Զանգ Վաշինգտոնից. ԱՄՆ փոխնախագահը հեռախոսով քննարկում է հայ-թուրքական երկխոսությունը Սարգսյանի հետ

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ` Սերժ Սարգսյանը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:

Մամուլի համար պատրաստված համառոտ հաղորդագրության մեջ նշվում է, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում «կողմերը քննարկել են հայ-թուրքական քաղաքական երկխոսության բանակցային գործընթացին վերաբերող հարցեր»:

Այլ տեղեկություններ կամ մանրամասներ չեն հաղորդվել:

Անցյալ ամիս Սարգսյանը հեռախոսով քննարկել է հայ-թուրքական հաշտեցման հարցերը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Դա տեղի է ունեցել նախագահ Բարաք Օբամայի` Թուրքիա կատարելիք այցից մի քանի շաբաթ առաջ, երբ շատերը հուսով էին, որ Երևանն ու Անկարան շատ մոտ են ստորագրելու մի համաձայնագիր, որը վերջ կդնի թշնամանքի տասնամյակներին ու հարաբերություններ կհաստատի երկու հարևան երկրների միջև:

Այս ամսվա սկզբին` Թուրքիա կատարած երկօրյա այցից շատ չանցած, նախագահ Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը, կարծես, բոլորովին ուրախ չէ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հեռանկարից, քանի որ այն չի նպաստելու ղարաբաղյան հակամարտության ադրբեջանամետ լուծմանը: Ինչպես հաղորդվում է, այդ զրույցի ընթացքում Օբաման շեշտել է հայ-թուրքական հաշտեցման կարևորությունը, որը, նրա խոսքով, «կնպաստի խաղաղության ու ապահովության հաստատմանը տարածաշրջանում»:

Վերջին հեռախոսազրույցը Սարգսյանի ու Բայդենի միջև տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Երևանի ու Անկարայի միջև երկխոսությունը, կարծես, վտանգվել է. պատճառը Թուրքիայի վարչապետ Թայիփ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարություններն են, որոնցով նա հավաստիացնում է Ադրբեջանին և բուն Թուրքիայի ազգայնական ուժերին, որ մինչև ղարաբաղյան հակամարտությունը չլուծվի, հայ-թուրքական հարաբերությունների ոչ մի նորմալացում հնարավոր չէ: Իսկ պաշտոնական Երևանը, որը հայտարարել էր, թե Անկարայի հետ գրեթե ութ ամիս ընթացող բանակցությունների օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարց չի եղել, չէր պատասխանում այդ հայտարարություններին:

Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների բարելավման ձգտումը, հավանաբար, պատճառներից մեկն էր, որ նախագահ Օբաման Թուրքիա կատարած այցի ընթացքում, թեև չէր փոխել իր կարծիքը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի կոտորածի մասին, սակայն չօգտագործեց «ցեղասպանություն» բառը և, ինչպես շատերն են ակնկալում, չի օգտագործի այն նաև ապրիլի 24-ի իր ուղերձում` չնայած նախընտրական շրջանում ազդեցիկ ամերիկահայ համայնքին տված խոստմանը:






ԱրմենիաՆաուի էջերում