Տաթևն ուշադրության կենտրոնում. «ԱՄԱՓ»-ն ավարտեց աշխատանքը 9-րդ դարի վանքում` զբոսաշրջության ևս մեկ տեսարժան վայրում

Տաթևն ուշադրության կենտրոնում. «ԱՄԱՓ»-ն ավարտեց աշխատանքը 9-րդ դարի վանքում` զբոսաշրջության ևս մեկ տեսարժան վայրում


Հայաստանի մշակութային ժառանգության վեհաշուք հուշարձաններից մեկը այժմ համալրված է վահանակներով, որոնք տեղացի և օտար զբոսաշրջիկներին մանրամասն տեղեկատվություն են տրամադրում

Ոլորապտույտ ճանապարհի ծայրին` անառիկ լեռների գրկում ծվարել է Հայաստանի իսկական գանձը` Տաթևի վանքը` խորհրդանշելով հայ ժողովրդի պատմական բարդ ճակատագիրը
Մայիսի 27-ին բարձր սարերով անցնող ոլորապտույտ ճանապարհը, որը տանում է դեպի Տաթևի վանքի մենաստանը, լի էր մարդկանցով, ովքեր եկել էին մասնակցելու վանական համալիրում և կիրճում տեղեկատվական վահանակների և ճանապարհային ցուցանակների շնորհանդեսին:

Այժմ յոթ տեղեկատվական վահանակները, որոնք անգլերեն, հայերեն, ռուսերեն, իտալերեն և ֆրանսերեն տեղեկացնում են համալիրի մասին, հրավիրում են հյուրերին Հայաստանի քրիստոնեական ամենակարևոր հոգևոր և մշակութային կոթողներից մեկը:

Տաթևը «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» շրջանակներում կատարված աշխատանքներից ութերորդ կոթողն է: Ծրագրի հիմնական նպատակն է իրազեկել Հայաստանի պատմամշակութային ժառանգության, բնական և ձեռակերտ հրաշքների մասին, ինչպես նաև երկրի հյուրերի այցելությունները դեպի հնավայրեր ավելի լիարժեք ու արժեքավոր դարձնել: Վահանակներում ներկայացված մանրամասն ստուգված տեղեկատվությունը պատրաստել են «ԱՄԱՓ»-ի հետազոտողները, որը հաստատել են մշակույթի նախարարությունը և Հայաստանյայց առաքելական եկեղեցին:

«ԱՄԱՓ» մշակութային-հասարակական կազմակերպությունն ստեղծվել է ՀԿ նախագահ Ռիկ Նեյի և «ԱրմենիաՆաուի» խմբագիր Ջոն Հյուզի մտահղացման արդյունքում, ովքեր Հայաստանում ճանապարհորդությունների ընթացքում զգացին Հայաստանի այցելուների համար տեսարժան վայրերի մասին ավելի ընդգրկուն տեղեկատվության պակասը:

«Տաթևի նման քիչ վայրեր կան, որտեղ ակնածանքն ու երկյուղածությունը միախառնվում են իրար,- ասում է Նեյը: - Հեռու լինելով ավելի մատչելի վայրերից, ինչպիսիք, օրինակ` Գեղարդն ու Էջմիածինն են, Տաթևն անկրկնելի բնության և հրաշալի հուշարձանի միաձուլման անգերազանց օրինակ է: Մեզ համար մեծ պատիվ է, որ մեր ՀԿ-ին է վստահվել Տաթևի գեղեցկության և պատմության պահպանմանն աջակցելու գործը»:

Հայաստանի ամենագեղատեսիլ հուշարձաններից մեկը` Տաթևի վանքը, 1995 թվականից հավակնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կարգավիճակին: Հայաստանի բազմաթիվ հուշարձանների նման այն տուժել է հասարակությանը մատչելի տեղեկատվության պակասից` թողնելով, որ այցելուն ինքը կռահի նրա խորհուրդը կամ ապավինի զբոսավարի գիտելիքներին:

