Խորհրդարանը մեկնում է ամառային արձակուրդ, օտարալեզու դպրոցների մասին վիճահարույց օրենսդրական փաթեթի քննարկումը կշարունակվի

Խորհրդարանը մեկնում է ամառային արձակուրդ, օտարալեզու դպրոցների մասին վիճահարույց օրենսդրական փաթեթի քննարկումը կշարունակվի

Ֆոտոլուր

Ազգային ժողովն ավարտեց գարնանային նստաշրջանը:

Հինգշաբթի երեկոյան ավարտվեց ՀՀ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին քառօրյան, որի ընթացքում բուռն քննարկվեցին վիճահարույց երկու թեմաներ:


Հայ պատգամավորները հատկապես երկար քննարկեցին (որն առնվազն մեկ կուսակցության կողմից ուղեկցվեց ինչ-որ իմաստով օբստրուկցիոնիզմով) հասարակության լայն զանգվածների հավանությանը չարժանացած «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է Հայաստանում վերաբացել սահմանափակ թվով օտարալեզու դպրոցներ:

Վերջին շաբաթներին օրենսդրական փաթեթի առնչությամբ դժգոհության ալիք են բարձրացրել տարբեր հասարակական խմբեր, քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ և շատ մտավորականներ, որոնք մտավախություն ունեն, թե հայերենի` որպես պետական լեզվի սահմանադրական կարգավիճակը կնվազի:

Արձագանքելով հասարակական դժգոհությանը` կառավարությունը կատարել է մի շարք փոփոխություններ քննարկման ներկայացրած օրինագծի վերջնական տարբերակում: Մասնավորապես` տարրական դպրոցներում առարկաները կդասավանդվեն առաջվա նման` հայերեն: Իսկ օտարալեզու դպրոցների թիվը չի անցնի 15-ը, որոնցում հայերենին առնչվող այնպիսի առարկաներ, ինչպիսիք են հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաները, կդասավանդվեն հայերեն: Օտարալեզու դպրոցները չեն օգտվի նաև պետական ֆինանսավորումից: Սակայն նույնիսկ այդ քայլից հետո ընդդիմախոսները դժգոհում են` ասելով, որ իրենց մտավախությունները չեն փարատվել: Նրանք նաև վիճարկում են օտարալեզու դպրոցների վերաբացմանն առնչվող կառավարության կողմից հաճախ առաջ քաշվող այն բացատրությունը, թե այդ դպրոցները կնպաստեն Հայաստանի կրթական մակարդակի բարձրացմանը:

Մինչ ԱԺ-ն քննարկում էր այս հարցը, ՀՀ կառավարության նիստերի դահլիճի դիմաց (մայիսի 17-ից ԱԺ նիստերն անցկացվում են այստեղ, քանի որ ԱԺ դահլիճը վերանորոգվում է) «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը հերթական ցույցն էր կազմակերպել։ Ցուցարարների շարքերում էին մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, երիտասարդական կազմակերպության անդամներ, որոնք, բացառությամբ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների, մյուսներին դիմավորում էին «Ամո´թ», «Դավաճա´ն», «Եթե կողմ ես, հեռացի´ր», «Կրթությունը՝ հայերեն» և այլ բացականչություններով:

Չորեքշաբթի իր մամլո խոսնակի միջոցով օտարալեզու դպրոցներին վերջապես անդրադարձավ նաև ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր, որ միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոցների բացումը հնարավորություն կտա օժտված երեխաներին ոչ թե բռնելու օտարության ճամփան, այլ Հայաստանում լիարժեք կրթություն ստանալու:

Հետաքրքրական է, որ օրինագծին դեմ «Ժառանգություն» խմբակցությունը կարողացավ սկզբում ձախողել ԱԺ նիստը` երկու անգամ 20 րոպեանոց ընդմիջումներ վերցնելով: Ընդդիմադիր պատգամավորների ելույթներում շեշտվում էր, որ Հայաստանում հանրակրթության մակարդակը ցածր է, իսկ օտարալեզու դպրոցները հասարակական նոր շերտավորումների սկզբնավորման հնարավորություն կստեղծեն:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ մասնավոր օտարալեզու դպրոցները հանրակրթության ոլորտը շուկայական հարաբերությունների բնագավառ կտեղափոխի: Անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանն էլ այն կարծիքն է, որ օտարալեզու դպրոցներ բացելով` երկրի հանրակրթական մակարդակը չի բարձրանա, իսկ ազգային ինքնության ձևավորման համար կարևոր են դպրոցն ու ընտանիքը:

Ի հետևանս` օրենքի քննարկումը կշարունակվի ԱԺ արտահերթ նիստում, ամենայն հավանականությամբ` հունիսի 21-22-ին:

Ի տարբերություն այս օրինագծի` ժամը 18:30-ին ԱԺ-ն արտահերթ նիստում 73 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները: Առաջարկված փոփոխությունները նպատակ ունեն կարգավորելու Հայաստանում հեռուստահեռարձակման թվայնացումը, որը պիտի ավարտին հասցվի մինչև 2013 թվականի հուլիսը: Սակայն լրագրողական մի շարք կազմակերպություններ և ընդդիմադիրները պնդում են, որ իշխանությունները ջանում են երկարաձգել հեռուստառադիոհեռարձակման նկատմամբ իրենց վերահսկողությունը: Նոր օրենքով ավելի են խստացվում թվային հեռարձակման լիցենզիա ձեռք բերելու պայմանները, և կրճատվում են հեռուստաընկերությունների թիվը` 22-ից դառնալով 18:

Իսկ սեպտեմբերին, երբ կսկսվի ԱԺ աշնանային նստաշրջանը, պատգամավորները հնարավորություն կունենան վայելելու ժամանակակից տեխնիկայով հագեցած, ձևաձև, երկու հարկից բաղկացած և 480 մլն դրամով (մոտ 1 մլն 300 հազար դոլար) վերանորոգված ԱԺ նիստերի դահլիճը:
ԱրմենիաՆաուի էջերում