Վերջին զարգացումները և հայտարարությունները երևան հանեցին հայաստանյան ընդդիմադիր դաշտում առկա տարաձայնությունները

Վերջին զարգացումները և հայտարարությունները երևան հանեցին հայաստանյան ընդդիմադիր դաշտում առկա տարաձայնությունները

Ֆոտոլուր

Լևոն Զուրաբյան (ձախ), Կարեն Կարապետյան

Այս շաբաթ հայաստանյան ընդդիմադիր դաշտում տեղի ունեցած զարգացումները երևան հանեցին ընդդիմադիրների շարքերում առկա տարաձայնությունները: Սակայն ՀՀ առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչներն ասում են, որ առկա տարաձայնությունները լուրջ ազդեցություն չեն ունենա ընդդիմության գործունեության վրա:


Երկուշաբթի տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանի առաջին նախագահի և ներկայիս ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակից կուսակցության` Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հրաժարական է տվել:

Սակայն ՀՀՇ մամուլի քարտուղար Կարեն Կարապետյանը տարածեց հայտարարություն, որում նշվում էր, որ Արարատ Զուրաբյանն առաջարկել է քննարկման դնել իրեն վստահություն հայտնելու հարցը:
Վարչությունը հրաժարվել է օրակարգում ընդգրկել հարցը` դրանով ապացուցելով, որ վստահության խնդիր չկա:

«Այս պահին կուսակցութան փաստացի և իրավաբանական ղեկավարն Արարատ Զուրաբյանն է»,- հայտարարել է Կարապետյանը:

Այս շաբաթ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության անդամ Խաչատուր Քոքոբելյանը նույնպես հրաժարականի դիմում է ներկայացրել` ավելի մեծ հարցականի տակ դնելով Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցների համախմբվածությունը:

«Խաչատուր Քոքոբելյանը որոշակի տարաձայնություններ է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղաքական գծի վերաբերյալ, ինչի մասին արտահայտվել է հրապարակավ: Մասնավորապես, միշտ կողմ լինելով ավելի բաց և թափանցիկ քաղաքականության` Քոքոբելյանն առաջարկել է ընդդիմության անորոշ քաղաքական ուղեգիծը փոխարինել ավելի կոնկրետ, որոշակի և վճռական գործողություններով»- հայտարարել է Կարապետյանը` հավելելով, որ Քոքոբելյանը դիմում է ներկայացրել միայն կուսակցության վարչությունից դուրս գալու վերաբերյալ, որը վարչությունում չի քվեարկվել և ընդամենն ընդունվել է ի գիտություն:

«Ինչ վերաբերում է կատարվածի առնչությամբ տարբեր ասեկոսեներին, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են այն հանգամանքով, որ ի դեմս Քոքոբելյանի՝ որոշակի անձինք լուրջ քաղաքական մրցակից են տեսնում»,- նշել է Կարապետյանը:

Մեկնաբանելով Քոքոբելյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը` Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Այն, ինչ այսօր անում է Հայ ազգային կոնգրեսը, վայելում է դրա մաս կազմող 18 կուսակցությունների, այդ թվում` Հայոց համազգային շարժման լիակատար աջակցությունը»։

«Որևէ խնդիր ՀՀՇ-ի հետ չունենք, չենք ունեցել և չենք ակնկալում»,- նշել է Զուրաբյանը` հավելելով, որ կան առանձին կուսակցություններ, որոնք հարցեր բարձրացրել են Կոնգրեսի մարտավարության վերաբերյալ, բայց Հայոց համազգային շարժումը նման կուսակցությունների թվին չի դասվում:

Սակայն մեկ այլ ընդդիմադիր կուսակցության ղեկավար ափսոսանքով է խոսում Տեր-Պետրոսյանի ճամբարում առկա տարաձայնությունների մասին:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, անդրադառնալով Քոքոբելյանի հրաժարականին, ասում է. «Տարօրինակ և ցավալի եմ համարում Քոքոբելյանի հրաժարականը։ Դա նշանակում է, որ խնդիր կա: Չեմ ուզում հավատալ շրջանառվող հերյուրանքներին, քանի որ անպարկեշտ է ինֆորմացիոն կեղտ բռնել այն դեպքում, երբ այդ մարդը դեռ չի մեկնաբանել իր ինքնահրաժարականի փաստը»:

Իսկ «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում է հուլիսի 10-ին նախատեսված կուսակցության համագումարին, որի ընթացքում կկազմավորվի նոր վարչություն: Կուսակցությունը պատրաստվում է նաև հերթական ընտրություններին, որի առնչությամբ ավելի վաղ խոսել էր Սաֆարյանը` մեկնաբանելով դրա շուրջ պտտվող ասեկոսեները:

«Առաջիկա նախագահական ընտրություններում, լինի արտահերթ թե հերթական, «Ժառանգության» թեկնածուն չի լինելու [նախկին արտգործնախարար] Վարդան Օսկանյանը, «Ժառանգությունը» չի պատրաստվում համագործակցել ԲՀԿ-ի հետ` [ՀՀ նախկին նախագահ] Քոչարյանի վերադարձին նպաստելու համար, ինչպես նաև «Ժառանգությունը» չի միավորվելու ՀՅԴ-ի հետ»,- ասում է Սաֆարյանը:

«Ժառանգությունը» կարծում է, որ ՀՀ-ում օր առաջ պետք է իշխանափոխություն կատարել:

«Պրոցես, որպես այդպիսին, որը կբերի արտահերթ ընտրությունների, ես չեմ տեսնում: Ես հստակ տեսնում են այն հիմքերը, որոնք կարող են բերել արտահերթ ընտրությունների` մարդու իրավունքների ոտնահարումներ, սոցիալական վիճակ, խոսքի ազատության բացակայություն, [2008 թ. ] մարտի 1-ի [հետընտրական բախումները], չբացահայտված մի շարք այլ սպանություններ և այլն»,- ասում է կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

ԱրմենիաՆաուի էջերում