Միավորում հանուն կարգավորման. ՀԿ-ները համաձայնել են միասին աշխատել ի նպաստ հայ-թուրքական հարաբերությունների

Միավորում հանուն կարգավորման. ՀԿ-ները համաձայնել են միասին աշխատել ի նպաստ հայ-թուրքական հարաբերությունների

Ֆոտոլուր

Չորս ՀԿ-ների կարծիքով՝ «միասին ավելի հեշտ է անցնել հարաբերությունների կարգավորման բարդ ուղին»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու հայտարարությունից օրեր անց Հայաստանի չորս ՀԿ-ներ պատրաստակամություն են հայտնել նպաստելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:


«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը և Երևանի մամուլի ակումբը այդ հարցի կապակցությամբ Հուշագիր են ստորագրել:

«Միավորման փաստն ինքնին ուրախալի է, քանի որ Հայաստանում ՀԿ-ներն ավելի հաճախ միմյանց հետ մրցակցում են, քան համագործակցում»,- ասում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

Ըստ Գաբրիելյանի` բոլոր կազմակերպությունները Թուրքիայում կապեր ունեն այլ ՀԿ-ների հետ և, միավորվելով, հնարավոր կլինի աշխատել մոտ 150 թուրքական կազմակերպությունների հետ:

Կազմակերպությունների ղեկավարները նախատեսում են կազմակերպել համատեղ վերլուծություններ հայ-թուրքական հարաբերությունների տարբեր ոլորտների վերաբերյալ, քննարկումներ և այլ համատեղ ծրագրեր:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ հավաստիացնում է, որ «միասին ավելի արագ կանցնեն հարաբերությունների խրթին ճանապարհը»:

«Մեր միությունը 1997 թ. իր կազմում ստեղծել է հայ-թուրքական կոմիտե, իսկ նախորդ տարի էլ Ստամբուլում բացեցինք միության ներկայացուցչություն, որը հետագայում կնպաստի լուծելու հայկական ապրանքների` Թուրքիա արտահանման խնդիրը»,- ասում է Ղազարյանը:

«Թուրքիայի հասարակությունը խիստ բազմաշերտ է և քաղաքացիական նախաձեռնություններով պետք է ձևավորել այն կորիզը, որը հետագայում կազդի թուրքական իշխանությունների վրա»,- ամփոփում է Ղազարյանը:

ԱրմենիաՆաուի էջերում