«Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում» գիտագործնական համաժողովը Երևանում
«Հայ եկեղեցու կանոնական դիրքորոշման ձևավորումը խառնամուսնությունների վերաբերյալ» զեկույցով հանդես եկավ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց մանրամասներ դարերի ընթացքում խառնամուսնությունների հարցում հայ եկեղեցու կանոնական օրենքի ձևավորման գործընթացի վերաբերյալ: Տեր Մարկոսը նշեց, որ միջնադարյան Հայաստանում խառնամուսնությունների պարագայում կարևորագույն պայման էր դավանակից լինելը: Հայ եկեղեցին պսակադրության կարգ էր կատարում հայ եկեղեցու հետևորդի և այլադավանի միջև միայն վերջինիս հայ եկեղեցու հետևորդը դառնալու պարագայում: Եպիսկոպոսն անդրադարձավ նաև Հայ Առաքելական Եկեղեցու` Սփյուռքում գործող թեմերում եկեղեցիների և հոգևորականների թվի ավելացման անհրաժեշտության հարցին, որը շատ կարևոր նախապայման է` ամուսնությունների, դրանց թվում հատկապես խառնամուսնությունների, հայկական եկեղեցիներում կատարելու առումով: Համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Վրաստանից ժամանած հայ լրագրող Մարինա Հովհաննիսյանը ներկայացրեց «Խառնամուսնությունները վրացահայերի շրջանում» թեմայի շուրջ իր ուսումնասիրությունները: Նրա զեկույցի համաձայն, Վրաստանի հայերի շրջանում խառնամուսնությունների թիվը մեծ չէ: Հայահոծ շրջաններում` Ախալքալաք, Ախալցխա, Նինոցմինդա, Ծալկա և Մառնեուլ, խառնամուսնություններ գրեթե չեն գրանցվում: Խառնամուսնությունների առումով որոշակի խնդիր կա Թբլիլիսիում: Լրագրողն անդրադարձավ նաև Թբիլիսիում բնակվող հայերի ինքնության խնդրին` նրանց բաժանելով երկու խմբի` լոկ ծագումով հայեր և հայկական ազգային ավանդույթներով ապրող, հայ ինքնությունը պահպանած հայեր: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Արթուր Մկրտիչյանը զեկուցեց «Ազգային ինքնության քաղաքականությունը բեռլինահայ համայնքում» թեմայով: Նա ներկայացրեց մանրամասներ Բեռլինի հայ համայնքի վերաբերյալ և նշեց Երկրորդ Աշխարհամարտից հետո տարբեր երկրներից Գերմանիա ներգաղթած հայերի միջև եղած մշակութային տարբերությունները (պոլսահայեր, լիբանանահայեր, պարսկահայեր, հայաստանաբնակ հայեր և այլն): Նա տեղեկացրեց նաև Բեռլինի հայ համայնքում կազմակերպվող միջոցառումների մասին, որոնք ուղղված են հայ ինքնության պահպանմանը: Ըստ պարոն Մկրտիչյանի` «հայ ինքնության որակների պահպանման խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է դրսևորել համահայկական մոտեցում, իսկ խառնամուսնությունները դիտարկել սոցիալական ցանց ստեղծելու տեսանկյունից»: «Խառնամուսնությունների երեխաների էթնոնույնականացման առանձնահատկությունների» թեմային անդրադարձավ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Անահիտ Սահակյանը: Ըստ հոգեբանի, տարբեր ազգության ծնող ունեցող երեխաները էթնոնույնականացման բացակայության հետևանքով հայտնվում են սոցիալ-հոգեբանական բարդ կացության մեջ: Նշելով երեխայի մոտ էթնոնույնականացման երեք փուլերը, զեկուցողը կարևոր համարեց հենց այդ շրջանում նրա վրա ներգործություն ապահովելու անհրաժեշտությունը: Ներկայացնելով մոնոէթնիկ և պոլիէթնիկ միջավայրերի ազդեցությունը Էթնոնույնականացման գործընթացում` տիկին Սահակյանը նշեց, որ պոլիէթնիկ միջավայրում փոքրամասնության խմբին պատկանող երեխաները միտում ունեն իրենց նույնականացնելու գերակա խմբի հետ: Արվեստագետ Էդուարդ Սասունը հանդես եկավ «Հայ ժողովրդի գենոֆոնդը և խառնամուսնությունները» թեմայի շուրջ զեկույցով: Նա` ինքն ամուսնացած լինելով հնդկուհու հետ և անձամբ ծանոթ լինելով խնդրին` խոսեց խառնամուսնությունների պարագայում երեխաների ինքնության ձևավորման գործում կնոջ կարևորագույն դերակատարության մասին: Գիտաժողովի աշխատանքների երկրորդ օրվա երկրորդ նիստն սկսեց բանասիարական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, «Նորավանք» ԳԿՀ «Հայագիտության կենտրոնի» ղեկավար Ռուբեն Մելքոնյանը` «Խառնամուսնությունները և ներքին ամուսնությունները Թուրքիայի հայերի շրջանում» զեկույցով: Անդրադարձ կատարելով Թուրքիայի առաքելադավան և «ծպտյալ հայերի» խառնամուսնությունների վիճակագրությանը` նա արձանագրեց խառնամուսնությունների թվի աճ` հատկապես Ստամբուլի հայերի շրջանում, որը տարբեր հետազոտությունների համաձայն, տատանվում է 10-15%-ից մինչև 40%-ի սահմաններում: Զեկույցի համաձայն 20-րդ դարի առաջին կեսին հայերի շրջանում բացասական վերաբերմունք կար խառնամուսնությունների նկատմամբ, ինչը, ցավոք, չի պահպանվել: Ըստ բանախոսի, խառնամուսնություններն այսօր առավել տարածված են հայ երիտասարդների շրջանում: Ռ.Մելքոնյանը խոսեց նաև «ծպտյալ հայերի» շրջանում ներքին ամուսնությունների շատ մեծ տոկոսային հարաբերության մասին, ինչն, ըստ նրա, պայմանավորված է էթնիկ ինքնապահպանման բնազդով: «Հայ կնոջ դերը ինքնության պահպանման գործում» զեկույցով պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Սվետլանա Պողոսյանը ամփոփեց երկրորդ նիստի զեկույցների բաժինը: Նա կարևորեց կնոջ դերը միջսերնդային հաղորդակցության ապահովման գործում: Միաժամանակ նա տեղեկացրեց, որ անկախացումից հետո այլազգիների հետ հայ կանանց ամուսնությունների թիվն աճել է, ինչը բացատրվում է նաև տնտեսական դժվարություններով: Զեկուցողները պատասխանեցին ներկաների հարցերին, ծավալվեց քննարկում: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
Other Articles in Պաշտոնական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.