Մարտի 1-ի գործը. զոհերի հարազատները հետաքննություն են պահանջում
2010 թ. մարտի 1-ի հանրահավաք՝ ի հիշատակ երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերի, որի հետևանքով 10 մարդ զոհվեց, իսկ շատերն էլ վիրավորվեցին: Տասը զոհերից 9-ի հարազատներն են դիմել դատարան` 4 առանձին խումբ բողոք-դիմումներով, որոնք առանձնացվել են ըստ սպանությունների առանձնահատկությունների: Դատարան չի դիմել միայն ոստիկանության կապիտան 30-ամյա Համլետ Թադևոսյանի ընտանիքը: Զոհվածների ընտանիքները դեռ նախորդ տարվանից հայտարարում էին, որ դիմելու են Եվրոպական դատարան` պարտադրելու իշխանություններին օբյեկտիվորեն քննել իրենց որդիների գործերը: Այսօր էլ նրանք համոզված են, որ հայաստանյան դատարաններում հաջողության չեն հասնելու, և հույսը միջազգային ատյաններն են: «Սպանությունների համար որևէ գործ չի հարուցվել, որևէ մեկն առայսօր պատասխանատվության չի ենթարկվել [սպանությունների համար], պատշաճորեն չի քննվել ոչ մի սպանության գործ, և դատախազությունն այս անգործության համար պատասխանատու է»,- «ԱրմենիաՆաուին» ասում է իրավահաջորդների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը: 18-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանը մահացել էր դեպքից մեկ ամիս անց հիվանդանոցում` ըստ դատաբժշկական եզրակացության` պարանոցային ողների հրազենային վնասվածքից «ողնուղեղը ջնջխվել էր»: Մինչդեռ նրա մայրը` Ռուզաննա Հարությունյանը, պնդում է, որ որդին զրահաբաճկոնով է եղել, և հրազենի գնդակը դիպել է նրա մարմնի միակ բաց` պարանոցի 3 սմ հատվածին: «Ինչպե՞ս պատահեց, որ էդ քյոռ գյուլլան կպավ հենց 3 սմ հատվածին, երկաթե գլխարկով է եղել ու զրահաբաճկոնով: Եթե պարզեն, թե ինչ հեռավորությունից է եղել կրակոցը, ինչը մասնագետներն ասում են, որ բոլորովին էլ դժվար չի պարզելը, կիմանանք, թե ով ա խփել` աֆիցե՞րը, սնայպե՞րը, թե՞ ցուցարարը: Դա շատ կարևոր ա, իսկ իրենց համար միակ կարևորությունը գործը փակելն ա»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Հարությունյանը: Սպանվածների բոլոր հարազատները պնդում են, որ դատախազությունը գործերը քննելու համար լուրջ միջոցներ չի ձեռնարկել: Սպանության գործով միակ մեղադրանքն առաջադրվել է (թեև դեռ պատասխանատվության չեն ենթարկվել) «Չերյոմոխա-7» հատուկ միջոցը կիրառած չորս ոստիկանների նկատմամբ, սակայն ոչ թե սպանության, այլ հատուկ միջոցի սխալ կիրառման համար, ինչը, ըստ փաստաբանների, չափազանց մեղմ մեղադրանք է և «գործը կոծկելու ակնհայտ միտում»: «Ոչինչ չի պարզվել, ասենք` բոլորովին դժվար չէր պարզել ոստիկանների գտնվելու վայրը: Եթե այս դատարաններում էլ որևէ բան չպարզենք, ապա կդիմենք Եվրոպական դատարան, բայց գնալու ենք մինչև վերջ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է «Չերյոմուխա-7»-ի զոհ դարձած 28-ամյա Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.