Կարևոր իրադարձություն. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը արձանագրությունների վերաբերյալ ծանրակշիռ և վճռական հայտարարություններ է արել
«Եթե Թուրքիան նախապայմաններ առաջադրի, Հայաստանն էլ իրավասու կլինի նմանապես վարվել»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Դեկտեմբերի 19-ին թուրքական Hürriyet Daily News թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի «նախապայմաններ» առաջադրել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար, ապա Հայաստանը չի վավերացնի խնդրահարույց փաստաթղթերը: «Մենք հուսով ենք, որ Թուրքիան չի ձեռնարկի քայլեր, որոնք կարող են ձախողել Հայաստանի և Թուրքիայի միջև համաձայնությունը: Եթե իրադարձությունները նման ընթացք ստանան, Հայաստանի խորհրդարանը չի վավերացնի հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրությունները: Եթե այն ձախողվի Թուրքիայի նախապայմանների պատճառով, վերջինս պետք է բացատրություններ տա պատճառների մասին: Թուրքիայի հեղինակությունն այդ դեպքում կասկածի տակ է դրվելու: Նույնը վերաբերում է նաև հետագայում կլոր սեղանի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակահարմարությանը»,- հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Փաստորեն, ոչ թե ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, այլ հենց Տիգրան Սարգսյանը պաշտոնապես հնչեցրեց պաշտոնական Երևանի այժմյան դիրքորոշումը: Ինքնին կարևոր իրադարձություն է: «Հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել, սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից դատելով (արված դեկտեմբերի 7-ին` Վաշինգտոնում)` փոփոխություններ է կրել Թուրքիայի դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է նախապայմաններ առաջ քաշել: Եթե Թուրքիան նախապայմաններ առաջ քաշի, ապա Հայաստանն ազատ է լինելու նույն կերպ վարվել»- ընդգծել է Սարգսյանը: Այսինքն` ՀՀ վարչապետը չի բացառել բանակցային գործընթացի դադարեցման հնարավորությունը: Սարգսյանը հասկացրել է թուրքական գործակալությանը, որ «հայ-թուրքական սահմանի փակման մեղավորն ի սկզբանե Թուրքիան է» , և որ «պետք չէ Հայաստանին հարցնել ստորագրված արձանագրությունների վավերացման ժամկետների մասին, քանի որ ժամկետները կախված են Թուրքիայի օրենսդիր մարմնից»: «Սակայն, եթե մենք զգանք, որ Թուրքիայի խորհրդարանն իսկապես չի խոչընդոտում գործընթացը, ապա համապատասխան եզրահանգումներ կանենք»,- հավելել է վարչապետն` առանց մանրամասնելու: ՀՀ վարչապետը շարունակել է` քննադատելով Ադրբեջանին ռազմատենչ հռետորաբանության համար և ասել, որ «մենք պատրաստ ենք պատերազմի, քանի որ դասեր ենք քաղել պատմությունից»: «Պատերազմից խուսափելու լավագույն միջոցը դրան պատրաստ լինելն է: Եթե Ադրբեջանը զգա, որ մենք պատրաստ չենք, զինադադարի ռեժիմի խախտումից հնարավոր չի լինի խուսափել»,- ասաց Սարգսյանը: Սարգսյանը կրկին խոսել է հայ-թուրքական և ղարաբաղյան գործընթացների շաղկապման մասին, նշելով, որ դա չի օգնելու հակամարտության կարգավորմանը, քանի որ «Թուրքիան չեզոք կողմ չէ»: Այսպիսով, ՀՀ վարչապետի հայտարարությունները բավականին հատկանշական են թվում: Փաստորեն ասվել է, որ եթե Թուրքիան չհրաժարվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան խնդրի հետ շաղկապող իր քաղաքականությունից, ապա Երևանը կդադարեցնի բանակցային գործընթացը:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 4 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.