Վրաստանի ԱԳ նախարարն աղավաղում է ջավախահայ ակտիվիստի նկատմամբ առաջադրված մեղադրանքները

Վրաստանի ԱԳ նախարարն աղավաղում է ջավախահայ ակտիվիստի նկատմամբ առաջադրված մեղադրանքները

Ֆոտոլուր

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյան:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն Ֆրանսիա այցի ընթացքում հայտարարել է, որ հայտնի ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը ազատազրկվել է լրտեսության համար:

Իրականում Չախալյանն ազատազրկվել է «զենք ու զինամթերք ձեռք բերելու և պահելու», ինչպես նաև այլ մեղադրանքներով, բայց ոչ լրտեսության համար:

«Ձեր նշած Վրաստանի հայազգի քաղաքացին ձերբակալվել է շատ լուրջ մեղադրանքների հիման վրա՝ նա տեղեկություններ էր փոխանցում երրորդ երկրին: Ես իրավունք չունեմ նշելու, թե որ»:

Չախալյանը ձերբակալվել էր 2008 թ. հուլիսին` Ախալքալաքի (Հարավային Վրաստանում գտնվող հիմնականում հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթի շրջանի կենտրոն) ոստիկանության պետի տան մոտ կատարված ավտոպայթյունից հետո:

Վրաստանի դատարանը Չախալյանին մեղավոր ճանաչեց Վրաստանի քր. օրենսգրքի մի շարք կետերով, այդ թվում`«զենք ու զինամթերք ձեռք բերելու և պահելու», «հանրային կարգը խախտող միջոցառումներ կազմակերպելու», «ոստիկանին ցույց տված խմբակային դիմադրության և խուլիգանության» համար: Սրանք են այն երեք հոդվածները, համաձայն որոնց` «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Չախալյանը ենթարկվել է 10 տարի ազատազրկման:

«Միայն մեկ պատճառ կա, որ նա այդպես է վարվում: Նրանք տեսնում են, որ արտասահմանում հետաքրքրությունն աճում է, և ուզում են ապատեղեկատվության միջոցով վախեցնել եվրոպացիներին»,- կարծում է «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը: («Երկիր» միությունը ստանձնել է Չախալյանի պաշտպանության գործը` հայտարարելով, որ նրան անօրինական կերպով են բանտարկել, դատավարությունների ժամանակ եղել է անպատշաճ վերաբերմունք` թարգմանության բացակայություն, պաշտպանական կողմի միջնորդությունների մերժումներ և այլն):

Վաշաձեն հայտնել է նաև, որ ազգությամբ ֆրանսիացի իրավաբանին գործի մեջ ներգրավելը մերժվել է դատարանի կողմից, քանի որ դա արգելված է Վրաստանի օրենսդրությամբ: Հիշեցնենք, որ դա արգելող օրենքն ընդունվել է Չախալյանի` ազգությամբ ֆրանսիացի փաստաբան ունենալու դիմումը մերժելուց հետո միայն, և շատերը կարծում են, որ դա արվել է հատուկ Չախալյանի գործով:

Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը որոշել է պաշտպանել Չախալյանի շահերը Վրաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունների առնչությամբ:
ԱրմենիաՆաուի էջերում