Քաղաքականությունը «Եվրատեսիլում». մրցույթն ավարտվել է, բայց ոչ բանավեճերը

Քաղաքականությունը «Եվրատեսիլում». մրցույթն ավարտվել է, բայց ոչ բանավեճերը


«Եվրատեսիլը» մեկ այլ քաղաքական ճակատամարտ էր Ադրբեջանի և Հայաստանի միջև

Անցյալ շաբաթ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Եվրատեսիլ-2009» մրցույթի անդրկուլիսային կյանքի որոշ դրվագներ կարող են վերաճել իսկական քաղաքական սկանդալի: Անցյալ շաբաթ օրը տեղի ունեցավ երգի համաեվրոպական այս մեծ մրցույթի եզրափակիչը, որտեղ աշխարհամասի հեռուստադիտողների ու ազգային ժյուրիների քվեարկությամբ Հայաստանը մտավ լավագույն տասնյակ եզրափակչի 25 մասնակիցների մեջ:

Սակայն սկանդալն արդեն պայթել էր, ընդ որում` անկախ մրցույթի արդյունքներից: Զարմանալի չէ, որ հայ-ադրբեջանական քաղաքական հակամարտությունն անցավ շոու բիզնեսի բեմ, և կրկին զամանալի չէ, որ սկանդալի նախաձեռնողը դարձավ միցույթում երրորդ տեղը զբաղեցրած Ադրբեջանը:

Ամեն ինչ սկսվեց եզրափակչի նախօրեին, երբ տեղի տալով Ադրբեջանի արտգործնախարարության ճնշմանը` մրցույթի կազմկոմիտեն հայկական երկյակի ելույթին նախորդող տեսահոլովակից հանեց հայ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի` Լեռնային Ղարաբաղի խորհրդանշաններից մեկը հանդիսացող «Մենք ենք` մեր սարերը» հուշարձանի պատկերը: Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել էր, թե հուշարձանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում, որն «Ադրբեջանի անքակտելի մասն է»: «Եվրատեսիլի» կազմկոմիտեն` փորձելով խուսափել սկանդալից, անմիջապես ընդունել էր Բաքվի փաստարկները:

Այդուհանդերձ, սկանդալն անխուսափելի էր:

Ռուսաստանի հայերի միությունը հանդես եկավ հայտարարությամբ. «Որքան էլ զարմանալի է, այդ անհեթեթ պահանջը կատարվեց: Նույնիսկ եթե հաշվի չառնենք, որ այս փաստը մրցույթի կանոնների կոպիտ խախտում է և ոտնահարում է նրա մասնակցի իրավունքները, տարակուսանք է առաջացնում, թե ինչ պատրաստակամությամբ մրցույթի կազմակերպիչներն ընկրկեցին իր հայատյացությամբ հայտնի ադրբեջանական կողմի փաստարկների առջև»:

Հայաստանի հեռուստաքվեարկության արդյունքները ներկայացնող երգչուհի Սիրուշոն ցուցադրաբար ձեռքին էր պահում հուշարձանի լուսանկարով թղթապանակ, որը նա մի քանի անգամ ի ցույց դրեց հեռուստադիտողներին: Բացի այդ, Հայաստանում քվեարկության արդյունքները Երևանից ուղիղ եթերով ներկայացնելիս հուշարձանի պատկերը նույնպես երևում էր:

Ադրբեջանի արձագանքն իրեն սպասել չտվեց: Քաղաքագետ Ֆուադ Ախունդովը հայտարարեց. «1967 թվականին կառուցված այդ հուշարձանն ինքնին շատ պերճախոս է: Հուշարձանը, որ կոչված է ներկայացնելու «հողի մեջ խրված» ծերերի, որոնք, իբր, իրենք սար են դարձել, սակայն կառուցվել է Երևանից բերված վարդագույն տուֆից, շատ լավ ցույց է տալիս, թե ինչպես են հայ ծայրահեղ ազգայնականները փորձել և մինչև օրս փորձում են կառչել ուրիշի հողից և ներկայացնել այն որպես սեփականը»:

Սակայն ուշագրավ է, որ ադրբեջանցիներն աչք են փակում մեկ այլ փաստի նկատմամբ:

Պարզվեց, որ ադրբեջանցի մասնակիցների ելույթին նախորդող տեսահոլովակում ներկայացված էր Իրանի Թավրիզ քաղաքում գտնվող Բանաստեղծների դամբարանը: Այստեղ թաղված են իրանցի ականավոր բանաստեղծներ, գիտնականներ, միստիկներ, այդ թվում` Հագանի Շիրվանին, Ասադի Թուսին, Գատրան Թավրիզին, Շահրիյարը: Դամբարանն անսովոր ձևավորում ունի` այն գտնվում է գետնի տակ, իսկ վրան մոդեռնիստական ոճի կառույց է: Նախկինում դրա տեղում ավանդական գմբեթ էր, սակայն այն քանդվել էր երկրաշարժից: Տապանաքարերը` բանաստեղծների խճանկար պատկերներով, գետնի տակ են:

