Երկրապահ կամավորականներ. ԵԿՄ-ն համագումար է հրավիրում և պահպանում «չեզոքություն» մարտիմեկյան դեպքերի առնչությամբ

Երկրապահ կամավորականներ. ԵԿՄ-ն համագումար է հրավիրում և պահպանում «չեզոքություն» մարտիմեկյան դեպքերի առնչությամբ

Ֆոտոլուր

«Եթե ես դուրս գայի հրապարակ (մարտի 1-ին), երկրի համար շատ վատ բաներ տեղի կունենային»,- ասել է գեներալ Գրիգորյանն իր ելույթի ընթացքում:

Երեքշաբթի կառավարության նիստերի դահլիճում կայացած Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 8-րդ համագումարում կառույցի ղեկավար վերընտրվեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանը, իսկ վարչության նորընտիր կազմից դուրս մնացին բոլոր այն երկրապահները, ովքեր 2008 թ. սատարել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Այս համագումարը պետք է տեղի ունենար դեռևս 2008 թ. դեկտեմբերին, սակայն պարբերաբար հետաձգվում էր, որի հիմնական պատճառը ԵԿՄ անդամների շրջանում ներքին խմորումներն էր, քանի որ մարտիմեկյան դեպքերից հետո Երկրապահը բաժանվել էր «իշխանական» և «հակաիշխանական» բևեռների:

«Վախենում էին համագումար անել, քանի որ վստահ չէին, թե կկարողանան կառավարելի դարձնել այս կառույցը, կընտրվի իրենց ուզած մարդը: Իսկ հիմա արդեն ամեն ինչ պարզ է, սցենարը գրված է, կատարողներն էլ կան, ԵԿՄ երբեմնի հզոր կառույցից կվերածվի հերթական Հանրային խորհրդի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Ղարաբաղյան պատերազմի վետերան, ԵԿՄ անդամ 65-ամյա Մկրտիչ Միրզոյանը:

Համագումարին հրավիրված չէին ընդդիմությանը սատարող անդամները, անգամ միության հիմնադիր-անդամ, նախկին պատգամավոր, արդեն ԵԿՄ նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը:

Մինչդեռ հրավիրվել էին ու լեփ-լեցուն դահլիճում նստած էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը (հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին) և այլք:

Սակայն, ինչպես «ԱրմենիաՆաուին» ասում է ԵԿՄ անդամ, Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) սատարող Հայկ Ասատրյանը, «եթե անգամ հրավիրվեին համագումարին, նրանք, ովքեր կալանավորվել են մարտի 1-ին, չէին գնա, քանի որ չեն կարող գտնվել այն անձանց կողքին, ովքեր մարտի 1-ին կրակել են ժողովրդի վրա»:

Ընդդիմադիրներից համագումարին ներկա էր միայն ԵԿՄ հիմնադիր Վազգեն Սարգսյանի (1999 թ. սպանվել է խորհրդարանում) եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որն իր ելույթի ընթացքում հռետորական հարցեր հղեց երկրապահներին.

«Վաղը, երբ հանդիպեք Վազգենին, ի՞նչ պատասխան եք տալու, հանգիստ կասեք` ինչ կարող էիք` արեցի՞ք: Ձեր խիղճը մաքո՞ւր է»,- հարցնում էր Սարգսյանը` հիմնականում նկատի ունենալով ԵԿՄ ղեկավարի (Մանվել Գրիգորյանի) հանդես բերած չեզոքությունը 2008 թ. մարտի 1-2-ին ընդդիմության աջակիցների և անվտանգության ուժերի միջև բախումների ժամանակ, որոնց ընթացքում 10 մարդ զոհվեց, այդ թվում` 8-ը շարքային քաղաքացի:

ԵԿՄ-ն ստեղծվել է 1993 թ. նախկին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից: Թեև ի սկզբանե ուներ հասարակական ուղղվածություն` ազատամարտիկների ընտանիքներին օգնելու ու նրանց խնդիրներով զբաղվելու նպատակ, հետագայում դարձավ հզոր կառույց, որ շատ հաճախ անվանում են «պետություն պետության մեջ»:

30 000 անդամ ունեցող միությունն իր ենթակառույցներն ունի հանրապետության բոլոր մարզերում ու մեծ քաղաքներում`լուրջ ներգործություն ունենալով երկրի քաղաքական ու հասարակական կյանքում:

54-ամյա Մանվել Գրիգորյանը իշխանական բարձր օղակում հայտնվեց 1999 թ.` խորհրդարանում կատարված ահաբեկչությունից հետո (որի հետևանքով զոհվեցին 8 բարձրաստիճան պաշտոնյաներ):

Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո Քոչարյանի հրաժարականը պահանջող Երկրապահին չեզոքացնելու համար նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գրիգորյանին տվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնը` այսպիսով լռեցնելով ու վերականգնելով կառույցի նկատմամբ ունեցած վերահսկողությունը:

Սակայն այդ վերահսկողությունը Քոչարյանը կորցրեց 2008 թ. նախագահական ընտրություններից հետո, երբ փետրվարին հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե պաշտպանության երկու փոխնախարարներ` Մանվել Գրիգորյանը և գեներալ Գագիկ Մելքոնյանը, միացել են իրենց շարժմանը, որից հետո Գրիգորյանը հեռացվեց փոխնախարարի պաշտոնից, թեև հրապարակավ երբեք չէր հաստատել շարժմանը միանալու մասին հայտարարությունը:

Պաշտոնանկ արվելուց հետո գեներալը գրեթե երկու տարի լռեց, թեև կալանավորվել էին նրա ղեկավարած միության մոտ 25 անդամներ, ինչը շատերը որակում էին Երկրապահը թուլացնելու մտածված քայլ:

Երկու տարվա լռությունից հետո երեքշաբթի գեներալը հայտարարել է, թե Երկրապահը չէր կարող միջամտել մարտիմեկյան դեպքերին.

«Եթե մտածում եք` Երևանը Ֆիզուլի է կամ ուսումնական կենտրոն, որ մարտի 1-ին ծեծեինք ու ջարդեինք, ապա սխալվում եք: Եթե ես դուրս գայի հրապարակ, երկրի համար շատ վատ բաներ տեղի կունենային»,- ասում է Գրիգորյանը:
ԱրմենիաՆաուի էջերում