Բազմակարծություն հայկական ձևով. կոալիցիան հերքում է, թե իր ներսում լուրջ տարաձայնություններ կան, մինչ նրա անդամները վիճում են

Բազմակարծություն հայկական ձևով. կոալիցիան հերքում է, թե իր ներսում լուրջ տարաձայնություններ կան, մինչ նրա անդամները վիճում են

Ֆոտոլուր

Ծառուկյանն ընդդեմ Երիցյանի

Հայաստանյան ներքաղաքական կյանքն այս շաբաթ առանձնացավ իշխանական կոալիցիայի ներսում ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող հակամարտության հերթական սրացումով: Երեք քաղաքական ուժերից կազմված կոալիցիայի մաս կազմող Հանրապետական-«Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն այս անգամ վիճեցին «Բարգավաճի» նախագահ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի այն կոշտ հայտարարության պատճառով, թե ՀՀ էկոնոմիկայի հանրապետական նախարար Ներսես Երիցյանն «իր տեղում չէ, չի տիրապետում ո´չ երկրի էկոնոմիկային, ո´չ էլ երկրի տնտեսական վիճակին»:

Ամեն ինչ սկսվել էր դեռ նախորդ շաբաթվա վերջին, երբ մեծահարուստ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, լինելով տեղական «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի հյուրը, պատասխանելով վարողի հարցին, թե արդյոք Հայաստանն արդեն հաղթահարե՞լ է համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ասաց, որ նման հայտարարություն անող անձը պարզապես չի տիրապետում իրավիճակին (ՀՀ կառավարությունը տնտեսական ճգնաժամը հաղթահարելու մասին հայտարարություններ անում է դեռ տարեսկզբից):

Երկուշաբթի, երբ Ծառուկյանը եկել էր Ազգային ժողով` որպես պատգամավոր մասնակցելու ԱԺ նիստին, իր կարծիքը կրկնեց լրագրողների հետ ճեպազրույցում` միաժամանակ քննադատության ենթարկելով կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված հարկային փոփոխությունների փաթեթը, որն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունել է նախորդ քառօրյայի ընթացքում:

«Այսօր տնտեսական ճգնաժամ է, ճգնաժամն ավարտված չէ: Մենք պետք է հարկերը ոչ թե խստացնենք, այլ թուլացնենք, որոշ օրենքներ էլ սառեցնենք»,- հայտարարեց Ծառուկյանը՝ ավելացնելով, որ ներկայումս աշխարհում դեռ ոչ ոք չի ասել, թե տնտեսական ճգնաժամն ավարտվել է` հակադարձելով Ներսես Երիցյանի ավելի վաղ արած պնդումներին, որ ճգնաժամն ավարտվել է, ու ասաց, որ նախարարն իր տեղում չէ:

Երիցյանի պատասխանը չուշացավ: Հաջորդ օրը նա իր մամուլի քարտուղարի միջոցով, քանի որ գտնվում էր Գերմանիայում, խորհուրդ տվեց Ծառուկյանին գնահատական տալ ԲՀԿ անդամ նախարարներին ու նրանց գործունեությանը: (Վերջին վեց ամիսների ընթացքում «Բարգավաճ Հայաստանը» փոխեց իր երկու նախարարներ` հավանաբար աշխատանքում թերանալու պատճառով: Կոալիցիայի մյուս անդամ կուսակցությունը` «Օրինաց երկիրը», նույնպես փոխեց իր երկու նախարարներին այս շաբաթ, սակայն կուսակցության ղեկավարությունը հայտարարեց, որ գոհ էր իր նախարարների աշխատանքից, և փոփոխությունը պայմանավորված էր կուսակցության ռազմավարական նկատառումներով:)

«Իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի Հանրապետության նախագահը և վարչապետը»,- հայտարարեց Երիցյանը (հայտարարությունը տեղադրված է նույնիսկ նախարարության կայքէջում):

Այնուհետև փոխադարձ վիրավորանքները շարունակվեցին արդեն երկու կուսակցությունների անդամների կողմից:

Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Երիցյանը դեռ երկար ճանապարհ պիտի անցնի Գագիկ Ծառուկյանին խորհուրդ տալու իրավունքը վաստակելու համար, և իր հերթին առաջարկեց նրան` թուղթ ու գրիչ վերցնել և հրաժարական տալ: Սրան ի պատասխան` ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովն էլ Զոհրաբյանին հորդորեց չանցնել կոռեկտության և էթիկայի սահմանները, և «ոտքերն իր վերմակի չափով մեկնել»:

Հեռահար վիրավորանքների այս գործելաոճին ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն դիմեցին նաև այն ժամանակ, երբ Ծառուկյանը քննադատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական Ռուբեն Հայրապետյանին` անցյալ տարվա հոկտեմբերին Բուրսայում թուրքերի հետ խաղում պարտվելու համար: ԲՀԿ-ն լուրջ տարաձայնություններ ունեցավ նաև Երևանի ավագանու քվոտաների հարցում նոյեմբերին, և այդ ժամանակ կուսակցությունը քննարկում էր նույնիսկ ավագանու իր անդամների մանդատները վայր դնելու հարցը:

Չնայած դրան` ՀՀԿ-ԲՀԿ լարվածությունն ամեն կերպ երկու կուսակցությունների ներկայացուցիչները փորձում են ներկայացել որպես կոալիցիայի ներսում առկա առողջ քննադատության դրսևորում:

Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ խնդիրը պետք է դիտարկել միայն առողջ քննադատության ոլորտում, և երկու կուսակցությունների միջև հակամարտություն չկա:

ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ իր հերթին փոխանցեց, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև «քաղաքական տարաձայնություններ չկան»:

«Մեր գործընկերության հենց սկզբից էլ եղել են բազմաթիվ խնդիրների շուրջ հակասություններ, անհամաձայնություններ, սակայն սա նշանակում է, որ կոալիցիոն ձևաչափում բազմակարծություն կա»,- նշեց Զաքարյանը:
ԱրմենիաՆաուի էջերում