Վավերացնե՞լ, թե՞ չվավերացնել. տարբեր կարծիքներ ԱԺ-ում արձանագրություններին առնչվող գործընթացի շուրջ
Այս գործընթացին զուգահեռ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով կառավարությունը մշակել և խորհրդարան է ներկայացրել միջազգային պայմանագրերից հրաժարվելու, դրանք չեղյալ հայտարարելու, ստորագրությունը հետ կանչելու մասին օրինագիծ: Օրինագիծը ենթադրում է, որ միջազգային պայմանագիր ստորագրող կողմը ցանկացած ժամանակ` մինչև իր ստորագրած պայմանագրի ուժի մեջ մտնելը, իրավունք ունի չդառնալ այդ պայմանագրի մասնակից: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն օրինագիծը կապում է հայ-թուրքական արձանագրությունների հետ: Միևնույն ժամանակ նա զարմանք է հայտնում. «Ինչո՞ւ է նախագահ [Սերժ] Սարգսյանը փորձում դուրս գալ մի համաձայնագրից, որի հետ կապված ինքը խնդիրներ չի տեսնում, և ինչի մասին հայտարարեց Լոնդոնում»: Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` «Չեթհըմ հաուզում», տեղի ունեցած իր ելույթում նախագահ Սարգսյանն ասել էր. «Որպես Հայաստանի խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության ղեկավար` բացառում եմ արձանագրությունների վավերացման տապալումը Հայաստանում, եթե Թուրքիան առանց նախապայմանների վավերացնի արձանագրությունները»։ Նախագահը, սակայն, ընդգծել էր. «Բայց եթե հաստատվեն կասկածները, թե Թուրքիան փորձում է ընդամենը ժամանակ ձգել, մենք ստիպված կլինենք դադարեցնել գործընթացը»։ ԱԺ նախկին նախագահ և նախկին հանրապետական պատգամավոր Տիգրան Թորոսյանը «կոպիտ սխալ է» համարում նախագահի այս հայտարարությունը: «Անկախ որևէ բանից` խորհրդարանն անկախ մարմին է: Ավելին` պատգամավորն ազատ է իր դիրքորոշումն արտահայտելու մեջ, դա սահմանադրական նորմ է»,- ասում է Թորոսյանը: Ստեփան Սաֆարյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ եթե Հայաստանը ցանկանում է դուրս գալ որևէ միջազգային պայմանագրից, ապա կարող էր առաջնորդվել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Վիեննայի կոնվենցիայով, որը ՀՀ-ն վավերացրել է, ինչն իր հերթին ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: «Այդուհանդերձ, նախագահի այս քայլը ես համարում եմ թույլ «շանտաժիկ»: Պարզապես, փորձում են դրսում այն տպավորությունն ստեղծել, թե Հայաստանը կարող է դուրս գալ միջազգային պայմանագրից: Նման հակասող քայլերով ՀՀ իշխանությունները ոչ միայն իրենց, այլև Հայաստանն են դնում տհաճ իրավիճակում: Նախագահը հայտարարում է, որ խնդիր չկա, և Հայաստանը երբեք չի դառնա [գործընթացը] տապալող կողմ, մյուս կողմից էլ` սպառնում է, որ կտապալի: Սա շատ լուրջ հակասություն է»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Իսկ կոալիցիոն ուժերը պաշտպանում են գործընթացի առնչությամբ նախագահի դիրքորոշումը և դրվատանքի խոսքեր ասում նրա լոնդոնյան ելույթի առնչությամբ: ԱԺ փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանն էլ կարծում է, որ Հայաստանը պետք է շարունակի իր նախաձեռնողական քաղաքականությունը նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման փուլում: Ըստ նրա` հնարավոր է վավերացման երեք տարբերակ. առաջին` որ գործընթացները զուգահեռ ընթանան, երկրորդ`հայկական կողմը սպասում է, որ Թուրքիայի խորհրդարանում այդ գործընթացն ընթանա, և երրորդ`Հայաստանը փորձում է նախաձեռնողական քաղաքականությունը շարունակել վավերացման փուլում:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.