Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարին Շնորհավորելով Իսպանիայի արտգործնախարարին` Եվրամիության նախագահությունը ստանձնելու և Լիսաբոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ համագործակցության ու քաղաքական երկխոսության ներկա մակարդակը և կարևորել դրա հետագա խորացումը: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից մեր երկրին ցուցաբերվող ֆինանսատնտեսական օժանդակության և խորհրդատվական աջակցության համար: «Այս այցը Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու ԵՄ-ի ռազմավարական տեսլականի վկայությունն է»,- նշել է Միգել Անխել Մորատինոսը: Իսպանիայի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ բարձր մակարդակով փոխադարձ այցերը նոր էջ են բացում Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում և ընդհանուր ապագայի տեսլականի շուրջ մտքեր փոխանակելու հնարավորություն են տալիս: «Մենք այսօր երկխոսության ինտենսիվ օրակարգ ունենք և ԵՄ-ում իր նախագահության ընթացքում Իսպանիան պատրաստ է նպաստելու հարաբերությունների հետագա խորացմանը` համագործակցության ողջ սպեկտրով»,- նշել է արտգործնախարար Մորատինոսը: Նախագահ Սարգսյանն ու արտգործնախարար Մորատինոսը հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի առաջնահերթություններին, քննարկել ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման, մուտքի արտոնագրերի տրամադրման ռեժիմի դյուրացման և ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցություններին վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Քննարկված խնդիրների վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է պաշտոնական Երևանի մոտեցումները: Միգել Անխել Մորատինոսը համոզմունք է հայտնել, որ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը ճանապարհ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: «Խնդրի լուծումը կարող է գտնվել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով», - ընդգծել է Իսպանիայի արտգործնախարարը: Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրամիության պատվիրակությունը նշված խնդիրների շուրջ քննարկումը շարունակել են աշխատանքային ճաշի ընթացքում: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար:
Other Articles in Պաշտոնական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.