«Նրանք ծաղրում են մեր զոհվածներին». հարազատներն ու կողմնակիցները զայրացած են մարտի 1-ի հանձնաժողովի վերջին զեկույցիցԴատափորձագիտական քննությամբ պարզվել է, որ Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը և Գոռ Քլոյանը սպանվել են ոստիկանության կիրառած «Չերյոմուխա-7» գազային զենքով, որը նախատեսված է գազային փամփուշտներով կրակելու համար: Մինչդեռ դրանց պլաստմասսայե գնդակները պետք է մահաբեր չլինեին: Սակայն, ինչպես այդ մասին անցյալ տարվա մարտին ասաց ինքը` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ այդ զենքերը Հայաստանի ոստիկանությունը ստացել է դեռևս մինչև անկախացում (1991 թ.), դրանք ժամկետանց են եղել և հանգեցրել են մահվան: Մահվան այս երեք դեպքերը հայտնվել էին նախաքննության ուշադրության կենտրոնում, քանի որ դրանք առաջացրել էին մարտի 1-ին ոստիկանության օգտագործած զենքերից: Փորձագետներն ասում են, թե մահվան երեք դեպքերի պատճառը զենքերի սխալ կիրառումն է եղել. ամբոխ ցրելու համար նախատեսված զենքից դիտավորյալ դիմահար կրակել են մարդկանց վրա: Նոյեմբերին հայ քննիչները հայտարարել էին, թե հնարավոր չէ նույնականացնել փամփուշտների բեկորները դրանք արձակած զենքի հետ: Սկզբում ռուսաստանցի փորձագետներն ասացին, թե դա հնարավոր է: Դատախազությունը տեղեկություն ստացավ զենքի արտադրողից, ապա դիմեց ՌԴ ներքին գործերի նախարարության փորձագետներին, որոնք հաստատեցին զենքերի և փամփուշտների նույնականացման հնարավորությունը: Այդպիսով, հնարավոր կդառնար պարզել և պատասխանատվության ենթարկել սպանության համար մեղավոր ոստիկաններին: Դատախազությունը դեռ մի քանի ամիս առաջ պարզել էր, որ միայն չորս ոստիկան է կրակել խնդրահարույց զենքերից: Սակայն փետրվարի 13-ին ռուսաստանցի փորձագետները հայտնեցին, թե «ներկայացված փամփուշտների վրա առկա հետքերը պիտանի չեն նույնականացման (իդենտիֆիկացիայի) համար», ինչն առիթ հանդիսացավ, որ մեղադրանքներ հնչեն, թե Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունները «գործարքի մեջ են մտել»: «Սա ցինիզմ է, որով ծաղրում են ոչ միայն ողջ ժողովրդին, այլ նաև մեր զոհված զավակներին»,- ասում է Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: Նախորդ տարվա հուլիսից դատախազությունը պարբերաբար հայտարարում էր, որ դիմել է տարբեր միջազգային կազմակերպություններ (ՄԱԿ, ԵԱՀԿ, Հայաստանում ԱՄՆ դեսպան)` փորձագետ տրամադրելու խնդրանքով, որպեսզի պարզեն, թե ով է կրակել, նախկին նախագահի խոսքով` այդ «հատուկ միջոցներից»: Դեկտեմբերին մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը նամակ է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությանը «Չերյոմուխա-7» գազային նռնակներով փամփուշտների բնութագրիչների մասին տեղեկություններ ստանալու համար: Նույն ժամանակահատվածում` մեկ օր անց, նույնաբովանդակ նամակ է ուղարկվել նաև դատախազությունից, սակայն հետագայում հանձնաժողովը նամակի պատասխանը չի ստացել, մինչդեռ դատախազությունը պատասխանն առձեռն վերցրել է հենց Մոսկվայում: Հենց այդ պատճառով էլ ընդդիմությունը, այդ թվում` «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, համարում են, որ գործը կոծկում են: «Խնդիրն այն է, որ այդ ընթացքում Մոսկվա մեկնեցին ոստիկանության ներկայացուցիչներ և, որքան գիտեմ, նույնիսկ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, որպեսզի «ավանդական մեթոդներ» կիրառելով` ստանան իրենց ձեռնտու պատասխանը, որպեսզի բացահայտումը ձախողվի»,- ասում է Կարապետյանը` ակնարկելով, որ «ավանդական մեթոդները» խաբեություն են ենթադրում: «Չերյոմուխա-7» գազային փամփուշտների արտադրությամբ զբաղվող Հատուկ միջոցների և կապի գիտահետազոտական ինստիտուտի ներկայացրած պատասխանից պարզվում է, որ Հայաստանն այդ փամփուշտները ձեռք է բերել մինչև 1990 թվականը: Փորձագետները նշում են, որ դրանց պիտանիության ժամկետը հինգ տարի է, և ժամկետը լրանալուց հետո դրանք չի կարելի կրակել: Դեռ մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում ասել էր. «Այդ հատուկ միջոցները մենք ժառանգել էինք դեռ խորհրդային ժամանակներից, իրադարձությունները ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ունենք, բավական հնացած է և միշտ չէ, որ անվտանգ է: Երեք զոհով ավելի քիչ կլիներ մարդկանց թիվը, եթե այդ հատուկ միջոցները, իսկապես, ավելի անվտանգ լինեին»: Սակայն ռուս փորձագետների նամակում նշված է, որ նույնիսկ ժամկետանց փամփուշտները չպետք է մահացու լինեին, եթե դիմահար չօգտագործվեին մարդկանց դեմ (այլ ամբոխը ցրելու նպատակով կրակեին օդ, ինչպես նախատեսված է): Հիմնվելով այս փաստարկի վրա` խորհրդարանական հանձնաժողովի անդամներն արձանագրում են, որ մահվան պատճառը զենքի սխալ օգտագործումն է: «Ցավն այն է, որ այդ երեք երիտասարդները մահացել են ոչ թե գազից, այլ նրանից, որ ուղիղ գլխներին են կրակել, այսինքն` գնդակահարել են,- «ԱրմենիաՆաուին» ասաց Կարապետյանը` հավելելով. - «Եթե ցանկանային պարզել, թե ովքեր են սպանողները, կպարզեին շատ վաղուց»: Այս հատուկ միջոցն օգտագործած ոստիկանների զեկուցագրերում նշված է, որ նրանք կրակել են միայն օդ: Սակայն ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության` փամփուշտներ են գտնվել սպանված երիտասարդներից երկուսի գլխում և մեկի ազդրի հատվածում: Զոհված Տիգրան Խաչատրյանի մայր` Ալլա Հովհաննիսյանն ասում է, որ իր որդու դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ փամփուշտը մարմնի մեջ մխրճվել է «շատ բարձր կինետիկ ուժով»: «Մասնագետներն ինձ բացատրեցին, որ նման կինետիկ ուժով կարող է մխրճվել, եթե կրակում են մոտ տարածությունից և հենց տվյալ անձի վրա, այսինքն` ռիկոշետի հնարավորությունը բացառված է, այսինքն` իմ որդուն ուղղակիորեն գնդակահարել են»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Հովհաննիսյանը: Զոհվածների ընտանիքները նաև հարցնում են, թե ինչու է զոհվածների և վիրավորների մարմիններից հայտնաբերված փամփուշտների փորձաքննությունը սկսվել դեկտեմբերին, երբ դրանք հայտնաբերվել են մարտին: «Քանի որ մինչ այդ նախաքննություն էր կատարվում, զննվում էին գրանցամատյանները, հարցաքննվում էին մարդիկ»,- պատասխանում է Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն ասում է, որ փորձաքննությունն այդքան ուշ սկսելը լիովին հակասում է ընդունված պահանջներին: «Խնդիրը սակայն դա չէ,- ասում է քննչական գործում 25 տարվա փորձ ունեցող Հարությունյանը: - Այդ փորձաքննությունը սպանողին հայտնաբերելու առնվազն 10 հնարավոր ուղիներից միայն մեկն է: Իրական ցանկության դեպքում հարցը կարելի էր պարզել մի քանի օրվա ընթացքում»: Նա պնդում է, որ այս գործում ամենաքիչ մեղքն ունեն կրակող ոստիկանները, առաջին հերթին պետք է պատասխանատվության ենթարկել հրաման արձակողներին: «Ամենամեծ պատասխանատուն հրաման տվողն է, զինվորն իրավունք չուներ ինքնուրույն զենք օգտագործել»: Վերջին եզրահանգումներից դժգոհ է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: «Ես այս փորձաքննություններին չեմ վստահում,- ասում է օմբուդսմանը: - Չեմ հավատում, որ 4 հոգի են (ոստիկանները), 3 սպանված, և հնարավոր չէ պարզել, թե ո՞վ էր մեղավոր»:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 13 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.