Նոր Օպերա՞. ոստիկանությունն արգելել է նորաբաց Ազատության հրապարակում հանրահավաքի փորձը

Նոր Օպերա՞. ոստիկանությունն արգելել է նորաբաց Ազատության հրապարակում հանրահավաքի փորձը

Ֆոտոլուր

ՀԱԿ-ի ներկայացուցիչներից մեկին ոստիկանական մեքենա նստեցնելիս՝ Ազատության հրապարակի մոտ:

Կիրակի`մայիսի 30-ին, Հայ ազգային կոնգրեսի վեց ներկայացուցիչներ, որոնք արդեն երրորդ օրն է` ինչ փորձում էին նորաբաց Ազատության հրապարակում նստացույց անցկացնել, բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ նրանց «հորդորել են ու խնդրել հավաքվել քաղաքի ցանկացած մասում, բացի Ազատության հրապարակից»:


Ազատության հրապարակը երկու տարով փակվել էր, մինչ կառուցվեց ստորգետնյա ավտոկայանատեղին: Ընդդիմադիրները պնդում էին, որ հրապարակը քաղաքական հանրահավաքները կանխելու նպատակով էր փակվել: Ընդդիմությունը հրապարակը ճամբարի էր վերածել 2008 թ. նախագահական ընտրություններից հետո մինչև ոստիկանության ուժերի հետ մարտմեկյան բախումները, որին զոհ գնաց 10 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, տասնյակ մարդիկ ձերբակալվեցին:

Անցյալ շաբաթ հրապարակի բացումից հետո նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին փորձել է հայտնի վայրն օգտագործել որպես բողոքի էպիկենտրոն` պահանջելով ազատ արձակել հետընտրական բախումների առնչությամբ բանտարկյալներին:

Նախօրեին ոստիկանություն տարված և երեք ժամ այնտեղ պահված Տիգրան Առաքելյանն ասում է, որ ոստիկանության միակ խնդիրն այն է, որ ցուցարարները հանրահավաքներ չանցկացնեն Ազատության հրապարակում:

«Մեզ ոչինչ չէին ասում, միայն խնդրում էին, աղաչում էին, որ Ազատության հրապարակում չհավաքվենք:
Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Աշոտ Կարապետյանը մեզ ասում էր. «Եթե ես անձամբ եմ եկել ձեզ տանելու, եթե անձամբ եմ խոսում ձեզ հետ, ուրեմն ամեն ինչ շատ լուրջ ա, ուրեմն վերևից ա հրամանը»,-«ԱրմենիաՆաուին» ասում է ՀԱԿ-ի երիտասարդական թևի անդամ Առաքելյանը:

Ոստիկանությունից հրաժարվեցին մեկնաբանություն տալ «ԱրմենիաՆաուին», միայն հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց. «Եթե ցուցարարներին բերման են ենթարկել, ուրեմն նրանք խախտել են հասարակական կարգը»:

Ընդդիմությունը պնդում է, որ իրենք որևէ կարգ չեն խախտում և ասում են, որ ամեն օր երեկոյան ժամը 6-ից հավաքվելու են Ազատության հրապարակում:

ԱրմենիաՆաուի էջերում