Միավորվե´նք կլոր սեղանի շուրջ. «Ժառանգության» նախաձեռնությունը դժկամորեն են ընդունել իշխանամետ կուսակցությունները

Միավորվե´նք կլոր սեղանի շուրջ. «Ժառանգության» նախաձեռնությունը դժկամորեն են ընդունել իշխանամետ կուսակցությունները

Ֆոտոլուր

Սաֆարյանը հավատում է, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները կստիպեն բոլորին միանալ «Ժառանգության» նախաձեռնությանը:

«Ժառանգություն» կուսակցությունը ընդդիմադիր և կոալիցիոն քաղաքական ուժերին կոչ է անում միավորվել կլոր սեղանի շուրջ`քննարկելու երկրի արտաքին և ներքին խնդիրներն ու մարտահրավերները:

Մինչդեռ, մարտի 30-ին ներկայացրած այս առաջարկությունը, որը, ըստ «Ժառանգության», նոր հավասար դաշտ պիտի ստեղծի ընդդիմադիր և կոալիցիոն ուժերի համար, առանձնակի ոգևորությամբ չի ընդունվել:

ՀՀԿ կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց «նոր հեծանիվներ չհորինել» և «չմոռանալ, որ երկխոսություն սկսելու գաղափարը պատկանում է ոչ թե «Ժառանգություն» կուսակցությանը, այլ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ով արդեն երեք անգամ նման հանդիպումներ իրականացրել է»:

«Եթե նախագահը համարի, որ պետք է կլոր սեղան նորից հրավիրել, կհրավիրի, մենք էլ, ինչպես միշտ, կառաջարկենք բոլոր քաղաքական ուժերին մասնակցել»,- ասում է Շարմազանովը:

Մինչդեռ վերջին մեկուկես տարվա ընթացքում ՀՀ նախագահի նախաձեռնած երեք խորհրդակցություններին` ղարաբաղյան հիմնախնդրի, տնտեսական ճգնաժամի, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, ընդդիմադիր երկու հիմնական ուժերը` «Ժառանգությունն» ու Հայ ազգային կոնգրեսը չեն մասնակցել:

Իսկ «Ժառանգությունն» առաջարկում է ընդդիմադիր և իշխանական ուժերի համամասնորեն հավասար կլոր սեղան ստեղծել, որը, ինչպես ասված է հայտարարության մեջ, «նախադրյալներ կստեղծի պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ներհասարակական-ներքաղաքական միասնության ապահովման և համախմբված ուժերով հակառակորդին դիմակայելու համար»:

Նման արձագանքը, ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի, սպասելի էր, քանի որ նախկինում էլ «Ժառանգության» նման առաջարկությունները տապալվել են:

«Սակայն, ես հավատում եմ, որ այս անգամ իրավիճակը կմղի միանալ գաղափարին, քանի որ մտահոգություններ լսվել են բոլորի կողմից»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սաֆարյանը:

Այդուհանդերձ, առաջարկին դեռ չեն շտապում արձագանքել անգամ ընդդիմադիրները. ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ դեռ ծանոթ չէ հայտարարությանը, ՀՅԴ խմբակցության պատգամավորները ևս խուսափեցին որևէ կարծիք արտահայտելուց:

«Ժառանգությունը» նաև հույս է հայտնում, որ նախաձեռնությունը չի սահմանափակվելու միայն հայաստանյան ուժերի ներգրավմամբ, ըստ հայտարարության` այն կընդգրկի նաև Արցախի, սփյուռքի քաղաքական ուժերին ու քաղաքացիական առանցքային դերակատարներին և Մայր եկեղեցու ներկայացուցիչներին:
ԱրմենիաՆաուի էջերում