Ուղերձ Բաքվից. Ադրբեջանի նախագահն անդրադառնում է հայ-թուրքակական հարաբերություններին

Ուղերձ Բաքվից. Ադրբեջանի նախագահն անդրադառնում է հայ-թուրքակական հարաբերություններին

Ֆոտոլուր

«Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը այդ երկու պետությունների գործն է։ Որևէ մեկը չպետք է միջամտի այդ գործընթացին»,- նման աննախադեպ հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` չորեքշաբթի, ապրիլի 14-ին կայացած Ադրբեջանի Նախարարների խորհրդի նիստում:

Ադրբեջանի պետական հեռուստաալիքով հեռարձակվող նիստի ընթացքում Ալիևը հարցրել է, թե «ինչո՞ւ է միջազգային հանրությունը փորձում փրկել Հայաստանին, ինչո՞ւ է փորձում, Հայաստանին շնչելու օդ տալու համար, բացել հայ-թուրքական սահմանը»:

Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Ադրբեջանի նախագահն ասել է, թե միջազգային հանրությունն «անտարբերություն է ցուցաբերում Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի փաստի հանդեպ»:

«Ինչպե՞ս կարող ենք գնահատել ստեղծված իրավիճակը, եթե մեր շահերն անտեսվում են, աչք են փակում մեր տարածքների օկուպացիայի վրա։ Փոխարենը` հազար ու մի ջանք է գործադրվում ագրեսոր պետությանը տնտեսական ծանր կացությունից դուրս բերելու համար»,- նշել է Ադրբեջանի նախագահը:

Նման դիրքորոշումը 2008 թ. «ֆուտբոլային դիվանագիտությունից» ի վեր աննախադեպ է թե´ Թուրքիայի և թե´ Ադրբեջանի կողմից, որոնք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը մշտապես շաղկապել են ղարաբաղյան հակամարտության հետ:
Ըստ հայաստանյան վերլուծաբանների` նման «ռացիոնալ» հայտարարությունը ցույց է տալիս, որ «Ադրբեջանը հասկանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ իր քայլերի անհեռանկարային լինելը»:

«Վերջերս Ադրբեջանին ուղղված լուրջ մեսիջներ եղան թե´ ԱՄՆ-ից և թե´ եվրոպական երկրներից` հասկացնելով, որ չեն հանդուրժելու Ադրբեջանի շանտաժները,- «ԱրմենիաՆաուին» ասում է ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: - Ադրբեջանի շանտաժային քաղաքականությունը հասավ գագաթնակետին, երբ սկսեց տապալել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ քաղաքականությունը»:

Ըստ Սաֆարյանի` Ադրբեջանի դեմ ուղղված լուրջ քայլ էր Ալիևի ահռելի կարողության վերաբերյալ ծավալուն հոդվածի հրապարակումը «Վաշինգտոն փոստ»-ում (մարտի 8-ին)», մեկ այլ քննադատական ուղերձ էր Վաշինգտոնում կայացած գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին Ադրբեջանին չհրավիրելը:

«Այս քայլերն ակնհայտ ընդգծեցին, որ ԱՄՆ-ն զայրացած է, և Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այս ամենը պատահականությունների շարք չէ, և հարկադրված է հասկանալ, որ իր խաղն անհեռանկար է»,- պարզաբանում է Սաֆարյանը:

Մինչ Ալիևը որոշակի փոփոխություններ է մտցնում իր դիրքորոշման մեջ, Թուրքիան շարունակում է շաղկապել ղարաբաղյան հարցը հայ-թուրքականի հետ:

«Հիշեցնենք, որ 1993-ին սահմանները փակվեցին, երբ ադրբեջանական հողերը օկուպացվեցին: Այժմ ցանկանում ենք դա շտկել»,- չորեքշաբթի Վաշինգտոնից Թուրքիա վերադառնալիս Անկարայի օդանավակայանում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` առաջարկելով. «վերադարձնել Աղդամ և Ֆիզուլի շրջանները», որի դիմաց իրենք [Թուրքիան] պատրաստ կլինեն բացել սահմանը:
ԱրմենիաՆաուի էջերում