Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ Ողջունելով իր հայ գործընկերոջը` Դմիտրի Մեդվեդևն ասել է. “Հայաստանի հետ մեր կանոնավոր շփումների շրջանակում այսօր մենք հանդիպում ենք` քննարկելու ընթացիկ իրավիճակը, երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: Այն հանգամանքը, որ մենք դա անում ենք նախանձելի հաճախականությամբ և կանոնավոր կերպով շատ կարևոր է, որպեսզի պահպանվի մեր երկրների միջև առկա վստահության բարձր մակարդակն ու փոխըմբռնումը, ռազմավարական գործընկերոջ ոգին, որը մշտապես տարբերակել է, և հուսով եմ, կտարբերակի մեր երկրները”: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել. “Մեր վերջին հանդիպումից հետո մեր արտաքին քաղաքական գերատեսչությունները, մյուս կառույցները, միջկառավարական հանձնաժողովը շարունակել են եռանդուն կերպով աշխատել”: ՌԴ Նախագահի հետ հերթական հանդիպումը Սերժ Սարգսյանը դիտարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգի որոշ հարցեր, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող խնդիրները քննարկելու լավ հնարավորություն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ Նախագահին` Երևանում հզոր գիտաինովացիոն կենտրոն բացելու կապակցությամբ` դա գնահատելով շատ լավ քայլ: Սերժ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը մեր երկրում ՌԴ դեսպանության հետ ակտիվորեն աշխատում է հայ-թուրքական պատերազմում զոհված ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի վերականգնման ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել ՌԴ Նախագահին`մեկ տարի առաջ Հայաստանին տրամադրված 500 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի համար` ընդգծելով, որ դրա դրական արդյունքները երևան են գալիս այսօր. “առաջին եռամսյակում մենք գրանցել ենք համախառն ներքին արդյունքի հինգ ու կես տոկոս աճ”: Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ։ Ռուսաստանի և Հայաստանի Նախագահները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը բոլոր մակարդակներում, այդ թվում` նաև Ռուսաստանի Դաշնության Նախագահի` Հայաստան առաջիկա այցի շրջանակում: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
Other Articles in Պաշտոնական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.