ԵԽԽՎ համազեկուցողները հուսով են, որ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ համաներում կլինի, և ողջունում են Լևոն Տեր-Պետրոսյանի` քաղաքապետի թեկնածության առաջադրումը

«Թեև դեռ վաղ է ամբողջական գնահատական տալ ՀՀ քր. օրենսգրքի 225 և 300-րդ հոդվածների փոփոխությունների արդյունքներին` առաջին նշանները լավատեսության հիմքեր են տալիս»,- հայտարարել են երկու համազեկուցողները` անցյալ շաբաթ Հայաստանում վերջին քաղաքական զարգացումների առնչությամբ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի (ԵԽԽՎ) հանձնաժողովի նիստում քննարկումներից հետո:

Վեհաժողովի պաշտոնական կայքի (http://assembly.coe.int) այս շաբաթվա զեկույցի համաձայն` Ժորժ Կոլումբիեն և Ջոն Պրեսկոտը հատկապես գոհ էին, որ 300 (պետական իշխանությունը բռնությամբ զավթելը) և 225 հոդվածի 3-րդ մասով (սպանություններով ուղեկցվող զանգվածային անկարգությունները) առաջադրված «խնդրահարույց մեղադրանքները» դատախազի կողմից հանվել են ընդդիմության յոթ անդամների վրայից, որոնց գործը ներկայումս դատարանում է:

«Սա հաստատում է մեր տեսակետը, որ 2008 թ. մարտի 1-2 դեպքերը չեն կարող դիտվել որպես պետական հեղաշրջման փորձ»,- ասել են նրանք:

Համազեկուցողներն ընդգծել են, որ այժմ դատարանի գործն է որոշելու` արդյոք յոթի դեմ` զանգվածային անկարգություններն անձամբ կազմակերպելու մեղադրանքները կարո՞ղ են հիմնավորվել վերջերս փոփոխված 225 հոդվածի 1-ին մասով:

«Բոլորի շահերից է բխում, որ այս գործերը որքան հնարավոր է շուտ ավարտվեն,- ասել են նրանք: - Հուսով ենք, որ իշխանությունները նոր մոտեցում կցուցաբերեն` 2008 թ. մարտի 1-2 դեպքերի առնչությամբ բոլոր դատապարտյալներին համաներում շնորհելու մեր առաջարկությանը»:

Համազեկուցողները կարևորել են նաև Երևանի առաջիկա տեղական ընտրությունների դերը Հայաստանում քաղաքական կյանքի կարգավորման գործում և ողջունել Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը` լինելու «հստակ ազդանշան Հայ ազգային կոնգրեսի, որը ցանկանում է հաղթահարել քաղաքական ճգնաժամը և երկրի ժողովրդավարական ինստիտուտներում քաղաքական ուժի դերակատարություն ստանձնել»:



ԱրմենիաՆաուի էջերում