, խնդրագրում «ցեղասպանություն» բառը չի հիշատակվում, փոխարենը խոսվում է «մեծ աղետի» մասին: «Իմ խիղճը չի ընդունում, որ մենք անհաղորդ մնանք և ուրանանք մեծ աղետը, որին Օսմանյան Թուրքիայի հայերը ենթարկվել են 1915 թ.: Ես մերժում եմ այդ անարդարությունը, կիսում հայ եղբայրներիս ու քույրերիս զգացմունքներն ու ցավը և ներողություն խնդրում նրանցից»: Ստորագրողների թվում են ոչ միայն Թուրքիայի քաղաքացիներ, այլև տարբեր երկրներում ապրող թուրքեր: Ըստ «Հուրիեթ» թուրքական օրաթերթի` առցանց խնդրագրի ներքո ստորագրել է վերջերս Գերմանիայի «կանաչների» կուսակցության համանախագահ ընտրված Ջեմ Օզդեմիրը (Օզդեմիրի անունը կայքէջում կա): Նախաձեռնությունն ինքնին համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել: «Կուրիեր դելա Սերա»-ն իր` «300-ի նամակը` հայեր, ներեցե՛ք մեզ» վերնագրով հոդվածում նշում է. «Ռեջեփ Էրդողանի չափավոր իսլամական կառավարության և հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլի լռությունը կարելի է դիտարկել որպես Հայաստան-Թուրքիա մերձեցմանն ուղղված նախաձեռնության նկատմաբ հետաքրքրության ապացույց»: Ռուսական ինտերնետային Point.ru հանդեսը իր հոդվածը վերնագրել է` «Թուրքերի և հայերի միջև սառույցը հալչում է. «Ենիչերիները» ներողություն են խնդրել»: «Պաշտոնական Անկարան ոչ մի կերպ չէր ցանկանում ճանաչել հայ ժողովրդի զանգվածային ջարդը, որը հետագայում համապատասխանեցվեց «ցեղասպանություն» հասկացությանը, և ոչ էլ ներողություն խնդրել հայերից»: Այդուհանդերձ, սառույցը ճեղքվեց»,- ասվում է ռուսական լրատվամիջոցի հոդվածում: Թեմային անդրադարձել են նաև «Հրեական ամսագիրը»` «Թուրքերը հայ եղբայրներից ներողություն են խնդրում ինտերնետում» հոդվածում, BBC-ն, «Ասոշիեյթեդ պրեսը» և մի շարք ադրբեջանական և հայկական լրատվամիջոցներ: Մինչ այդ, թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ նախաձեռնությունը սուր քննադատության է ենթարկվել երկրի ազգայնական տրամադրված շրջանակների կողմից: Շուրջ վեց տասնյակ թուրք նախկին դեսպաններ այն որակել են «անարդար, սխալ և ազգային շահերին հակասող»: «Նման սխալ և միակողմանի նախաձեռնությունը կնշանակի ոչ այլ ինչ, քան մեր երկրի պատմության նկատմամբ անհարգալից վերաբերմունք»,- ասվում է նախկին դիվանագետների հայտարարության մեջ:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 13 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.