Թեժ գիծ. Վանաձորում նոր կենտրոնն սպասում է կոռուպցիայի դեպքերի մասին քաղաքացիների ահազանգերին
Հակակոռուպցիոն նոր կենտրոն Վանաձորում Թեժ գիծն (0 8000 1112) սկսել է գործել անցյալ ամսից: Այն բացվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ «Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ Վանաձոր, Գյումրի և Երևան քաղաքներում» ծրագրի շրջանակներում: Լոռու մարզի բնակիչներին կաջակցեն Վանաձորում` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, Շիրակի մարզի կոռուպցիայից տուժածներին` Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբում, իսկ երևանցիներին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ում: Այս երեք կազմակերպությունները կազմել են կոալիցիա, որոնց հակակոռուպցիոն գործողություններն առաջիկա 4 տարում ֆինանսավորելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման» ծրագիր իրականացնող «Կասալս ընդ ասոշիեյթս» Ինք. ընկերությունը: Կենտրոնները քաղաքացիներին կտրամադրեն անվճար իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կենտրոնների մասնագետների աջակցությամբ կվերականգնվեն քաղաքացիների խախտված իրավունքները դատական ատյաններում: Բնակիչներից շատերը դեռ չգիտեն կենտրոնի մասին: «Եթե ինչ-որ խախտում նկատեմ, անպայման կզանգեմ»,- ասում է 53-ամյա Ռաֆայել Մովսիսյանը: Նա ևս չգիտեր նորաբաց կենտրոնի մասին, քանի դեռ չէր տեղեկացվել: Կառավարության հակակոռուպցիոն գործողությունները և վերջին շրջանում ակտիվ աշխատանքը Մովսիսյանը խաղ է որակում` առկա լարվածությունը թուլացնելու նպատակով «ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ են դնում»: Նա կարծում է, որ եթե կոռուպցիոն վարքագծի համար պատժվեն ոչ թե միջին օղակի պաշտոնյաները, որոնք քավության նոխազ են դառնում, այլ` բարձր պաշտոններ զբաղեցնողները, ապա այդ դեպքում կհավատա կառավարությանը: «Կոռուպցիայի ողնաշարը պետք է կոտրել»,- կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար կարծում է Մովսիսյանը: Վանաձորի հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակիցները, չսպասելով թեժ գծի հեռախոսազանգերին, ձեռնամուխ են եղել Վանաձորի և Տաշիրի քաղաքապետարանների գործունեության քննությանը, մասնավորապես, այն դեպքերին, երբ Վանաձորի քաղաքապետն անվարձահատույց տարածք է հանձնել անհատի, իսկ Տաշիրի քաղաքապետը կենտրոնի մտահոգությունն է հարուցել համայնքային բյուջեի հատկացումներով: «Որոշումների վերլուծության հիման վրա քայլեր կձեռնարկենք, որպեսզի պաշտոնյաները ենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով Վանաձորի կենտրոնի ղեկավարն է: Կենտրոնն իր մասնաճյուղերն ունի մարզի մյուս քաղաքներում ևս` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածքային ներկայացուցչություններում: Սաքունցն ասում է, որ հակակոռուպցիոն կենտրոնն առաջին հերթին կառնչվի կոռուպցիայի հետևանքներին, հետո միայն` պատճառներին: Ըստ Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարի` կոռուպցիայի դեմ պայքարում առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացիների իրազեկության մակարդակը: «Երբեմն իրենց իրավունքներին անտեղյակ քաղաքացիների մտքով էլ չի անցնում, որ իրենց նկատմամբ կատարվածը հենց կոռուպցիա է, քանի որ կոռուպցիա ասելով` հաճախ հասկանում են կաշառք տալն ու վերցնելը»,- ասում է Սաքունցը: Նրա խոսքով` հաճախ պաշտոնյաները քաղաքացու անգիտությունն օգտագործում են նրանից կաշառք վերցնելու համար: Եթե այս դեպքը համարվում է կոռուպցիայի փոքր դրսևորումներից, ապա պաշտոնեական դիրքի չարաշահումը հանուն որոշ խմբերի շահերի առավել վտանգավոր է, երբ խտրական մոտեցում է ցուցաբերվում մեկ այլ խմբի` հիմնականում` անապահովների նկատմամբ: «Այստեղ չկա փող, բայց կա պաշտոնեական դիրքի օգտագործում` խտրական վերաբերմունքի դրսևորմամբ»: Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Հայկուհի Հարությունյանի գնահատմամբ` այդ որոշումները ազդեցություն կունենան նաև օրենսդրության վրա: «Շատ հաճախ հանդիպող կոռուպցիոն երևույթները հենց օրենսդրական բացերի հետևանք են: Քրեական, քաղաքացիական և վարչական օրենսգրքերով կոռուպցիայի դեպքերի բնութագրման և դրանց համար կիրառվող պատասխանատվությունների միջև լուրջ հակասություններ կան, ավելին` դրանց կիրառման պրակտիկան ավելի է դժվարացնում աշխատանքը»,- ասում է Հարությունյանը: Այս պատճառով էլ կենտրոններն իրենց գործունեությամբ խիստ կարևորում են օրենսդրական փոփոխությունները, որոնց նախաձեռնությամբ հանդես են գալու հետագայում: Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնն առաջիկա երկու տարիներին պրոֆեսիոնալ փաստաբանների հետ մտադիր է 16 գործով դիմել դատարան` հիմնականում նախադեպային նշանակություն ունեցող որոշումներով, որոնք կկիրառվեն նաև այլ դեպքերում: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման» ծրագիրն իրականացնող «Կասալս ընդ ասոշիեյթս» Ինք. ընկերությունը հակակոռուպցիոն կենտրոններ է բացելու նաև հանրապետության մյուս մարզերում:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.