Սառեցված է. ըստ վերլուծաբանների` վաշինգտոնյան գագաթնաժողովը չի կարողանում խթանել հայ-թուրքական հարաբերությունները
Մասնագետների կարծիքով՝ Հայաստանի նախագահ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպումը Վաշինգտոնում անցել է լարված մթնոլորտում: ԱՄՆ-ում գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, ըստ վերլուծաբանների, անցել է բավական սառը և լարված: «Հանդիպումից հետո հնչած հայտարարությունները վկայում են, որ որևէ առաջընթաց տեղի չի ունեցել, և տարաձայնությունները դեռ առկա են, իսկ գործընթացը սառեցված է»,- «ԱրմենիաՆաուին» ասում է թուրքագետ, վերլուծաբան Արտակ Շաքարյանը: Ըստ Շաքարյանի` գործընթացի ժամանակավոր սառեցումը նշանակում է մոտ 2-3 տարով սառեցում, քանի որ հաջորդ տարի Թուրքիայում են [խորհրդարանական] ընտրություններ, 2012-ին և 2013-ին` Հայաստանում [խորհրդարանական և նախագահական]: «Իսկ այդ նախընտրական շրջանում թե´ Հայաստանը և թե´ Թուրքիան ձեռնպահ կմնան մերձեցման ուղղությամբ որևէ քայլ անելուց` խուսափելով հասարակության դժգոհությունից ու քննադատություններից»,- կարծում է Շաքարյանը: Դեռևս մինչև վաշինգտոնյան հանդիպումը քաղաքական գործիչները պնդում էին, որ սպասելիքները մեծ չեն, և դրանից շահելու է միայն Թուրքիան, նույնը պնդում են նաև այսօր: «Մենք մինչև հանդիպումն էլ զգուշացնում էինք, որ այն պարզապես պատրվակ է դառնալու Օբամայի համար` [ապրիլքսանչորսյան ուղերձում] խուսափելու «ցեղասպանություն» բառից: Այդ պատրվակն այսօր կա, և Թուրքիան այդ առումով շահել է»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը: Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնի Ջորջ Մեյսն համալսարանում հայտարարել էր, թե «պատմությունը խորհրդարաններում չի գրվում», «այն չի կարող դառնալ խորհրդարանների դատապարտման առարկա», ուստի «խորհրդարանների կայացրած որոշումները Հայաստանին օգուտ չեն բերի»: Նույն օրը` ապրիլի 12-ին, նախագահ Սարգսյանը Վաշինգտոնի Մայր տաճարում ունեցած իր ելույթում ասել էր, որ «Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի և հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա»:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.