Նախագահը Լոնդոնում. Սարգսյանի ելույթը դրական արձագանքի է արժանացել հայրենիքում

Նախագահը Լոնդոնում. Սարգսյանի ելույթը դրական արձագանքի է արժանացել հայրենիքում

The official site of the President of Armenia

«Չեթհըմ Հաուզում» Սարգսյանի ելույթը որակվել է որպես նախագահի ամենահաջողված ելույթը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Չեթհըմ Հաուսում»`Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, Հայաստանի քաղաքական շրջանակներում դրական գնահատականի է արժանացել:

«Ընդհանուր առմամբ, սա այն եզակի հաջողված ելույթներից է, որի ընթացքում Սերժ Սարգսյանը ցուցաբերեց ղարաբաղյան հարցում կոշտ դիրքորոշում և միջազգային ամբիոնից ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության հիմնական պատճառները»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` հավելելով, որ, դատելով վերջին շրջանում հակամարտող երկու կողմերից հնչող կարծիքներից, հասկանում է, որ բանակցությունները մտել են փակուղի:

Ըստ Հայ ազգային կոնգրեսին (ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր դաշինք) սատարող Սուրենյանցի` նախագահը, հաստատելով հիմնական դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, «մեկ սխալ է գործել` կրկին դնելով իրեն սպասողի, արձագանքողի դերում»:

Չորեքշաբթի օրն իր լոնդոնյան ելույթում Սարգսյանը շեշտեց, սակայն, որ «եթե հաստատվեն մեր կասկածները, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգձգելն է և ոչ թե հարաբերությունները կարգավորելը, ապա ստիպված ենք լինելու դադարեցնել այս գործընթացը»:

Ըստ Սուրենյանցի` չպետք է սպասել Թուրքիայի որոշմանը, այլ պետք է վավերացնել արձանագրությունները` ապացուցելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր ստանձնած միջազգային պարտավորություններին, իսկ եթե Թուրքիան փորձի խափանել արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանը պարզապես դուրս կգա գործընթացից:

Ելույթը դրական է գնահատում նաև ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` տարակուսանք հայտնելով միայն Թուրքիային սպասելու պատրաստակամության առնչությամբ:

«Արդեն իսկ պարզ է, որ գործընթացը ձգձգվում է: Ինչի՞ն է սպասում նա (Սերժ Սարգսյանը)` մեզ համար պարզ չէ, իսկ ղարաբաղյան հարցի մասով բավական հաջող ելույթ էր»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մանոյանը:

Մինչդեռ, ըստ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի, դիրքորոշումը «գեղեցիկ էր, բայց չի կիրառվում»:

«Սարգսյանի ելույթում արտահայտված են դիրքորոշումներ, որ 1988 թ.-ից ասվում են, սակայն չեն դառնում պետական քաղաքականություն: Դա լավ երևալու առիթ էր, սակայն ցանկալի է, որ կիրառվող քաղաքականությունը ևս ճիշտ լինի»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Ալավերդյանը:
ԱրմենիաՆաուի էջերում