Վահան Հովհաննիսյանը պատմության դաս է տալիս ադրբեջանցիներին և նորից դեմ արտահայտվում հայ-թուրքական արձանագրություններին
Հովհաննիսյանն Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությունը որակում է որպես «անլուրջ»: Սեպտեմբերի 1-ից շրջանառվող նման հայտարարություններից վերջինն արել էր շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, որը, անտեսելով նման հայտարարություններից զերծ մնալու ԵԱՀԿ հորդորները, կրկին խոսեց ղարաբաղյան հակամարտությունը ուժի միջոցով լուծելու հնարավորության մասին. «Եթե բանակցություններն արդյունք չտան, Հայաստանի հետ պատերազմն անխուսափելի է»,- բացահայտ ասել էր Ադրբեջանի նախարարը, որի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները և, դատելով բանակցող կողմերի ու միջազգային միջնորդների արած որոշ հայտարարություններից, կարելի է ենթադրել, որ կողմերը մոտ են երկարատև հակամարտության հանգուցալուծմանն առնչվող հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության գալուն: Երևանի և Բաքվի միջև ստորագրվել են մի շարք միջազգային փաստաթղթեր, մասնավորապես` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ` երկու երկրների նախագահների միջև Մոսկվայում ստորագրված հռչակագիրը և դեկտեմբերի 2-ին Աթենքում ղարաբաղյան հակամարտությանն առնչվող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների արած հայտարարությունը, որոնցով կոչ էր արվում կողմերին զերծ մնալ հակամարտության կարգավորման գործընթացում ուժի կիրառումից և նույնիսկ ուժ կիրառելու սպառնալիքներից: «ԱրմենիաՆաուի» խնդրանքով Հովհաննիսյանը, որը 1999-2003 թթ. գլխավորել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը, մեկնաբանեց Ադրբեջանի նախարարի խոսքերը. «Աբիևին կարող եմ պատասխանել Սպարտայի արքա Լեոնիդասի խոսքով (Ք. ա. 5-րդ դար), որը պարսից Քսերքսես թագավորի` հանձնվելու առաջարկին պատասխանել է. «Արի և վերցրու»: (Արդյունքում հույները հաղթել են): Երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ Հովհաննիսյանը խոսեց նաև այն քայլերի մասին, որոնք ՀՅԴ-ն պատրաստվում է ձեռնարկել` խոչընդոտելու հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: (Արձանագրությունները ստորագրվել են Երևանի և Անկարայի միջև հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Ուժի մեջ մտնելու համար արձանագրությունները պետք է նախ վավերացվեն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից:) Հովհաննիսյանն ասաց, որ կուսակցությունը պատրաստվում է մի շարք բողոքի ակցիաներ ձեռնարկել մինչև հունվարի 12-ը, ինչպես նաև հենց այդ օրը, երբ ՀՀ սահմանադրական դատարանը պետք է որոշում ընդունի` արդյոք արձանագրությունները համապատասխանո՞ւմ են սահմանադրությանը, թե՞ ոչ: «Ես հավաստիացնում եմ, որ այդ օրերին երկրում շատ անհանգիստ է լինելու»,- ասաց պատգամավորը` առանց մասնավորեցնելու:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.