Իրան-Հայաստան. հարևան երկրների հարաբերությունները սեփական շահերի և անվտանգության տեսանկյունից

Իրան-Հայաստան. հարևան երկրների հարաբերությունները սեփական շահերի և անվտանգության տեսանկյունից

Ֆոտոլուր

Սարուխանյանը խոսեց հայ-իրանական հարաբերությունների հնարավոր զարգացումների մասին:

Իրանագետ Սևակ Սարուխանյանի համոզմամբ` Իրանը Հայաստանի շահերի դեմ քայլեր չի ձեռնարկի, թեև Ղարաբաղյան պատերազմից հետո միշտ էլ բացեիբաց ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրենը կարծում է, որ ԼՂՀ հակամարտության պարագայում Իրանին մտահոգում է միայն Արևմուտքի խաղաղապահ զորքերի հնարավոր տեղակայումը Իրանի հյուսիսային սահմանների մոտ, որը կարող է խաթարել վերջինիս անվտանգությունը: Իսկ ինչ վերաբերում է իրանա-ադրբեջանական հարաբերություններին, դրանք նույնիսկ կարող են սրվել ապագայում` կրոնական հակասությունների պատճառով:

«Հաշվի առնելով միայն 2009 թ. ծայրահեղ իսլամական կազմակերպություններին անդամակցելու մեղադրանքով 35 անձանց ձերբակալությունն Ադրբեջանում, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանին ձեռնտու չէ շիա-մահմեդական կազմակերպությունների (որոնք անմիջականորեն կապված են Իրանի Իսլամական Հանրապետության պետական ու կրոնական կառույցների հետ) ակտիվացումն իրենց երկրում»,- կարծում է Սարուխանյանը:

Ըստ փորձագետի`Ադրբեջանը հետագայում կփորձի խանգարել նաև հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը, եթե բացվի հայ-թուրքական սահմանը: Սա, Սարուխանյանի հավաստմամբ, առաջին հերթին անհրաժեշտ է Իրանին, քանի որ Հայաստանի միջոցով հնարավորություն կունենա նավթ արտահանել Թուրքիա, որը շատ ավելի դժվար կլինի իրագործել Իրան-Հայաստան-Վրաստան-Թուրքիա ուղիով:

«Բայց այս հարցում արևմտյան երկրները դրական են տրամադրված, և նպաստավոր պայմանները գերակշռում են խոչընդոտող պայմաններին»,- ասաց Սարուխանյանը:
ԱրմենիաՆաուի էջերում