Զբոսայգու նկարչություն. երեխաները տոնում են շրջակա միջավայրի պաշտպանության օրը

Զբոսայգու նկարչություն. երեխաները տոնում են շրջակա միջավայրի պաշտպանության օրը


Շաբաթվա վերջին երևանցիների ամենասիրելի զբոսայգիներից մեկը` Անգլիական այգին,շողշողում էր ծիածանի պայծառ գույներով` շնորհիվ երեխաների ստեղծած նկարների, որոնք բնապահպանական-նկարչական մրցույթի մասն էին:

3-15 տարեկան երեխաները 4 ժամում բնապահպանական թեմաներով 1500-ից ավելի նկար էին ստեղծել` այդ կերպ նշելով շրջակա միջավայրի պաշտպանության օրը Հայաստանում:

Համահայկական նկարչական այս մրցույթը երկրորդ տարին շարունակ համատեղ իրականացնում են Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պապանման հիմնադրամը և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Միջոցառմանը աջակցել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը` կազմակերպչական նպատակներով տրամադրելով 400000 դրամ (շուրջ 1000 դոլար):

Միջոցառմանը ներկա էին նաեւ կրթության և գիտության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչները:

Միջոցառմանը մասնակցում էր (Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից) մոտ 500 երեխա, որոնց ընտրել էին նախկին աշխատանքների հիման վրա: Ներգրավվել էր նաև սփյուռքահայ համայնքը, որտեղից շուրջ 300 նկար էր ստացվել: Առանձին կտավների վրա նկարում էին նաև անցորդների երեխաները:

«Նկարների միջոցով ուսուցանելը մի քանի կարևոր բաղադրիչ է իր մեջ ներառում` արվեստ, տեսնելու ունակություն, մտածելու, դատելու, լավը վատից առանձնացնելու կարողություն և միասնականություն»,- համոզված է հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Միջոցառման ընթացքում երեխաների ձեռքերով առաջին անգամ գունազարդվեց նաև ավտոբուս:Դրա վրա պատկերված նկարներից մեկի հեղինակը 13-ամյա Տիգրան Սիմոնյանն է:

«Ես իմ նկարով ուզում եմ ցույց տալ, թե ինչպես են գործարանները կեղտոտում օդը, որն աղտոտված անձրևի տեսքով վերադառնում է մեզ, ու կենդանիները սատկում են: Եվ մարդիկ, ամեն անգամ, երբ տեսնեն 43 համարի այս ավտոբուսը, ուշադիր կդառնան և կպահպանեն բնությունը»,- համոզված է Տիգրանը:

Նրա հասակակիցների նկարների թեմաները ևս տարբեր բնապահպանական խնդիրներ էին շոշափում` ծառահատում, օդի և ջրի աղտոտվածություն, կենդանիներ սպանել և այլն:

Բայց հիմնականում երեխաների ստեղծագործության թեման պարզապես բնությունն էր: Հաղթող երեխաները կստանան տարբեր մրցանակներ, այդ թվում` կայցելեն հիմնադրամի կողմից ամեն տարի կազմակերպվող ամառային դպրոց:



ԱրմենիաՆաուի էջերում