Ադրբեջանը միշտ էլ հավակնել է Իրանի հյուսիսային տարածքի (Իրանական Ադրբեջան) նկատմամբ, իսկ դրա կենտրոն Թավրիզն անվանել «հնագույն ադրբեջանական քաղաք, ինչին Իրանի ղեկավարությունը շատ բացասական է վերաբերվում:

Հայկական կողմն արդեն դիմել է Երևանում Իրանի դեսպանատուն` նրա ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի մասնակիցներին ներկայացնող տեսանյութում իրանական ճարտարապետական համալիրի առկայության վրա:

Երիտասարդները սկսեցին հաղորդագրություններ ուղարկել իրանական ԶԼՄ-ներին այն մասին, որ ուրիշներին մեղադրելով` Ադրբեջանն ինքն է յուրացնում Իրանի մշակութային ժառանգությունը:

Իրանի դեսպանությունը հետաքրքրվել է այդ հաղորդագրությամբ և մտադիր է դիմել մրցույթի կազմակերպիչներին` բացատրության պահանջով:

Նաև հայտնի է դարձել, որ Ադրբեջանը հեռուստատեսությամբ ցույց չի տվել հայ մասնակիցների հեռախոսահամարները, որ ոչ ոք չքվեարկի Հայաստանի օգտին: Իսկ դա մրցույթի կանոնների կոպիտ խախտում է:

Օրինակ` 2005 թ. Լիբանանի հեռուստատեսությունը չկարողացավ երաշխավորել, որ կապահովի ամբողջ մրցույթի, այդ թվում` Իսրայելի մասնակցի անխափան հեռարձակումը` հիմնավորելով դա Լիբանանի օրենսդրությամբ, որն արգելում է Իսրայելին առնչվող որևէ նյութի հեռարձակում, և որոշեց հրաժարվել մասնակցությունից: Սակայն նրան երեք տարով որակազրկեցին, քանի որ մասնակցությունից հրաժարվելու մասին տեղեկացրել էր «առանց հետևանքների» մրցույթից դուրս գալու ժամկետը լրանալուց գրեթե երեք ամիս անց:

Հայաստանի հանրային հեռուստատեսության քվեարկության նախագծի ղեկավար Ռուբեն Մուրադյանի հավաստմամբ`արդեն «Եվրատեսիլ-2009» մրցույթի կազմկոմիտե է ուղարկվել «ադրբեջանական հեռարձակողին պատժելու պահանջ»: Նրա խոսքով` մեղադրանքը հաստատվելու դեպքում Ադրբեջանին սպառնում է նվազագույնը տուգանք, առավելագույնը` որակազրկում:

Հետևաբար, հայկական կողմի հետևողական քայլերի դեպքում Ադրբեջանը կարող է ենթարկվել «Եվրատեսիլի» կազմակերպիչների պատժամիջոցներին:

«Եվրատեսիլ-2009»-ի հետևանքները դեռ կարող են քաղաքական արձագանքներ ունենալ տարածաշրջանում…

Հարկ է նշել, որ վեճեր հայերի ու ադրբեջանցիների միջև կային նաև անցյալ տարի, երբ «Եվրատեսիլ-2008»-ում Ադրբեջանը ներկայացնում էր Սամիր Ջավադզադե (ծնունդով` Լեռնային Ղարաբաղից) և Էլնուր Հուսեյնով զույգը, իսկ Հայաստանը` Սիրուշոն:

Բելգրադի մրցույթի ավարտից անմիջապես հետո, որտեղ Հայաստանը զբաղեցրեց չորրորդ, իսկ Ադրբեջանը` ութերորդ տեղը, Ջավադզադեն ասաց. «Այն, որ Ադրբեջանը Հայաստանից չորս աստիճան ցածր տեղ զբաղեցրեց, մեզ վրա ամենից շատ ազդեց: Ախր, ես ծնունդով Ղարաբաղից եմ: Եթե նույնիսկ սա պարզապես մրցույթ է, միևնույն է, նրանք մեր թշնամիներն են: Եզրափակչից հետո` մինչև առավոտյան յոթը, չէինք կարողանում հանգստանալ, լաց էինք լինում:

Ամենից շատ հայերն ուզում էին զայրացնել ու խանգարել մեզ: Ծիծաղում էին մեզ վրա, ռեպլիկներ նետում և նույնիսկ ճաշի ժամանակ «կպան» մեր պատվիրակության անդամներից մեկին, սակայն հետո հանգստացան: Դա նրանց ազգային առանձնահատկությունն է, չէ՞ որ նրանք հայ են: Նրանք պետք է ամեն կերպ ցույց տան իրենց անբարեկրթությունը»:

Հենց այն ժամանակ էլ ադրբեջանական կառույցները խոստացան «հաղթել հայերին արդեն «Եվրատեսիլ-2009»-ում»: Էլնուր Հուսեյնովը հայտարարեց. «Ես վստահ եմ, որ հաջորդ տարի Ադրբեջանն այլևս նման խնդրի չի բախվի: Մեր երկիրը բավական տեղեկություններ է հավաքել մրցույթի մասին»:

ԱրմենիաՆաուի էջերում