Սպասման օրեր. ամերիկահայ համայնքի ղեկավարները հանդիպել են Օբամայի խորհրդականներին Թուրքիա կատարվելիք այցից առաջՀույսերը, որ Օբամայի վարչակազմը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, բավական մեծ են և հիմնվում են նախագահի բազմաթիվ հայտարարությունների վրա` արված ինչպես ամերիկահայերի աջակցությունը վայելած նախընտրական քարոզարշավի ընթացքում, այնպես էլ դրանից առաջ: Անցյալ շաբաթ` Լոնդոնում կայանալիք G-20 գագաթնաժողով Օբամայի մեկնելուց առաջ, որտեղից նա պետք է ուղևորվի Թուրքիա, Ամերիկայի հայկական համագումարի (ԱԱՀ) և Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ԱՆԿԱ) ներկայացուցիչները Սպիտակ տան հրավերով հանդիպում ունեցան Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդականների հետ: «Ամերիկահայ համայնքի ղեկավարությունն ակնկալում է, որ այս ապրիլին նախագահ Օբաման կկատարի իր բազմաթիվ խոստումները` հավուր պատշաճի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ընդլայնելու հայ-ամերիկյան հարաբերությունները և աջակցելու այլ հարցերի, որոնք անդրադառնում են Հայաստանի և հարակից տարածաշրջանի վրա»,- ասվում է ԱԱՀ-ի տարածած հայտարարության մեջ (www.aaainc.org): ԱԱՀ-ը և ԱՆԿԱ-ն (www.anca.org) նախաձեռնել են իրազեկման զանգվածային քարոզարշավներ` հորդորելով իրենց ամերիկացի անդամներին համախմբվել և աջակցել ԱՄՆ Կոնգրեսի թիվ 252 բանաձևին, որը կոչ է անում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այսօր` ուրբաթ, Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԱԱՀ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանն ասաց, որ վստահ է, որ Օբամա-Գյուլ հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակներում կլինեն նաև Հայոց ցեղասպանությունն ու սահմանների բացումը: §… Եվ կարծում եմ, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի կանխի Օբամայի կողմից ցեղասպանություն բառի արտաբերումը և, առհասարակ, ցեղասպանության ճանաչումը: Կարծում եմ նաև, որ հարկ եղած դեպքում Թուրքիան գործի կդնի նաև շանտաժի մեթոդներ` դիպչելով Ամերիկայի շահերին, որոնք կախված են նաև Թուրքիայից,- ասել է Վարդանյանը: - Բայց ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Օբաման հաստատուն կլինի ու հետ չի կանգնի իր խոստումից: Միայն այն, որ նախագահ Օբաման օգտագործի այդ բառը, դեռ չի նշանակում, որ ամբողջ աշխարհն անմիջապես կհետևի նրան և կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Որոշ ժողովուրդների համար դա ավելի բարդ գործընթաց կլինի: Սակայն համոզված եմ, որ շատ ժողովուրդներ, հետևելով ԱՄՆ օրինակին, կճանաչեն և կվերահաստատեն ճշմարտությունը: Ի վերջո, համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ Հայոց ցեղասպանությունն այլևս հարցականի տակ չի դրվի»: Այդուհանդերձ, ընդամենը երեք ամիս առաջ նախագահի պաշտոնը ստանձնած Օբաման կարող է խելամիտ համարել խուսափել հնարավոր տարաձայնություններից` չբարձրացնելով ցեղասպանության հարցը: Կքննարկե՞ն արդյոք երկու նախագահները [ցեղասպանության] հարցը` հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ, նրանց ուշադրության կենտրոնում կլինի Թուրքիայի դերը տարածաշրջանում Ամերիկայի դիրքերի ամրապնդման գործում, մինչ ԱՄՆ-ը սկսում է դուրս բերել զորքերն Իրաքից և մեծացնել իր ներկայությունն Աֆղանստանում: Ավելի հավանական է, որ ԱՄՆ նախագահը հնարավորություն կունենա կատարելու իր խոստումն ապրիլի 24-ին` Հիշատակի օրվա ավանդական ուղերձում:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 6 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.