Բացի այդ, կոմունիզմի դարաշրջանի 70 տարիների ընթացքում վանքի մասին պատմամշակութային տեղեկություններից հանվել է վանքի` որպես քրիստոնեության խորհրդանշաններից մեկի հոգևոր նշանակալիության մասը: Միայն այժմ նրա հոգևոր ժառանգության պատմությունը հասարակությանը մատչելի ներկայացված է վահանակներում, որոնք պատրաստել է «ԱՄԱՓ»-ը` USAID-CAPS-ի, Գյումրում Իտալիայի հյուպատոսարանի և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ:

Հաշվի առնելով այն, որ Տաթև տանող ճանապարհն անցում է ժայռոտ զառիթափով և հաճախ գրեթե անանցանելի է` շեշտակի վայրէջքներից ու վերելքներից մինչև վտանգավոր կեռմաններ, ցուցանակները, որոնք այցելուներին ցույց կտան ճանապարհը և մանրամասն տեղեկություն կտան տեղանքի մասին, հատկապես կարևոր են լեռներում ծվարած վանքի համար:

Սյունիքի մարզի լեռնային մարգարիտը` Տաթևը, գտնվում է Երևանից հարավ-արևելք` հինգ ժամ հեռավորության վրա: Վանքը հիմնադրվել է 9-րդ դարում` հնում հայտնի աղոթավայրում: Սարի գագաթին Տաթևը գտնվում է բնական անառակ դիրքում, քանի որ այն ի սկզբանե կառուցված էր որպես պաշտպանական համալիր:

Տաթևի բնակիչները ջերմորեն ողջունեցին տեղեկատվական վահանակների հանդիսավոր բացումը, նրանք հյուրասիրություն էին կազմակերպել հյուրերի համար` ավանդական հայկական լավաշով, պանրով, մեղրով և անուշեղենով: Հյուրերի մեջ էին նաև Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցը և այլք: «Մրցունակ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչ Ալան Սաֆերին հավաքված մոտ 100 գյուղացիներին պատմեց, որ երբ առաջին անգամ Տաթև էր եկել զոքանչի հետ, նրան խիստ վշտացրել էր տեղեկատվության բացակայությունը: Այսօր CAPS-ի համագործակցության շնորհիվ օտար և տեղացի զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ավելի ամբողջական պատկերացում կազմելու Տաթևի և այլ վայրերի մասին, որտեղ այս տարի կիրականացվի նախագիծը, այդ թվում` Քարահունջում, Ամբերդում, Գեղարդում:

Չորեքշաբթի արարողության ժամանակ պրն Մոնտալտոյին (որն «ԱՄԱՓ»-ի առաջին հովանավորն է) շնորհվեց «Գորիսի պատվավոր քաղաքացի» կոչում տարածաշրջանում նրա կատարած աշխատանքների, այդ թվում` Ղարաբաղյան պատերազմի տարիներին` 1990-ականների սկզբին, հիվանդանոց կառուցելու համար:

Իր ելույթում Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը պատմեց Տաթևն ակտիվ զբոսաշրջության գոտի վերածելու կառավարության ծրագրերի, ներառյալ` զբոսաշրջիկներին վանք տեղափոխող հինգ կիլոմետրանոց ճոպանուղու շինարարության մասին:

Վերջին ամսվա ընթացքում Տաթևը «ԱՄԱՓ»-ի ծրագրի շրջանակներում երրորդ հնավայրն է Արմաշից և Եղեգիսից հետո, որտեղ տեղադրվել են վահանակներ: «ԱՄԱՓ»-ի առաջին փուլի շրջանակներում 54 վահանակ և 33 ճանապարհային ցուցանակ են տեղադրվել Գյումրում, Զվարթնոցում, Խոր Վիրապում, Նորավանքում և Գառնիում: Ընթացիկ փուլի վերջին «ԱՄԱՓ»-ը կտեղադրի ավելի քան 260 տեղեկատվական վահանակ և 100 ճանապարհային ցուցանակ 19 հայկական հնավայրերում»:

«ԱՄԱՓ»-ը հույս ունի մինչև տարեվերջ ավարտին հասցնել Հայաստանով, Վրաստանով և Իրանով անցնող պատմական «Մետաքսի ճանապարհի» ուղենշումը:
ԱրմենիաՆաուի էջերում