Լքում է կոալիցիան. Քաղաքականության շուրջ տարաձայնությունների պատճառով կուսակցությունը հեռանում է իշխանությունից

Արմեն Ռուստամյանը
Ազգային հարցերի նկատմամբ կուռ դիրքորոշում ունեցող ավանդական կուսակցությունը հայտարարեց իշխանական կոալիցիայից դուրս գալու մասին` նշելով ներկա վարչախմբի հետ արտաքին քաղաքականության հարցում տարաձայնությունները:

Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը սատարում էր Հայաստանի նախկին և ներկա վարչախմբի և այժմ ԱԺ-ում 131 տեղից զբաղեցնում է 16-ը, երկուշաբթի իր անհամաձայնությունը հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանի և նրա կառավարության վարած ներկա քաղաքականությանը` կապված հարևան Թուրքիայի հետ շարունակվող երկխոսության հետ:

«Մենք չենք կասկածում ՀՀ նախագահին լավ ցանկությունների առումով, բայց կարծում ենք, որ այս ընթացքը լավ տեղ չի տանելու,- նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի` Թուրքիայի հետ վարած բանակցությունները:

«Չեմ կարծում, թե որևէ մեկն ուզենա գիտակցաբար իր հայրենիքին վատություն անել, չեմ պատկերացնում, որ հայ ժողովուրդն ունենա մի իշխանություն, որը գիտակցաբար ինքն իրեն մատնի: Պարզապես դիվանագիտությունը, քաղաքական պայքարը միջազգային արենայում ունեն իրենց նրբությունները, ու այստեղ չպետք է պարտվել»,- հավելեց Ռուստամյանը:

Ըստ ՀՅԴ ներկայացուցչի` որքան էլ նախագահ Սարգսյանը հավաստիացնի, թե առանց նախապայմանների բանակցություններ են վարում, Թուրքիան նախապայմաններից չի հրաժարվում` «դրանք քողարկելով պայմանների ու համաձայնագրային փաթեթների մեջ»:

Վերջին անգամ Դաշնակցությունը կոալիցիայի մեջ մտել է երեք այլ քաղաքական կուսակցությունների հետ, այդ թվում` մեծամասնություն կազմող Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության, անցյալ տարվա փետրվարի վիճահարույց նախագահական ընտրություններից հետո` քաղաքական պայքարի ներքին լարված պայմաններում:

Ռուստամյանը նշեց, որ թեպետ որոշակի հաջողություններ են արձանագրվել երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ու համակարգված բարեփոխումներ իրականացնելու գործում` արտաքին քաղաքականության հարցերի շուրջ տարաձայնությունը սկզբունքային ու անհաղթահարելի էր:

«Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետության ազգային անվտանգության ռազմավարական ուղղություններից մեկը Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես` Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է: Այս առումով մեզ համար անընդունելի ու դատապարտելի էր ապրիլի 24-ի անմիջական նախօրեին և Թուրքիայի ղեկավարների հակահայկական, նախապայմաններ թելադրող կեցվածքի համատեքստում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարության ընդունումը»,- նշված է ՀՅԴ հայտարարության մեջ` նկատի ունենալով Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների ապրիլի 22-ի երեկոյան երկկողմ հարաբերությունները կարգավորող ճանապարհային քարտեզի մասին հայտարարությունը:

Անդրադառնալով համաձայնագրի մասին իրենց տեղեկացված լինելու խոսակցություններին` Ռուստամյանը նշեց, որ որպես կոալիցիայի անդամ` ՀՅԴ-ն միայն տեղյակ է եղել բանակցությունների բուն գոյությանը.

«Մենք գործընթացին տեղյակ էինք, մանրամասներին` ոչ: Քննարկումներ չեն եղել, արդյոք անհրաժե/շտ են ու նպատակահարմար համաձայնագրի բերած փոփոխությունները, ու համաձայնագրի ստորագրման օրվա մասին մեզ հետ քննարկումներ չեն եղել»:

Դուրս գալով կոալիցիայից` ՀՅԴ-ն նաև հրաժարվեց օրենսդիր ու գործադիր մարմիններում իր զբաղեցրած պաշտոններից:

Արդեն որպես ընդդիմություն` ՀՅԴ-ն չի բացառում համագործակցությունը խորհրդարանական ավելի հին ընդդիմություն` «Ժառանգություն» խմբակցության հետ, իսկ իրեն արմատական ընդդիմություն համարող Հայ ազգային կոնգրեսի հետ գաղափարական ընդհանրություններ կուսակցությունը չի տեսնում:



ԱրմենիաՆաուի էջերում